Դեկտեմբերի 27-ին Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենալու ամանորյա տոնական համերգ, որին մասնակցում են օպերային և էստրադային «լավագույն» երգիչները:
Համացանցի օգտատերերի շրջանում, սակայն, զարմանք է առաջացրել այն փաստը, որ համերգին չի մասնակցում Հայաստանի գլխավոր թատրոնի մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Մագդա Մկրտչյանը: Շատերն այն կարծիքն են հայտնում, որ դա թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի ընդգծված բացասական վերաբերմունքի արտահայտությունն է:
Ձեզ ենք ներկայացնում համացանցի գրառումներից մեկն այս թեմայով.
«Ինչ տարօրինակ է , բոլորը կան՝ Մագդա Մկրտչյանը չկա. սա ընդգծված վերաբերմունք է մի արտիստուհու նկատմամբ, ով իր ձայնով, միշտ եմ ասել, լռեցնում է բոլորին. այսինքն ինչ է ստացվում տարին մեկ անգամ բեմ հանելով, մարդուն փորձում ենք մոռացության տալ, սա ուղղակի անարդարացի է ու թող բոլոր ԶԼՄ-ները ճշտեն, թե ինչն է բուն պատճառը , երբ վաստակավոր արտիստուհին տեղ չունի այս բեմում՝ Գեղամ Գրիգորյանի ձեռքով…»:
Համացանցի օգտատերերն իրենց վրդովմունքն են արտահայտում հատկապես այն հանգամանքի հետ կապված, որ Մագդա Մկրտչյանը, ով հանդես է եկել հայտնի նվագախմբերի ու երգչախմբերի հետ , իր ձայնով նվաճել է աշխարհի ամենահեղինակավոր բեմերը, նաև ամանորյա տոնական համերգների հրավերներ է ստանում տարբեր թատերական օջախներից, ցավոք, այսօր, տեղ չունի հարազատ բեմում՝ «գեղարվեստական ղեկավարի պաշտոնը նեղանձնական նպատակներով օգտագործող մեկի պատճառով, ում «ջարդած» ձեռքերով էլ ջնջվում է ՀՀ վաստակավոր արտիստուհու անունը համերգների ցուցակից.... »: