Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով Կրթության և գիտության նախարարությունը մշակել է դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգն ու ամփոփ ներկայացրել՝ նշելով, որ ռուսաց լեզվի տիրապետումը հանդիսանում է քաղաքացու մրցակցային առավելությունը բարձրագույն կրթություն ստանալիս և մասնագիտական հմտություններ ձևավորելիս: Արտադրության, գիտության, կրթության և մշակույթի վերածնունդն ու զարգացումը, ինչպես նաև համաշխարհային հանրության հետ Հայաստանի մասնակցությունը աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների դիմագրավմանն ու գործընթացների իրականացմանը մեր երկրում առաջացնում են հայ երիտասարդության կողմից ռուսաց լեզվի ազատ տիրապետումն ապահովելու խնդիր և անհրաժեշտություն:
Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանի կարծիքով՝ ոչ մի հայեցակարգով օտար լեզվի վիճակը բարելավել հնարավոր չէ.
«ՀՀ-ն պարտավոր է ունենալ կրթության զարգացման ծրագիր, մենք չունենք: Եվ, եթե օտար լեզուների դասավանդման համար ինչ-որ բան գրվի, որով կապահովվի որակը, այն ժամանակ կասեմ՝ ԱԺ-ն քննարկել, ընդունել է: Հիմա ուզում եմ հարցնել՝ պարո՛ն վարչապետ, բան ու գործ չունե՞ք: Դուք ձեր կառավարման համակարգը շտկեք: Ունենք պետական լեզու, սրան էլ հատուկ կարգավիճակ են ուզում տալ, ու հիմնավորում են, թե Լազարյան ճեմարանի տնօրենը եկավ, բողոքեց, որ ՌԴ եկող երեխաները վատ են տիրապետում ռուսերենին»:
Գրականագետ Դավիթ Գասպարյանի կարծիքով էլ՝ մենք ընդամենը կադրեր ենք պատրաստում, որ գնան Ռուսաստան:
Լեզվաբան Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ սա կրթական խնդիր չէ.
«Դարձանք ԵԱՏՄ անդամ, բազմաթիվ փորձեր եղան՝ ռուսերենին պետական կարգավիճակ շնորհելու համար, տեսան, որ դա ընդվզման ալիք է առաջացնում, փորձում են գործել այլ ձևերով»: