▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է ժամանակի և ժամացույցների հետ անվերջ «խաղացող» երևանցին

 

Մեր օրերում ձեռքի ժամացույցները լայն տարածում ունեն թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում: Շատերի համար ժամացույցը կերպարն ամբողջացնելու անհրաժեշտ աքսեսուար է: Այսօր մեզանից յուրաքանչյուրը հնարավորություն ունի կողմնորոշվելու ժամացույցների բազմազանության մեջ, ընտրելու այն ժամացույցը, որը համապատասխանում է իր ճաշակին, ինչու չէ՝ նաև գրպանի հնարավորություններին: Արամ Բալայանը պատրաստում է handmade (ձեռագործ) ժամացույցներ, յուրահատուկ իրեր, որոնք եզակի են իրենց տեսքով, պատրաստվում են միայն մեկ օրինակից: Ժամացույցների ժամատախտակները պատրաստվում են ցանկացած բնական նյութից՝ ծաղիկների թերթիկներից, ընկույզի արմատից, օձի կաշիներից, փայտի  ու քարերի տարբեր տեսակներից: Asekose.am-ը զրուցել է Արամ Բալայանի հետ նրա գործունեության մասին և ոչ միայն:

36-ամյա Արամը մասնագիտությամբ տնտեսագետ է: Ժամագործությամբ սկսել է զբաղվել 2004թ.-ից,  սակայն տարիների ընթացքում ժամագործությունը դարձել է Արամի հիմնական ու սիրելի զբաղմունքը:

«Երբեք չեմ մտածել, որ օրերից մի օր կզբաղվեմ ժամերի դիզայնով, նույնիսկ առանձնահատուկ  սեր չեմ ունեցել ժամացույցների նկատմամբ»,- անկեղծացավ մեր զրուցակիցը;

Զրույցի ընթացքում պարզ դարձավ,որ Արամը չի սիրում «ժամագործ» բառը:

«Ես ժամագործ համարում եմ այն մարդուն, ով կարողանում է քանդել փչացած ժամացույցների մեխանիզմն ու վերանորոգել այն, իսկ ես զբաղվում եմ ժամացույցների արտաքին տեսքով»,- պարզաբանեց Արամը:

Մեր այն հարցին, թե որքանով է օգնում տնտեսագետի մասնագիտությունը ժամագործության մեջ, Արամը նշեց, որ տնտեսագիտական կրթությունն իրեն օգնում է ժամացույցների հետ աշխատելիս:

«Տնտեսագիտության ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս մարդուն զարգացնել իր տրամաբանությունը, մտածել տնտեսագիտորեն, ուսումնասիրել շուկան, հասկանալ դրա պահանջարկն ու համապատասխան առաջարկներ անել», -փաստեց մեր զրուցակիցը:

Արամ Բալայանը խոստովանեց, որ թեև ձեռքի աշխատանքներն են ապահովում իր ֆինանսական կայունության մեծ մասը, սակայն լինում են դեպքեր, երբ չի վաճառում դրանք ՝ նույնիսկ մեծ գումարների դիմաց, քանի որ դրանք իր համար պատրաստման ընթացքում դառնում են անգին:

Սկզբում Արամ Բալայանի ժամացույցները ստեղծվել են առանց որևէ տարբերանշանի, սակայն ժամանակի ընթացքում որոշ հանգամանքներով պայմանավորված՝ պարզապես անհրաժեշտություն դարձավ «Arami» բրենդի անվանումը: Բրենդի հիմնական շեշտը դրված է անհատական արտադրության վրա. պատրաստված ժամացույցները մեկ օրինակից են լինում: 

«Եթե ցանկանամ էլ, թերևս, նույն ժամացույցի երկրորդ օրինակը չեմ կարող պատրաստել»,- խոստովանեց Արամը:

Asekose.am-ի այն հարցին, թե որքանով է handmade-ը գնահատվում Հայաստանում, Արամը նշեց. «Հայաստանում, ցավոք, չեն կարողանում ճիշտ գնահատել ձեռքի աշխատանքը. այս պարագայում խոսքս միայն ֆինանսական կողմի մասին չէ», ապա չցանկանալով նշել կոնկրետ արժեք՝ հավելեց, որ իր աշխատանքները հասանելի են հայ հասարակության համար:

Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Արամ Բալայանի ժամացույցները վերջերս մասնակցել են Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած միջազգային ցուցահանդեսին, որն անցկացվում է արդեն 24 տարի, և որին ներկայացված էին միջազգային հայտնի ընկերությունների ժամացույցներ:

Հատկանշական է հատկապես այն հանգամանքը, որ առաջին անգամ է, որ հայաստանյան արտադրանքը ներկայացվում էր միջազգային ցուցահանդեսին:

Մեր այն հարցին՝ արդյո՞ք արտասահմանից առաջարկներ կան և համապատասխան առաջարկի դեպքում կմեկնի՞ Հայաստանից, Արամը կտրականապես հայտարարեց. «Չեմ կարող ապրել ուրիշ  վայրում, որտեղ չկան մեզ բնորոշ որոշակի հատկանիշներ, թեև շատ հաճախ դրանք այնքան էլ դրական չեն»:

Արամի համար ժամացույցը արտաքին տեսքի բաղկացուցիչ մասն է կազմում, այդ պատճառով էլ՝ նա կիսում է այն կարծիքը, որ շատերը ժամացույցը կրում են պարզապես որպես աքսեսուար՝ նույնիսկ օրվա ընթացքում մեկ անգամ էլ չնայելով ժամը:

Արամ Բալայանը ունի ժամանակի մասին իր փիլիսոփայությունը «Ժամանակը երբեք չես կարող հետ բերել, հետևաբար՝ այն պետք է կարողանաս ճիշտ օգտագործել և ճիշտ նպատակին ծառայեցնել»:

Ամեն ինչ հնարավոր է դառնում կյանքում, եթե ունես մեծ ցանկություն ու նպատակ. ահա այս կագախոսով է կյանքում առաջնորդվում սեփական արտադրանքն ունեցող  Արամ Բալայանը, ում համար երազանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ իրականության մի մասնիկը. «Երբ երազանքն ու նպատակը կարողանում ես ճիշտ համադրել, հայտնվում ես այն իրականության մեջ, որը ցանկացել ես»,-Asekose.am-ի հետ զրույցը եզրափակեց դիզայներ Արամ Բալայանը:

 

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Լուսանկարները՝ Arami Watches ֆեյսբուքյան էջից


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more