▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանների բռնությունը զոհված զինվորների ծնողների նկատմամբ

Epress.am-ը հայտնում է, որ այսօր, ժամը 13։40-ի սահմաններում ոստիկանները բռնի ուժ են կիրառել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա անցկացնող բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների նկատմամբ։


Ակցիայի մասնակիցները ցանկացել են տեղեկանալ նախագահականից՝ ինչու նոյեմբերի 27-ին ՀՀ նախագահին հղած իրենց նամակը անպատասխան է մնացել։ Ակցիայի մեկնարկին ծնողները կանգնած են եղել նախագահականի դարպասի դիմաց, երբ ոստիկանները պահանջել են տեղափոխվել դիմացի մայթ։ «Մեր համբերությունն էլ չափ ու սահման ունի»,- ասել է ոստիկաններից մեկը:

Երբ ծնողները հրաժարվել են պահանջը կատարել, ոստիկաններից մեկը հրահանգել է՝ «շղթա կազմեք»: «Դավայ, դավայ» խոսքերով ոստիկանները սկսել են հրել ծնողներին։ 2007 թվականին զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մորը՝ Գոհար Սարգսյանին, ոստիկանները բռնել են ոտքերից ու ձեռքերից և, քարշ տալով, տեղափոխել են դիմացի մայթ: Գոհար Սարգսյանի ամուսինը՝ Սուրեն Օհանջանյանը, պառկել է գետնին․ վերջինիս գրկած տեղափոխել են Բաղրամյան 26-ի դիմացի մայթ:

Ոստիկանների կողմից բռնության կիրառելու հետևանքով Գոհար Սարգսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, բարձրացել է արյան ճնշումը: Ոստիկանները շտապ օգնության մեքենա են կանչել: Սարգսյանին բժշկական օգնություն է ցույց տրվել, ոստիկանների գործողությունների հետևանքով վնասվել է կնոջ հագուստը, կոշիկները:

Դեպքի վայր են ժամանել ՄԻՊ գրասենյակի արագ արձագանքման խմբի անդամները՝ Ռաֆայել Պողոսյանի ղեկավարությամբ: Միջադեպի պահին դեպքի վայրում ներկաները պատմել են կատարվածը:

 Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչները հարցեր են ուղղել ոստիկանների գործողությունները համակարգող ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի տեղակալ Գագիկ Հակոբյանին: Վերջինս ասել է, որ նախագահական նստավայրը հատուկ ռեժիմային օբյեկտ է և դրա դիմաց ակցիա անել չի կարելի:

Ծնողներն ընդգծել են, որ նախկինում իրենք բողոքի ակցիաներն անցկացրել են նախագահականի դարպասի մոտ։ Նրանք պատրաստակամություն են հայտնել ոստիկանության գործողությունների առնչությամբ դատարան դիմել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more