▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարը՝ քրեական հեղինակություն «Տույի» հետ նորանշանակ ոստիկանապետի ազգակցական կապի մասին

«Արդյո՞ք ճիշտ է տեղեկությունը, որ նոր ոստիկանապետը ազգակցական կապ ունի քրեական հեղինակություն «Տույի» հետ, և այս իրավիճակում, եթե տեղեկատվությունը ճիշտ է, շահերի բախում չե՞ք տեսնում, ինչպե՞ս կարող է ոստիկանապետը «օրենքով գողերի» հետ կապված որոշակի գործողություններ անել, եթե ինքը հանդիսանում է օրենքով գողի ազգական»,– նման հարց է լրագրողն ուղղել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին:

«Ես հասկացա հարցի էությունը, բովանդակությունը, մտահոգությունները: Հիմա ասեմ՝ ոստիկանության համակարգ և առհասարակ ներքին գործերի նախարարություն մուտք գործելու շրջանակներում, բնականաբար կադրային ստուգումներ են տեղի ունենում, ընդ որում շատ խորքային են այդ ստուգումները լինում, որպեսզի մենք համոզված լինենք, որ ներքին անվտանգությունը անսասան է և որևէ ձևով որևէ մեկը անկաշկանդ գործելու խնդիր չի ունենա։

Պարոն Ղազարյանի դեպքում, բնականաբար, այնպիսի պաշտոն է հավակնել զբաղեցնելու, որը որ ևս ստուգողական որոշակի գործողություններ իրականացվել են, բնականաբար հաշվի են առել բոլոր հանգամանքները, այդ թվում՝ հնարավոր անկաշկանդվածություն ունենալու կամ չունենալու հանգամանքները և այսպես շարունակ։ Ի վերջո, ուզում եմ շեշտել, որ անկախ ազգակցական կապերից՝ պարոն Ղազարյանը ունի մարդկային այն արժեհամակարգը, այն փորձառությունը, որը որ թույլ կտա նրան արդեն ոստիկանապետի պաշտոնում անկաշկանդ իրականացնել այն բոլոր լիազորությունները, որոնք վերապահված են ոստիկանապետին»,– ասել է նա։

Սարգսյանը նշել է՝ ազգակցական կապի մասով տեղեկությունը չի հերքելու, բայց վստահեցրել է՝ դա որևէ ձևով չի կարող ազդել Ղազարյանի գործունեության վրա։

«Հայաստանի Հանրապետությունը շատ փոքր երկիր է, և բոլորս կարող ենք ունենալ այս կամ այն շփումները, կարող ենք ունենալ տարբեր ազգականներ, բայց կոնկրետ պաշտոնում անձը հստակ առաքելություն ունի»,– հավելել է նախարարը։

Դիտեք նաև՝

«Արամ Հովհաննիսյանը գնաց միանալու ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանին, Արգիշտի Քյարամյանին, Սասուն Խաչատրյանին և հերթական օրինակը դարձավ այն պաշտոնյաների, որոնք ՀՀ-ում ծառայեցին ոչ թե օրենքներին, այլ անձնապես Նիկոլ Փաշինյանին»,- ԱԺ-ում ասաց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին հարցնելով՝ ի՞նչ պատճառով է ծառայությունից ազատվել ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը․ «Երբ երեկ նոր նշանակված ոստիկանապետ Ղազարյանը ներկայացվել է, Արամ Հովհաննիսյանն անգամ դրան ներկա չի եղել, այդքան նեղացե՞լ է. անցնող տարիներին այդքան բռնություն կիրառեց քաղաքացիների նկատմամբ»,- հավելեց Մանուկյանը։
ՆԳ նախարարի խոսքով՝ նախարարությունում իր նշանակումից հետո եղել են կադրային տարբեր փոփոխություններ, ինչը բնական է․ «Կադրային փոփոխություններն օգնում են նոր հայացքով, նոր մոտեցմամբ նայել հարցերին, որոնց տարիներ շարունակ մեկ այլ հայացքով է նայվել։ Ոստիկանապետի փոփոխությունն այս տրամաբանության շրջանակներում է։ Կարիք կար կադրային փոփոխության, որը կօգներ ոստիկանության ոլորտի բարեփոխումներն ավելի թարմ աչքով նայելու, ավելի արդյունավետ մեթոդներով իրականացնելու և առաջ գնալու։ Սա է եղել պարոն Հովհաննիսյանի ազատման պատճառը։ Պետք չի փնտրել ինտրիգներ, միջանձնային տարբեր հարցեր, այլ բաներ։ Որևէ անձ հավերժ չէ իր պաշտոնում»,- ասաց նախարարը՝ հերքելով Հովհաննիսյանի ազատման վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերը։

***

«Ինչո՞ւ մեր պարեկային ծառայողներն ամրագոտի չեն կապում, կարող եմ բազմաթիվ ֆոտոներ անել և ուղարկել ձեզ»,- ԱԺ-ում, հարցն ուղղելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով քաղաքացիներն ավելի հեշտ կենթարկվեն, եթե տեսնեն, որ պարեկները ևս ամրագոտի են կապում։ Նրա խոսքով պետք է ավելի վճռական և հետևողական լինել, որպեսզի բոլոր վարորդները լինեն ամրագոտիներով։
«Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին, անկախ նրանից, որ օրենքը թույլ է տալիս նրանց ծառայության իրականացման շրջանակներում չամրակապվելու, այնուամենայնիվ ծառայության ընթացքում ամրակապվեն, եթե չկա բացառիկ իրավիճակ»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ հանձնարարականից հետո գրեթե 90%-ով նկատում է, որ ամրագոտիները կան:

***

«Նիկոլ Փաշինյանի մարզային այցելությունների ժամանակ ամբողջ փրկարար ծառայության կազմին ստիպում են ժամերով կանգնել ճանապարհի եզրին, դիմավորել։ Արդյո՞ք օրենքի նման պահանջ կա»,- ԱԺ-ում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին էր ուղղված ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցը։
«Դա ամենայն հավանականությամբ որևէ արարողակարգի, ծառայողական գործունեության կազմակերպման մաս կարող է լինել։ Կդիտարկենք օրենքի շրջանակներում նման դրույթի առկայությունը կամ բացակայությունը, այս պահին չեմ հիշի նման կանոններ։ Բայց եթե որևէ հարց լինի, կանդրադառնանք օրենսդ8ության տեսանկյունից»,- պատասխանեց նախարարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more