Armlur.am-ը գրում է. ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների կողմից «էյր Արմենիայի» սեփականատեր Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու միջադեպից «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 15-ին «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի կինը` Իզաբելլա Մելքումյանը, լրատվամիջոցներին հայտնել էր, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներն առևանգել են իր ամուսնուն՝ Արսեն Ավետիսյանին, երկու ժամ պահել են եւ ծեծի ենթարկել՝ ստիպելով «Տարոն-Ավիա» ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանին օդանավի վարձակալության համար ունեցած պարտքը վճարել Ռուբեն Հայրապետյանին: Իզաբելլան հայտնել է նաեւ, որ Գառնիկ Պապիկյանն է Արսեն Ավետիսյանին ասել, որ նա պարտավոր է գումարը Ռուբեն Հայրապետյանին վճարել՝ սպառնալով, որ հակառակ դեպքում այն «կվճարեն նրա երեխաները»: Բանն այն է, որ «Էյր Արմենիա»-ն «Տարոն-Ավիայից» «Բոինգ» ինքնաթիռ է վարձակալել, որի դիմաց պարտքը կազմել է 2.5 միլիոն դոլար: Բայց այդ պարտքը ոչ թե «Տարոն-Ավիայինն» է, այլ Արաբական Միացյալ էմիրություններում կրկին Գառնիկ Պապիկյանի կողմից ստեղծած «Ալա ինթերնեյշնլ» ընկերությանը:
Նկատենք, երբ օգոստոսի 12-ին պաշտոնապես հայտարարվեց, որ «East Prospect Fund»-ը 68 միլիոն դոլարի արժեթղթեր է մուտք արել «Էյր Արմենիայի» բալանսին, Հայրապետյանն ու Գառնիկ Պապիկյանն անմիջապես գործի անցան՝ Արսեն Ավետիսյանին «բերման ենթարկելով»:
«Ժողովուրդ»-ին այս գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես մեզ հասած տեղեկություններով՝ Արսեն Ավետիսյանը իրավապահներին բացատրություն է տվել, որ Ռուբեն Հայրապետյանն է հրահանգել իրեն ծեծի ենթարկել: Իրավապահները հարցաքննել են նաեւ Ռուբեն Հայրապետյանին, որը, ինչպես եւ սպասվում էր, հայտնել է, թե նման բան չկա, եւ ինքը չի ծեծել ու չի հրահանգել:
Նշենք, որ մեզ հասած տեղեկություններով՝ Ռուբեն Հայրապետյանի եւ այլ անձանց միջեւ «ռազբորկաների» դեպքում մշտապես ծեծի ենթարկելու կամ առեւանգելու հրահանգները թիկնապահներին տալիս է Ռուբեն Հայրապետյանի անվտանգության պետը՝ Եզդի Աշոտը: Ու երբ իրավապահները խառնվում են գործին, պատժվում են շարքային թիկնապահները՝ հայտնվելով ճաղերի հետեւում: Այսինքն՝ Եզդի Աշոտն ու իր ղեկավարը մշտապես պատմությունից չոր են դուրս գալիս: Այսպիսի մի դեպքի մենք ականատես եղել ենք, երբ 2012թ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկվեց ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, ով մահացավ հիվանդանոցում, բայց ճաղերի հետեւում հայտնվեցին շարքային թիկնապահները:
Իսկ որտե՞ղ է այս պատմության հիմնական դերակատար «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի սեփականատեր Գառնիկ Պապիկյանը: Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների` իրավապահներին չի հաջողվել հարցաքննել նրան, քանի որ Գառնիկ Պապիկյանը երկրում չէ. այս օրերին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում՝ Սոչի քաղաքում: Ի դեպ, վերջինս, ըստ Արսեն Ավետիսյանի մտերիմների, երկիրը լքել է հենց դեպքի օրը: Ստացվում է, որ «կռիվ կինոյի» հիմնական դերակատարը «թռած է»:
Այսպիսով, գործն այս պահին գտնվում է ՀՀ քննչական կոմիտեում եւ, ըստ էության, առաջիկայում Ռուբեն Հայրապետյանի եւ Արսեն Ավետիսյանի միջեւ առերեսում կլինի, քանի որ երկուսի տված ցուցմունքներում կան ակնհայտ հակասություններ: Հետաքրքիր է՝ արդյո՞ք առերեսման ժամանակ Ռուբեն Հայրապետյանը կպնդի, որ ինքը չի եղել ծեծի ենթարկողը:
Ծեծը ձեռնտո՞ւ էր նրան
Ըստ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի՝ իրականում Արսեն Ավետիսյանի համար «շահեկան» էր ծեծվածի կարգավիճակում հայտնվելը, քանի որ Ավետիսյանի դեմ պարտքի պահանջով 50-ից ավել դատական հայցեր կան: Նշված 50 պարտատերերի մեջ է մտնում ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Ավիասնունդ» ընկերությունը, որի պարտքը հասնում է 400 հազար դոլարի: Բայց պարզվում է՝ օգոստոսի 12-ին «East Prospect Fund»-ի կողմից 68 միլիոն դոլարի արժեթղթերի մուտքի գործարքը չեղյալ է համարվել. օֆշորում գրանցված ընկերությունը մտադիր է հետ վերցնել արժեթղթերը՝ պատճառաբանելով, որ Հայաստանում բիզնես միջավայրն ապահով չէ: Եվ, ահա, այս ֆոնին Արսեն Ավետիսյանին ձեռք էր տալիս հայտնվել այնպիսի կարգավիճակում, որ պարտքատերերը չշտապեն գումար ուզել:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում