Իրանում դեկտեմբերի 28-ից սկսված հակակառավարական ցույցերի ակտիվությունը որոշ չափով մարել է:
Իրանից Հայաստան մշտական բնակություն հաստատած Տիգրան Դավթյանի փոխանցմամբ՝ Իրանը տնտեսական դժվարություններ ունի.
«Պատժամիջոցների պատճառով նավթը չի կարողանում վաճառել, ինչը գործազուրկների թվի ավելացմանն է հանգեցրել: Ինչպես Հայաստանում, այնպես էլ այնտեղ կան խաբված ավանդատուներ, մի քանի ամիս աշխատավարձ, թոշակ չստացողներ: Որոշ գյուղացիներ ջրի խնդիր ունեն, կա նաև օդի աղտոտվածության հարցը: Այս բոլոր խնդիրները միացան ու դեկտեմբերի վերջին ի հայտ եկան»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տիգրան Դավթյանը:
«Իրանի բնակչության 60 տոկոսը երիտասարդներ են, ուսանողները շատ քաղաքականացված են, ունեն իրենց տեսակետը, և հենց դա հանգեցնում է արագ բռնկման: Նրանք անգամ այս ցույցերը կոչեցին այսպես՝ «Ազատություն, հաց և աշխատանք»,-նշեց «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության լրագրող Ռուբիկ Մինասյանը՝ ընդգծելով.
«Ժամանակագրությունը ցույց է տալիս, որ 9-10 տարին մեկ նման դեպքեր լինում են: Մեկը Ահմադինեժադի ընտրությունից հետո էր, մյուսը՝ ուսանողական զանգվածային ցույցերն էին: Սակայն տարբերությունն այն էր, որ հիմնականում Թեհրանում էին տեղի ունենում, իսկ այս երրորդը սկսվեց ավելի փոքր քաղաքաներից ու հասավ Թեհրան: Կան նաև անջատողական խնդիրներ: Շատերի կարծիքով՝ եթե Իրանի թրքախոս հատվածն ուզենա անջատվել, կուզեն Ադրբեջանին միանալ: Հարավում էլ է այդպես, որոշներն ուզում են արաբներին, որոշներն էլ՝ Պակիստանին միանալ: Բայց հակառակ կողմից էլ պետք է մտածենք: Եթե Իրանը վերածվի դեմոկրատական երկրի, արդյո՞ք Նախիջևանը կամ Ադրբեջանի շիա անջատողականները չեն ցանկանա միանալ»:
Տիգրան Դավթյանն էլ նկատեց.«Իրանցիները մեզ նման դեռ Ազատության հրապարակ չունեն, բայց խորհրդարանին հարող հրապաևակում միշտ ցույց ու երթ լինում է: Ի դեպ, Թեհրանի ավագանին որոշել է ցուցարարների համար մի տեղ կառուցել, որ նրանք միշտ իրենց տեսակետներն արտահայտելու համար այնտեղ գնան»:
Անդրադառնալով Իրանում բնակվող հայերին՝ Տիգրան Դավթյանը նկատեց.
«Հայն էլ բոլորի նման ունի սոցիալական խնդիրներ, մասնակցում են ցույցերի, բայց բացառված է ասենք` պետական կառույցի ապակի կոտրելը և այլն»:
Անի Կարապետյան