▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ ծննդատանը հրազենային վնասվածք ստացած կնոջ և փոքրիկի առողջական վիճակի մասին

Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում հունիսի 30-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած 27-ամյա կնոջ առողջական վիճակում առկա է դրական շարժընթաց: Գիտակցությունը պահպանված է, հեմոդինամիկ բոլոր ցուցանիշները դրական են, հավասարակշռված պատասխանում է բժիշկների հարցերին, զգալի նվազել է այտուցվածությունը: 

Կինը դեռևս գտնվում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում` բնական շնչառության պայմաններում: Կյանքին սպառնացող վտանգները հաղթահարված են: 

Կնոջ` կեսարյան հատման ճանապարհով լույս աշխարհ եկած երեխայի առողջական վիճակում նույնպես առկա է դրական տեղաշարժ: Նորածինը շնչում է առանց արհեստական շնչառության սարքի օգնության: Ստանում է արհեստական սնունդ: Բոլոր ցուցանիշները նորմի սահմաններում են: 

Բժշկական անձնակազմի համատեղ աշխատանքի շնորհիվ իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները` մոր և նորածնի առողջական վիճակը բարելավելու ուղղությամբ: Մասնագետները նրանց առողջական վիճակի մասին ամեն օր զեկուցում են ՀՀ առողջապահության նախարարին:

Նշենք, որ վերջին մեկ շաբաթում Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում փրկվել է ևս երկու մոր և նորածնի կյանք: 

Գյումրիից ծանր վիճակում, 3-րդ աստիճանի անեմիայով կինը տեղափոխվել է Երևան, կատարվել է կեսարյան հատում: ՀՀ Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մասնագետների խորհրդատվության արդյունքում որոշվել է ծննդկանին փոխներարել անհրաժեշտ քանակությամբ էլիտրոցիտներ, պլազմա: Այժմ մոր և նորածնի վիճակը գնահատվում է բավարար: 

Մյուս դեպքում` 19-ամյա կինը 2-րդ ծննդաբերության ժամանակ բարդացած մանկաբարձական անամնեզով ընդունվել է Աբովյանի բժշկական կենտրոն, հետծննդյան շրջանում ունեցել է արյունահոսություն: Ծննդկանի կյանքը փրելու նպատակով ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի հետ մասնագիտական խորհրդատվության արդյունքում կատարվել են անհրաժեշտ միջոցառումներն ու օպերատիվ միջամտություններ: Կնոջ առողջական վիճակը գնահատվում է բավարար:

ՀՀ առողջապահության նախարարություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more