▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պահանջում ենք որակյալ մեկնաբանություն...Կոչ-պահանջ Հ1-ին

Կոչ-պահանջ` Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությանը

Ներքոշարադրյալի բովանդակությունն արտահայտում է Հայաստանի Հանրապետությունում եւ արտերկրում բնակվող հազարավոր հայ ֆուտբոլասերների տեսակետն ու պահանջը.
Կասկածից վեր է, որ ֆուտբոլը համարվում է աշխարհում թիվ 1 մարզաձեւը: Անհերքելի է, որ այս մարզաձեւն առաջինն է նաեւ մեր Հանրապետությունում: Հետեւաբար, ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը հսկայական է նաեւ հայ ֆուտբոլասերների շրջանում: Բացի համաշխարհային ֆուտբոլի անցուցադարձից, մենք ուշադրությամբ եւ հետաքրքրությամբ հետեւում ենք նաեւ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հանդիպումներին եւ մեր Ազգային հավաքականի ելույթներին: Հայաստանի Հանրային Հեռուստատեսությունը ցուցադրում է թե՛ մեր ներքին առաջնության խաղերը, եւ թե՛ մեր ընտրանու հանդիպումները, որի համար շնորհակալություն ենք հայտնում Առաջին ալիքի ղեկավարությանը: Սակայն, շնորհակալության բաժինն այսքանն է, թերեւս: Պարզաբանենք, թե ինչու՞: Բացի ֆուտբոլային խաղերը դիտելը, ֆուտբոլասերների համար առաջանային է նաեւ, թե ո՞վ է մեկնաբանում այս կամ այն հանդիպումը: Նոր մեկնարկած մրցաշրջանում հայկական ակումբների եվրագավաթային ելույթները Առաջին ալիքը հեռարձակում է, ինչը նույնպես ողջունելի է: Մասնավորապես, հեռարձակվել են Երեւանի «Ալաշկերտի» եւ «Ուլիսի» մասնակցությամբ՝ Եվրոպա Լիգայի շրջանակում, սեփական հարկի տակ կայացած երկու հանդիպումները: Անկեղծ պետք է լինենք եւ փաստենք, որ Ձեր Հեռուստաընկերության մեկնաբանները «լիովին համապատասխանում են» հայկական ակումբային ֆուտբոլի ներկա պատկերին: Եթե Ձեզ համար մեր ակումբային ֆուտբոլի ներկա պատկերը հրաշալի է եւ դրական, ապա, միգուցե, այսքանով կարելի է ավարտել մեր ասելիքը: Բայց, թերեւս, Դուք նույնպես կհամաձայնեք, որ մեր ակումբային ֆուտբոլի ներկայիս մակարդակը չի բավարարում նաեւ Ձեզ (եթե, իհարկե, տիրապետում եք այ ոլորտին): Գաղտնիք չէ, որ ֆուտբոլային հանդիպումների հեռարձակման ժամանակ հսկայական հեռուստալսարան ունենալու գլխավոր եւ հիմնական բաղակացուցիչներից է նաեւ մեկնաբանի գործոնը: Ի վերջո, հենց նա է օգնում հեռուստադիտողի ուշադրությունը
կրկնապատկելու, խաղին ավելի հետաքրքրությամբ, ավելի մոտիվացված, ավելի հաճելի հետեւելու դժվարին գործում: Հետեւաբար, մեկնաբանի ընտրությունը ոչ պակաս կարեւոր է, քան հանդիպման հեռարձակումն ապահովելը: Հանրային հեռուստատեսությունն ունեցել է որակյալ մեկնաբաններ, ովքեր կարողացել են իրենց ձայնի, հետաքրքիր ռեպորտաժ վարելու շնորհիվ, հեռուստաէկրանների մոտ պահել հազարավոր, ինչու չէ նաեւ, միլիոնավոր ֆուտբոլասերների: Անհասկանալի է, թե ո՞րն է Հանրային հեռուստատեսության ներկայիս ղեկավարության ներքին քաղաքականության տրամաբանությունը, երբ հեռուստաեթերից հեռացվում են ֆուտբոլասերների եւ հեռուստադիտողների կողմից սիրված եւ ընդունված ֆուտբոլային մեկնաբանները. Իսկ փոխարենը, ֆուտբոլային հանդիպումները մեկնաբանելը վստահվում է ակնհայտորեն ոլորտից անտեղյակ, ֆուտբոլը խորապես չիմացող, այս խաղի «ներքին խոհանոցին» չտիրապետող, 90 րոպե նյարդային լարվածության մեջ պահող, շարքային նախադասությունների հերթականությունը անվերապահորեն պահպանող, ֆուտբոլային ռեպորտաժը զավեշտի, պատմության դասերի վերածող մեկնաբաններին: Հայաստան-Պորտուգալիա՝ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպման մեկնաբանությունը վստահված էր Սլավա Սարգսյանին: Խոնարհվելով վերջինիս ներդրման, վաստակի առջեւ, չենք կարող չարձանագրել միեւնույն ժամանակ, որ նրա մեկնաբանությամբ հանդիպումները դիտելն արդեն պահանջում է հոգեբանական եւ նյարդային հատուկ պատրաստվածություն: 70-ական թվականները վաղուց պատմություն են դարձել, իսկ դրսում արդեն 21-րդ դարն է: Ֆուտբոլը փոխվել է, պետք է փոխվի նաեւ մեկնաբանության նկատմամբ մոտեցումը: Վերը նշված հանդիպմանը հաջորդեցին արդեն եվրագավաթային խաղերի հեռարձակումները, որոնք Ձեր ալիքի եթերում մեկնաբանում են Սլավա Սարգսյանը եւ Ալեքս Ենոքյանը: Միգուցե Դուք ապրում եք այլ իրականության մեջ, եւ Ձեզ հաճելի է լսել Ձեր մեկնաբանների ռեպորտաժները, բայց հավատացնում ենք, որ ֆուտբոլասերների հսկայական բանակի համար իրականությունն այլ է, եւ մենք չենք ցանկանում լսել նման մեկնաբանություն: Ներկայացնում ենք մի քանի մեջբերումներ՝ եվրագավաթային վերջին խաղերում Ձեր մեկնաբանների արտահայտություններից, որոնք, կարծում ենք, Ձեզ նույնպես ուրախության պահեր կպարգեւեն.

- Դարպասապահը ուշիմ էր: 
- Հարվածը անհաջող տեղին էր մրցակցի: 
- Ուլիսը Մալթայի թիմին (գոնե կարելի էր չմոռանալ «Բիրկիրկարայի» անունը՝ տվյալ թիմի խաղը մեկնաբանելիս) 0:2 հաշվով կրվում է: Ափսոս…եթե այսպես ավարտվի խաղը, ապա չենք կարողանա հանդիպել «Վեթ Հեմի» հետ եւ հաղթել նրան: 
- Մեր ֆուտբոլիստներին հիմա անհրաժեշտ են ավելի ստեղծագործական աշխատանքներ:

Սրանք ընդամենը պատառիկներն են այն խայտառակ մեկնաբանությունից, որը լսում ենք Ձեր մեկնաբանների կողմից: Եթե կարողանաք պարզաբանել նշված՝ ընդամենը մի քանի արտահայտությունների տրամաբանությունը, ապա մենք՝ ֆուտբոլասերից սահուն անցում կկատարենք դեպի բոբսլեյ: Եթե չեք կարող ինքներդ պարզաբանել, ապա հիմա կփորձենք ինքներս մեկնաբանել՝ Ձեզ համար նույնպես հասկանալի դարձնելու համար:

Նախ, դարպասապահի ուշիմ լինելը երեւացել է դպրոցում: Կամ, կարող է երեւալ համալսարանում, եթե տվյալ դարպասապահը դեռեւս ուսանող է: Խաղի ընթացքում դարպասապահի ուշիմ լինելը ոչ ոք չի կարող որոշել: Խաղի ընթացքում դարպասապահը կարող է ուշադիր լինել, ընդամենը: Բայց ոչ ուշիմ:

Ի՞նչ է նշանակում՝ հարվածը անհաջող տեղին էր մրցակցի: Չենք էլ փորձի վերլուծել այս անտրամաբանական եւ իմաստից զուրկ արտահայտությունը՝ այդ բարդ առաքելությունը թողնելով մեկնաբաններ նշանակող հեռուստաընկերության ղեկավարությանը:

Գոյություն ունի հասարակ բառ – պարտվել: Ձեր մեկնաբանների համար պարզաբանենք, որ պարտվելը, տանուլ տալն է, խաղը զիջելը: Բայց ոչ՝ ԿՐՎԵԼԸ: Հեռուստառեպորտաժ վարելիս մեկնաբանը, որքանով տեղյակ ենք, կամ գտնվում է ստադիոնի, կամ էլ՝ հեռուստատեսության մեկնաբանական խցիկում, այլ ոչ թե բակում՝ ընկերների հետ: Եթե պարտվում ենք «Բիրկիրկարային», ապա բնականաբանար, չէինք կարող հաջորդ փուլում հանդիպել «Վեսթ Հեմին»: Իսկ հաղթել «Վեսթ Հեմին», եթե մենք չենք կարողանում հաղթել «Բիրկիրկարային», թույլ տվեք մեղմ
արտահայտվել՝ անմտություն է, անտեղյակություն:

Մեր ֆուտբոլիստներին հիմա անհրաժեշտ են ավելի ստեղծագործական աշխատանքներ… Որքանով տեղյակ ենք, ֆուտբոլը խաղ է, այլ ոչ թե՝ նկարչություն, երաժշտություն կամ արվեստի ինչ-որ ճյուղ: Հետեւաբար, ֆուտբոլում ստեղծագործական աշխատանքներ լինել չեն կարող: Եթե մեկնաբանների տրամաբանությամբ՝ ֆուտբոլում, խաղադաշտում կարելի է, կամ, առավել եւս, հնարավոր է զբաղվել ստեղծագործական աշխատանքով, ապա ներողություն, բայց ֆուտբոլային մեկնաբանն այլեսւ սպառել է իրեն:

Սրանք, կրկնում ենք, այն հսկայական «կիքսերի» մի փոքր պատառիկներ էին, որոնց միջոցով, պարզապես, փորձեցինք բացել նաեւ Հանրայինի ղեկարավության աչքերն ու ականջները՝ սեփական մեկնաբանների աշխատանքը ավելի լավ ընկալելու ակնկալիքով: Առջեւում Եվրոպա Լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ Ալաշկերտ-Կայրաթ՝ պատասխան հանդիպումն է: Ֆուտբոլիստներից բացի, այդ հանդիպմանը պատրաստվելու համար հատուկ պատրաստականության աշխատանքներ պետք է տանեն նաեւ հեռուստադիտողները՝ անխուսափելի թվացող կաթվածից զերծ մնալու համար: Եվրագավաթների ավարտից գրեթե անմիջապես հետո, իսկ ավելի ստույգ՝ օտոստոսի 1-ին, մեկնարկելու է արդեն Հայաստանի Բարձրագուն խմբի առաջնությունը, որի հանդիպումները նույնպես, հեռարձակվելու են Ձեր հեռուստաընկերության եթերում: Դրա հետ մեկտեղ, իր ելույթները կվերսկսի Հայաստանի ազգային հավաքականը:

Եւ այստեղ չենք կարող չանդրադառնալ խնդրի, որը տեղի է ունեցել Հանրայինում՝ ամռան սկզբին, եթե չենք սխալվում: Հանրային Հեռուստատեսության ղեկավարությունն աշխատանքից ազատել է ֆուտբոլային մեկնաբան Մենուա Մեհրաբյանին: Անկեղծ ասած՝ տեղյակ չենք, թե տվյալ դեպքում նույնպես, ինչ տրամաբանությամբ է առաջնորդվել հեռուստաընկերության ղեկավարությունը, բայց այդ քայլով առաջացրել է Հանրապետության ֆուտբոլասեր հասարակության բացարձակ մեծամասնության դժգոհությունը: Աշխատանքից ազատել եք մեկնաբանի, ով նոր շունչ, նոր ոճ, եւ նոր լիցք էր հաղորդել հայկական
ֆուտբոլային մեկնաբանությանը: Մեհրաբյանի մեկնաբանության ոճը՝ սկզբնական շրջանում, առաջացրել էր ֆուտբոլասերների դժգոհությունը: Սոցիալական կայքերում հնչող դժգոհության հիմնական ուղղությունը՝ Մենուա Մեհրաբյանի՝ 90 րոպե առանց դադարի, ակտիվ եւ էմոցիոնալ խոսելն էր: Այժմ արդեն, վստահ կարող ենք նշել, թե ինչով էր պայմանավորված այդ դժգոհությունը: Բանն այն է, որ արդեն երկար տարիներ, հայ մեկնաբանների կողմից լսում էինք միապաղաղ, միատարր, ձայնային ոչ մի ելեւէջ չպարունակող, ամբողջ հանդիպումը ֆուտբոլային պատմության դասի վերածող, վիճակագրական տվյալների բազա հիշեցնող եւ, վերջապես, քնեցնող մեկնաբանություններ: Մեհրաբյանի հայտնվելը հսկայական եւ ակնառու փոփոխություններ մտցրեց այդ տեսանկյունից, իսկ ցանկացած փոփոխությանն ընտելանալու համար ժամանակ է անհրաժեշտ: Աշխարհի առաջնության հանդիպումների՝ նրա մեկնաբանություններից հետո, ֆուտբոլասերները եւ հեռուսադիտողներն արդեն ընտելացան նման նոր եւ ողջունելի ոճին, եւ դժգոհությունն աստիճանաբար վերածվեց դրվատանքի խոսքերի: Վերջապես, հայ մեկնաբանի կատարմամբ լսում էինք մեկնաբանություններ, որոնք, որոշ վերապահումներով, կարելի է վստահ համեմատել ռուսական՝ մեր կողմից այդքան սիրված, մեկնաբանների ռեպորտաժների հետ: Սրանով Մենուա Մեհրաբյանը բարձրացրեց եւ սահմանեց «մեկնաբանական» նոր նշաձող, որը ֆուտբոլասերներին դարձրեց ավելի պահանջկոտ: Թվում էր, թե Մեհրաբյանին կգնահատեն արժանիորեն: Սկիզբը դրվեց Ազգային ընտրանու հանդիպումներով, որոնց մեկնաբանությունը վստահվեց հենց այդ մեկնաբանին: Անկեղծ ասած՝ հենց Մենուա Մեհրաբյանի կողմից էլ՝ վերջապես, լսեցինք «ժողովրդական » մեկնաբանություն: Երիտասարդ մեկնաբանը կոտրեց կարծրատիպը – հենց ուղիղ եթերում, այլեւս քննադատվում էր Ազգային ընտրանու ցանկացած դժգույն խաղ, մեր ֆուտբոլիստների ցանկացած ակնհայտ թերացում: Միանշանակ եւ վստահ պետք է փաստենք, որ Մենուան խոսում եւ քննադատում էր ֆուտբոլային: Ակնհայտ զգացվում էր, որ մեկնաբանը «թրծված է» ֆուտբոլի մեջ, տիրապետում է խաղին, եւ նրա կողմից հնչեցվող քննադատությունները ոչ թե պետք էր ընդունել սրերով, այլ պետք էր հասկանալ, որ քննադատում է մարդ, ով հասկանում է այս խաղը: Հետեւաբար, պետք էր ոչ թե «կոտրել» մեկնաբանին, այլ պետք էր հաշվի նստել, քանի որ վեր էին հանվում ակնհայտ խնդիրները, որոնք եւս մեկ անգամ բարձրաձայնվելու դեպքում, պետք է պատշաճ ուշադրության արժանանային պատկան մարմինների կողմից: Բայց ի՞նչ ունեցանք արդյունքում: Էդուարդ Քալանթարյանից հետո, Հանրայինը հրաժարվեց նաեւ Հայաստանի լավագույն մեկնաբաններից եւս մեկի ծառայություններից, փոխարենը, եթերը վստահելով այս խաղին բացարձակապես չտիրապետող մեկնաբաններին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շուտով մեկնարկելու է Հայաստանի Բարձրագուն խմբի առաջնությունը եւ իր ելույթներն է վերսկսելու Ազգային հավաքականը, իսկ ֆուտբոլասերների, հեռուստադիտողների հսկայական բանակն ունի որակյալ եւ պրոֆեսիոնալ մեկնաբանություն լսելու կարիք եւ պահանջ, հետեւաբար, Հայաստանի Հանրապետության եւ արտերկրի հազարավոր հայ ֆուտբոլասերների անունից կոչ ենք անում Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության ղեկավարությանը, եւ պահանջում. Ականջալուր լինել մեր կողմից հնչեցված խնդիրներին: Հուսով ենք՝ Առաջին ալիքի ղեկավարությունը կառաջնորդվի խոհեմությամբ, հաշվի կառնի այս կոչ-պահանջը եւ, սկսած Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկային տուրից, հայ ֆուտբոլասերը հնարավորություն կստանա իրապես որակյալ մեկնաբանությամբ դիտելու թե՛ ներքին առաջնության հանդիպումները, եւ թե՛ Հայաստանի ազգային հավաքականի խաղերը: 
Կանխավ շնորհակալ ենք: 

 

 

 

 

Ռուբեն Մարտիրոսյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more