▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը զանգահարել է Ալիևին

2026թ. օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի առիթով, որի ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատվեց խաղաղություն, ինչպես նաև նախաստորագրվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը։

Կողմերը հատկապես նշել են նախագահ Դոնալդ Թրամփի և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության կարևոր դերը խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում։

Կողմերը նշել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված առաջընթացը։

Զրույցի ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը՝ որպես խաղաղության օգուտների շոշափելի դրսևորում։ Այս համատեքստում, կողմերը նշել են ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, ինչպես նաև տարանցիկ բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից դեպի այլ ուղղություններ։

Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել TRIPP երթուղու իրականացման վերաբերյալ՝ համաձայն Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների։

Կողմերն ընդգծել են խաղաղության գործընթացի առաջմղման և տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, կապակցվածության և տնտեսական համագործակցության ապահովման ջանքերը շարունակելու կարևորությունը։

***

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը  ֆեյսբուքյան իր էջում  գրել էր․  «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, մեկ տարի առաջ այս օրը` 2025 թվականի օգոստոսի 8-ին, նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ և մասնակցությամբ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում` Սպիտակ տանը, հրավիրված եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվեց։
Հիմա արդեն օգոստոսի 8-ի հանդիպումն անվանում ենք Խաղաղության գագաթնաժողով, իսկ այնտեղ իմ և Ադրբեջանի նախագահի ընդունած համատեղ հռչակագիրը, որ որպես վկա ստորագրեց նաև ԱՄՆ նախագահը, Խաղաղության հռչակագիր։
Այս անվանումները լիարժեք արտահայտում են այն արդյունքը, որ բերեց 2025 թվականի օգոստոսի 8-ը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը տեսանելի և զգալի է բոլորին։
2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի քաղաքացիները ոչ միայն վստահության քվե տվեցին խաղաղությանը, այլեւ տեր կանգնեցին խաղաղությանը։ Սա, իհարկե, չի նշանակում, թե խաղաղության օրակարգի իրացման ճանապարհին վերջնական հանգրվանի ենք հասել։
2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգթոնում երեք ղեկավարների ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների կողմից նախաստորագրված «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը» սպասում է իր ստորագրմանն ու վավերացմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը դեռ պետք է տեղի ունենա, մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը։
Բայց ակնհայտ է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և Հայաստանի Հանրապետության պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի։ 2025 թվականի օգոստոսի 8-ից առաջ մեր պետությունը փակուղու մեջ էր, իսկ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո մեր առաջ բացվել են անծայրածիր հեռանկարներ, որոնցից օգտվել-չօգտվելը կախված է մեր հավաքական կամքից, մեր իմացությունից ու աշխարհն ու մեր պատմությունը սովորելու մեր ընդունակությունից։
Հենց սրանում է Վաշինգթոնի խաղաղության գագաթնաժողովի մեծագույն քաղաքական եւ սոցիալ-հոգեբանական արդյունքը․ մեր պատմության ղեկը կրկին հայտնվել է մեր ձեռքում։ Սա չի նշանակում, թե ճանապարհը կատարյալ է և առանց վտանգների, սա նշանակում է, որ մեր որոշումներն են մեր հետագա ճակատագիրը կանխորոշող առաջնային գործոնը, ու սա պատմական շրջադարձ է։
Նախորդող շրջանը և Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները գալիս են համոզելու՝ մենք կարող ենք, մենք ի վիճակի ենք՝ որպես պետություն և ժողովուրդ, տե՛ր կանգնել մեր ճակատագրին, և սրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ ու յուրաքանչյուրիդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ։
Վաշինգթոնի Խաղաղության գագաթնաժողովի կարևորագույն արդյունքներից է «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) նախագիծը, որը ոչ միայն Հայաստանի ապաշրջափակմանը վերջ է դնելու շատ մոտ ապագայում, ոչ միայն դառնալու է Հայաստանի ու տարածաշրջանի տնտեսության առանցքը, այլև օգնելու է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար սկսեն ընկալել ոչ թե որպես խոչընդոտ, այլ որպես ճանապարհ, որպես դրացի։ Առաջիկայում մենք կսկսենք TRIPP նախագծի գործնական իրականացումն ու սա դառնալու է տարածաշրջանային ու միջազգային մեծ իրադարձություն։
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության էջը փակված է, խաղաղությունը հաստատված է, և այն ահա ձեր աչքի առջև է, ձեր կյանքն է ու առօրյան։ Որևէ խաղաղություն հաստատելը հեշտ չէ, հեշտ չի եղել նաեւ մեր խաղաղության հաստատումը։ Բայց ցանկացած խաղաղությունը փլուզելն ու ի չիք դարձնելը չափազանց հեշտ է և դա կարելի է անել շատ արագ, ու հարց է` այդ պարագայում կհաջողվի արդյոք 35 տարի անց նորից հաստատել խաղաղություն։
Այսօր շատերը՝ ոմանք նպատակադրված, ոմանք էլ ակամա, գործում են խաղաղությունը փլուզելու տրամաբանությամբ, և այս գործունեությունը երբեմն քողարկվում է բարեհունչ կամ «հայրենասիրական» ծխածածկույթի ներքո։ Ուզում եմ ասել առանց սեթևեթանքի՝ խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» և «Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի» իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի և արևմտաադրբեջանցիների վերադարձի» իրավունքի մասին խոսույթները չշարունակելը։
Սա հարց է, որը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հասցեագրելու անհրաժեշտություն կա՝ հանուն մեր սերունդների խաղաղ համակեցության իրավունքի։ Սա է այն իրավունքը, որ մենք այսօր պետք է առարկայացնենք և հետապնդենք, և պետք է կարողանանք հաղթահարել սրան հակասող որևէ խոսույթ։
Ես նախագահ Թրամփին շնորհակալություն եմ հայտնում այս խաղաղության հաստատման գործում իր ներդրած անուրանալի ջանքի համար։
Հայաստանի ժողովրդին շնորհավորում եմ օգոստոսի 8-ի առիթով։
Ադրբեջանի ժողովրդին շնորհավորում եմ օգոստոսի 8-ի առիթով։
Վերջապես ունենք մի օր, որ խաղաղեցնում և ոչ թե բորբոքում է մեզ։
Եւ թող խաղաղությամբ ննջեն հակամարտության բոլոր զոհերը։ Այլևս երբեք։
Կեցցե՛ խաղաղությունը»։

***

Կարդացեք նաև՝ լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է իջեցնել զիջումների նշաձողը․
Նիկոլ Փաշինյանը գրել է․ «Մեկ տարի առաջ այս օրը՝ 2025 թվականի օգոստոսի 8–ին նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ և մասնակցությամբ Վաշինգթոնում՝ Սպիտակ տանը, հրավիրված եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվեց»։ Կեղծված ընտրություներով, վարչական, պետական ռեսուրսների անխնա օգտագործմամբ անգամ ընտրողների քվեների 50 տոկոսին չարժանացած Նիկոլ Փաշինյանը նշել է ընտրողների վստահության քվեն ստանալու մասին․ «2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի քաղաքացիները ոչ միայն վստահության քվե տվեցին խաղաղությանը, այլև տեր կանգնեցին խաղաղությանը։ Սա, իհարկե, չի նշանակում, թե խաղաղության օրակարգի իրացման ճանապարհին վերջնական հանգրվանի ենք հասել»։ Նա հավելել է, որ Վաշինգթոնի Խաղաղության գագաթնաժողովի կարեւորագույն արդյունքներից է «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության» (TRIPP) նախագիծը, որը ոչ միայն Հայաստանի ապաշրջափակմանը վերջ է դնելու շատ մոտ ապագայում, ոչ միայն դառնալու է Հայաստանի ու տարածաշրջանի տնտեսության առանցքը, այլեւ օգնելու է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար սկսեն ընկալել ոչ թե որպես խոչընդոտ, այլ որպես ճանապարհ, որպես դրացի։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բառ չի գրել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան, սահմանամերձ տարածքի 250 քառակուսի կիլոմետրի օկուպացիայի մասին, սակայն շարունակել է իջեցնել Ադրբեջանին արվող զիջումների նշաձողը, հավասարության նշան է դրել արցախցիներիր իրենց հայրենքի վերադարձի և «Արևմտյան Ադրբեջանի և արևմտաադրբեջանցիների վերադարձի» իրավունքի միջև։
44-օրա պատերազմից 6 տարի անց Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չի կնքել, շարունակում է զինվել, զորավարժությունենր անցկացնել, ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջանի և արևմտաադրբեջանցիների վերադարձի» ծրագիրը, հայատյացություն է տարածում, իսկ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբում է, տևական հրադադարը որպես կայացած խաղաղության ներկայացնելով, դրանով բթացնում է հայաստանցիների ու հայերի զգոնությունը»։

***

Քաղաքագետ Արա Պողոսյանն էլ  ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ադրբեջանական հնարված «արևմտյան ադրբեջան» խոսույթը թե՛ գիտական, թե՛ բարոյական և թե՛ քաղաքական առումով անհամեմատելի (ոչ անալոգային) է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի հետ։ Բազմիցս ասել ենք, որ եթե ադրբեջանական այս հնարված խուսույթին կա անալոգ, ապա դա բացառապես Նախիջևանից (պատմական հայրենիք), Սումգայիթից, Բաքվից, Գյանջայից, և մյուս շրջաններից հայերի բռնի արտաքսումն է, որն ուղեկցվել է աշխարհին հայտնի Բաքվի և Սումգայիթի կազմակերպված և ուղղորդված ջարդերով։ Ընդ որում, Հայաստանում ո՛չ միայն կազմակերպված և ուղղորդված ջարդեր չեն եղել, այլև չնչին հանցանքի համար (հիմնականում էմոցիաների վրա հիմնված` ադրբեջանական ջարդերից) մարդիկ են դատապարտվել և պատիժ կրել քրեակատարողական հիմնարկներում։ Իսկ Ադրբեջանում ջարդերի կազմակերպիչները հերոսացվել կամ իշխանություն են դարձել։ Հիշում եմ, որ իշխող ուժից առնվազն մեկ պատգամավոր (Վիլեն Գաբրիելյան, եթե ճիշտ եմ հիշում) հանդիսանում է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Հ/Կ ղեկավարը, հետևաբար պետք է որ տրամաբանական լիներ, որ գոնե Վիլեն Գաբրիելյանը իր ղեկավարած կազմակերպության հեղինակության համար պայքարեր, որպեսզի «արևմտյան ադրբեջան» հնարված խուսույթի անալոգը Լեռնային Ղարաբաղի փոխարեն իրավացիորեն անալոգ ներկայացվեր Գարդման-Շիրվան-Նախիջևան և սրան հավելած` Ադրբեջանի մյուս շրջաններից բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքի հարցը։
Երկրի վարչապետի մակարդակով Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը համեմատել այսպես կոչված ադրբեջանցիների իրավունքների հետ, արդեն իսկ ապագա կոնֆլիկտի հիմք է։
Ադրբեջանն հենց այդ մղմամբ է փորձում այս թեզը միջազգային հարաբերությունների օրակարգի բերել և այստեղ որևէ կապ չունի ԼՂ հայերի վերադարձի իրավունքը, այն ընդամենը պատրվակ է ու ժամանակը դա կապացուցի։
Մի բան հստակ է` այսպիսի անհիմն, և թշնամական պահանջներով համեմված գործարքը ծնելու է ապագայում ավելի մեծ, ավելի դաժան հակամարտություն, պարզապես այս անգամ` հայերի համար առավել վտանգավոր դիրքերում։
ԽՍՀՄ 70-ամյա քաղաքականությունն ուղղված էր ազգային խնդիրների, ու հատկապես` ԼՂԻՄ հիմնախնդրի կոնսերվացմանը (սառը համակարգային վիճակ), երբ արգելված էր խոսել ազգային իրավունքների մասին, սակայն գլոբալ ցանցումը (ԽՍՀՄ փլուզման նախընթաց իրականությունը) բացեց նոր ու արյունոտ հակամարտություն, որը գուցե ավելի դաժան էր, քան 1920-ականներին։
Հաջորդ ցնցումը` որպես համաշխարհային կարգերի փոփոխություն, անխուսափելի է, հատկապես Վեստֆալյան կարգերի էրոզիայի հետևանքով, ուստի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հերթական կոնսերվացումը առավել վտանգավոր հետևանքներ է առաջացնելու ապագայում։
Հ.Գ. Իսկ գուցե խաղաղությունն անշրջելի դարձնելու համար պետք է ընդհանրապե՞ս հայեր չլինեն, հարցրե՞լ եք Ադրբեջանի կարծիքը, եթե Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը հռչակել եք որպես կոնֆլիկտածին գործոն»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more