▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է պատասխանատու ՀՀ մարզերում 5 տարի շարունակ ֆորտիֆիկացված սննդով երեխաներին կերակրելու համար

Մասնագետները շարունակում են բարձրաձայնել ալյուրը ֆոլաթթվով, երկաթով և այլ հավելանյութերով ալյուրը հարստացնելու դեպքում առաջ եկող խնդիրների մասին, իսկ այդ ընթացքում ասում են՝ Առողջապահության նախարարությունը 70 միլիոնի չափով դրամաշնորհ է ստացել ու ամեն ինչ անելու է՝ ծրագիրը կյանքի կոչելու համար, այնինչ, անգամ ԱԺ չի հասել այս հարցը:

Ավելին, արդեն 5 տարի է՝ այս ծրագիրը կիրառվում է բնակչության թիրախային խմբի՝ երեխաների վրա` Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում: Այսինքն՝ ֆորտիֆիկացված սնունդ են ստանում. ալյուր, ձեթ,խմորեղեն, մակարոնեղեն: Հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանի խոսքով՝ վերջերս օնկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Հայրո Գալստյանը հայտարել է, որ Լոռիում մանկական քաղցկեղն աճել է: Այս հարցի մասին քրեական գործ է հարուցվել:

«Երեխաների վրա գիտափորձ է կատարվել՝ առանց ծնողներին, երեխաներին, ուսուցիչներին տեղեկացնելու, ոչ ոք չի ուզում մտածել երեխաների վիճակի մասին»,-ասում է նա:

Հարցին, թե կոնկրետ ինչո՞ւ այդ 5 մարզերը, Ստամբոլցյանը պատասախնեց, որ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրով հենց այդ մարզերիի 1-4-րդ դասարանների երեխաներին են անվճար սնունդ տալիս:

Եվ, քանի որ հասարակական-քաղաքական գործիչը դիմել է իրավասու մարմիններին՝ քրեական գործ հարուցելու համար, հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ն է եղել նրանց պատասխանը, Ստամբոլցյանն ասաց.

«Քննչականից ուղարկում են ոստիկանություն, ոստիկանությունից քննչական, քննչականից՝ Գյուղնախարարության սննդի անվտանգության կենտրոն, զանգեցի, ասացին՝ սա մեզ չի վերաբերում ուղարկելու ենք Առողջապահության նախարարություն, իսկ թե ուր կուղարկի Առողջապահության նախարարությունը, չգիտեմ»:

Հարցի կապակցությամբ կապ հաստատեցինք Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Անահիտ Հայթայանի հետ, ով նշեց, որ մարզերում այո՛, եղել է նման ծրագիր և այդտեղ ոչ զարմանալու բան կա, ոչ էլ դա հանցագործություն է. «Դա արվել  է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից: Ամբողջ աշխարհում եթե որևէ երկրի նրանք օգնում են սննդով,  անպայման որպես կանոն տալիս են մի շարք կարևոր միկրոսննդատարրերով հարստացված սնունդ»,-ասաց  Անահիտ Հայթայանը:

Հարցին, թե արդյո՞ք պետք  չէր ստուգել երեխաներին, նոր տալ միկրոտարրերով հարստացված սնունդը, չէ՞ որ ոմանց կարող է դա անհրաժեշտ չլինել, Առողջապահության նախարարության մամլո խոսնակը պատասխանեց. «Այն դոզաները, որոնք որ կան, դրանք ոչ ոքի հակացուցված չեն: Օրինակ աղի յոդացման արդյունքում լուծվել է յոդի պակասով պայմանավորված հիվանդությունների խնդիրը: Եթե նախկինում յուրաքանչյուր երրոդ հղին խպիպի խնդիր ուներ,  ողջ ազգաբնակչության շրջանում հիմա նման խնդիր ունի 5000 հոգի: Սա ակնհայտ ցուցանիշ է»:

Առողջապահության նախարարության մամլո խոսնակը նկատում է՝ ալյուրի ֆորտիֆիկացման  պատասխանատուն  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է, որը ուշի ուշով հետևում է արդեն 83 երկրում իրականացվող ծրագրին.

«Եվ, եթե մեր այս գիտնականներն այդքան հզոր են, թող փրկեն այն 2 միլիարդ մարդուն ու ամբողջ աշխարհով ասեն, ժողովո՛ւրդ, մի կերեք այդ հացը, կմեռնեք: Ասեմ, որ խորհրդային տարիներին՝ սկսած 40-ական թվականներից, մինչև փլուզումը, հացը նույնպես հարստացվել է: Մենք ցանկանում ենք հանրային առողջապահական խնդիր լուծել»: 

Անդրադառնալով Ստամբոլցյանի՝  քննչական կոմիտե դիմելու փաստին՝ կապված երեխաներին ֆորտիֆիկացված սնունդ տալու հետ, Առողջապահության նախարարության մամլո խոսնակը պատասխանեց.

«Դիմել է,  ուրեմն  իրենք էլ կպարզեն»:

Խոսելով դրամաշնորհի մասին՝ Անահիտ Հայթայանը հերքեց սա՝ ասելով, որ նման բան չկա: Բոլոր երկրներում այս ծրագիրը հովանավորվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից:

 

Անի Կարապետյան

Կարդացեք նաև՝

Հակամարդկային, դաժան գործողություն՝ Հայաստանում


Հայաստանում քաղցկեղով հիվանդների թիվը կեռապատկվի.Մասնագետներն ահազանգում են

Երկաթով ու ֆոլաթթվով հարստացած ալյուրի դեպքում Հայաստանի բնակչությունը մի շարք հիվանդություններ ձեռք կբերի.Մասնագետներ

Նախարարությունը ողջ բնակչությանը հղի կնոջ տեղ է դրել

Ինչո՞ւ են հարստացված ալյուրը պարտադրում մարդկանց.ԱՆ հանրային առողջության բաժնի պետի պարզաբանումը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more