▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է հաջորդ նախագահը. կարևոր քաղաքական պրոցեսներ են ընթանում

Վերջին մի քանի օրերին տարբեր լրատվամիջոներում բազմաթիվ հոդված-վերլուծականներ եմ կարդում այն մասին, թե Հայաստանի հաջորդ նախագահը ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն է լինելու: Սա հիմնականում կապում են մի քանի հանգամանքի հետ: Նախ այն, որ վերջերս Բաղդասարյանն ընտրվել է Ռոսնեֆտ-Իտեռա ռուսական գիգանտ կազմակերպության խորհրդի անդամ: Լուրն այնքան ուշադրության արժանի չէր լինի, եթե այդ կազմակերպության խորհրդի անդամները չընտրվեին Կրեմլի թույլտվությամբ: Ի դեպ Ռոսնեֆտի նախագահը Պուտինի մերձավորագույն մարդկանցից մեկն է: Այսինքն ակնհայտ է, որ ԵՏՄ մտած Հայաստանի քաղաքական գործիչներից մեկը վայելում է ռուսական բարձրագույն իշխանությունների վստահությունն ու աջակցությունը: Ի դեպ պետք չէ մոռանալ նաև Բաղդասարյանի շատ ամուր ընկերական կապերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի և ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևի հետ, ովքեր նույնպես համարվում են ՌԴ իշխանության առանցքային ֆիգուրներ և ՌԴ նախագահի մերձավոր շրջապատի մարդիկ:
Մյուս կողմից Հայաստանի ներկայիս ընդդիմադիր քաղաքական դաշտում հստակորեն ուրվագծվում է ՕԵԿ-ի, և ավելի շատ Բաղդասարյանի լիդերությունը: Սա թե օբյեկտիվ և թե սուբյեկտիվ պատճառներով է տեղի ունենում և քանի դեռ ընտրություններին 2 տարի ժամանակ կա, հարցն ավելի տեսանելի կդառնա թերևս աշնանից, երբ ոչ պաշտոնապես մեկնարկ կտրվի Սահմանադրական փոփոխությունների, ՏԻՄ ընտրությունների, ապա և խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին:
Ի դեպ, նույն Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Արթուր Բաղդասարյանը նշում է, որ դեմ է Նախագահի ինստիտուտի վերացմանը կամ դրա խորհրդանշական բնույթ ունենալուն՝ հաշվի առնելով մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողությունները, ԵՏՄ անդամակցությունը, Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերները, որոնք սպառնալիք են Հայաստանի անվտանգությանը: Ասվածի մեջ ճշմարտություն իսկապես կա, քանի որ պատերազմող երկրին պետք է առավել կենտրոնաձիգ իշխանություն, կամ նախագահ, ով պատասխանատու կլինի երկրի անվտանգության համար: 
Այսինքն Բաղդասարյանը դեմ է նախագահի ինստիտուտի վերացմանը, ինչը շատ վերլուծաբանների համար հիմք է հանդիսանում պնդելու, որ ՕԵԿ նախագահը մտադրություն ունի առաջադրվել որպես նախագահի թեկնածու:
Ինչ խոսք, Արթուր Բաղդասարյանն, ով Հայաստանում կարևորագույն ու առանցքային պաշտոններ է զբաղեցրել, դպրոցից քաղաքականությամբ է զբաղվում, ունի քաղաքական կապեր գրեթե բոլոր մայրցամաքներում, ունի քաղաքական հենարան ու ռեսուրսներ, իրավունք ունի հավակնել Նախագահի պոստին: Սակայն…. Ու այդուհանդերձ, մտնում ենք մի ակտիվ քաղաքական շրջափուլ: Կախված այն հանգամանքից, թե վերջնական ինչ որոշում կկայացնի Սերժ Սարգսյանը Սահմանադրական փոփոխությունների հետ կապված, վերջնական որ մոդելին նախապատվություն կտա, ըստ այդմ էլ հետագա զարգացումների տրամաբանությունն ու հանգուցալուծումը պարզ կդառնա:

 

Անահիտ Կարապետյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more