2013թվ-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվել է Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդեսը, որին լուսանկարիչն անձամբ ներկա է եղել: Իր այցի ժամանակ Արա Գյուլերը Հայաստանի ազգային պատկերասրահին անհատույց հանձնել է 160 լուսանկար: Asekose.am-ն օրերս Ստամբուլում էր «Կտոր M Հայաստան» հեռուստահաղորդման նկարահանումների նպատակով և այդ շրջանակում էր հանդիպել նաև հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերի հետ: Թե նա, թե նրա օգնական Ֆետիհ Բեյը մեզ փոխանցել էին, որ ՀՀ մշակույթի նախարարությանը հայտնել են, որ Հայաստանում թանգարան ունենալու ցանկության, ինչպես նաև նոր լուսանկարներ նվիրելու պատրաստակամության մասին:
«Արա Գյուլերն իր այցի ժամանակ նման ցանկություն հայտնել էր, ինչը մենք ևս տեսականորեն ունենք. արդեն կիրառական իմաստով պետք է նման հարմարություններ և հնարավորություններ ստեղծվեն, որպեսզի դա իրականացվի: Առհասարակ, այդ գաղափարը մեր հեռանկարներում կա, պետք է դիտարկել առանձին թանգարան ունենալու հնարավորության հարցը: Այս պահին պայմանավորվել ենք, որ իր նվիրած 160 նկարները պետք է ցուցադրվեն ոչ թե ժամանակավոր, այլ` հիմնական ցուցադրության, մինչև որ ավելի լավ պայմաններ հնարավոր կլինի ստեղծել: Մշակույթի նախարարության տիրապետության տակ կամ մշակույթի նախարարության ունեցած հնարավորությունների սահմաններում առանձին շենք գոյություն չունի, եթե հնարավորությունները ստեղծվեն, բնականաբար, մենք էլ ցանկություն ունենք, որ այդ հարցը լուծվի առանձին թանգարանի ձևով, եթե ոչ, ամեն պարագայում մեր գերխնդիրը վարպետի գործերը Հայաստանում պատշաճ ներկայացնելն է: Սկզբունքը պետք է լինի ոչ թե թանգարան լինել կամ չլինելը, այլ` արդյոք ցուցանմուշները հասանելի են հանրությանը, պատշաճ են ներկայացվում, կամ առանձին են ներկայացվում և ճիշտ շեշտադրումներով` թանգարանային ցուցադրության տեսանկյունից: Այս պահին մեր գլխավոր պատկերասրահում առանձին հարկ ենք հատկացրել` մի բան, որը որևէ այլ լուսանկարիչ Հայաստանում չունի»,-Asekose.am-ին հայտնեց մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:
Իսկ այն հարցին` արդյոք մշակույթի նախարարությունը ցանկությունի չունի Արա Գյուլերի արխիվի վերաբերյալ նրա հետ պայմանագիր կնքել, Ներսես Տեր-Վարդանյանն ասաց, որ իրենք նման նպատակ ունեն.
«Եթե Արա Գյուլերը նման ցանկություն ունենա, բնականաբար, նման նպատակ կա: Առաջարկը պետք է լինի իր կողմից, այլ ոչ թե մեր, ինչը, սակայն, դեռ չի եղել»:
Հավելենք, որ Asekose.am-ի հետ զրույցում Արա Գյուլերը նաև անդրադարձել է վերջերս թուրքական մամուլում հրապարակված տեղեկությանը, որի համաձայն` հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերը «Դողուշ» հոլդինգի հետ պայմանագիր է կնքել, որով թուրքական ընկերությանն անցնելու է Արա Գյուլերի ողջ արխիվը։ Անդրադառնալով այս թեմային` օրերս Արա Գյուլերն Asekose.am-ին ասաց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. Արա Գյուլերի պնդմամբ` արխիվի մասին որևէ խոսակցություն չկա, պարզապես տրապիզոնցի թուրք իր մտերիմի հետ պայմանավորվածություն ունի, որ հետևելու է Ստամբուլի կենտրոնում՝ Իստիկլյար պողոտայում գտնվող Ara Kafe-ի կառավարումը, քանի որ ինքն այլևս չի կարող զբաղվել դրանով:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան