▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի՛ սկսիր, դեռ ուշ չէ». խաղաղ երկինք, թվացյալ ապահովություն, բայց...

«Մի՛ սկսիր, դեռ ուշ չէ». ահա այս խորագիրն է կրում սոցիալական նոր անիմացիոն  հոլովակը, որն ուղղված է ծխելու դեմ: Ծրագիրն իրականացրել է «Շարունակական մասնագիտական զարգացման հայկական ասոցիացիա» ՀԿ-ն՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Asekose.am-ը զրուցել է հասարակական կազմակերպության անդամ, հակածխախոտային սոցիալական հոլովակի համահեղինակ Դավիթ Հարությունյանի հետ:

Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ նախաձեռնության հեղինակները որոշել են հենց այսօր տարածել հոլովակը հատուկ նպատակադրմամբ:

«Այսօր վատ սովորություններին վերջ տալու միջազգային օրն է, ուստի փորձեցինք մերօրյա կարևորագույն խնդիրներից մեկը ներկայացնել հենց այսօր»,-իր խոսքում նշեց  Դավիթը:

Անդրադառնալով նախաձեռնության նպատակին՝ Դավիթը նշեց. « Բոլորս էլ գիտենք, որ ծխելը ամենատարածված վնասակար սովորություններից է, որը հանգեցնում է առողջության լուրջ խանգարման:  Ուստի ծրագրի նպատակն է ծխախոտի և դրա վնասակար սովորությունների մասին իրազեկել հասարակությանը, ցույց տալ մարդկանց, որ իրականում ծխախոտը չարիք է, որը մարդուն կարող է կործանման հասցնել: Մարդկանց օրինակներով ենք փորձում ցույց տալ, թե ինչի կարող է հանգեցնել ծխելը, այն նույնիսկ կարող է մարդուն հասցնել անդունդի եզրին: Մենք կոնկրետ ցույց ենք տալիս, թե ինչի կլինի յուրաքանչյուրի հետ, ով կսկսի սկսի ծխել»: 

27-ամյա Դավիթը, ով 7 տարի շարունակ ծխել է, 1 տարի է արդեն, ինչ կտրականապես հրաժարվել է ծխախոտից՝ քաջ գիտակցելով, որ այն որևէ լավ բանի չի հանգեցնելու:

«Սեփական օրինակով փորձում եմ մարդկանց ապացուցել, որ ծխախոտը միայն վնասակար ազդեցություն է ունենում մարդկանց վրա, որ առանց դրա էլ կարելի է ապրել»,- անկեղծացավ մեր զրուցակիցը:

Asekose.am-ը փորձեց Դավիթից  ստանալ հոլովակի՝ «Մի՛ սկսիր, դեռ ուշ չէ»  խորագրի բացատրությունը:

«Մեր ասելիքը վերաբերում է հավասարապես թե՛ ծխողին, թե՛չծխողին: Ծխողին փորձում ենք համոզել, որ ուշ չէ թողնել ծխելը, իսկ չծխողին՝ հորդորել չբացել անգամ ծխախոտի տուփը»,-պարզաբանեց Դավիթը՝ հավելելով, որ խորագրի հեղինակը Սամվել Սողոմոնյանն է:

Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ հոլովակի մի քանի նախնական տարբերակ է գոյություն ունեցել, սակայն վերջնական լուծումն առաջարկվել է Door Studios-ի  կողմից:

«Միահամուռ կերպով որոշեցինք, որ հոլովակը ներկայացնենք անիմացիոն մուլտֆիլմի ձևով , քանի որ այն ավելի մատչելի  կլինի  հանրությանը, ասելիքն ավելի հեշտ կհասնի մարդկանց»,- պարզաբանեց Դավիթը:

Նա նշեց, որ հոլովակում կապույտ երկինքը, գլանակները, անդունդը իրականում խորհրդանշաններ են, որոնք ծխողներին ու չծխողներին մտորելու տեղիք են տալիս:

«Հոլովակում ներկայացվում է մարդ, ով, թվում է, թե հանգիստ է իրեն զգում՝ խաղաղ երկնքի տակ, թվացյալ ապահով է զգում իրեն՝ կապույտ ամպերի վրա նստած: Սակայն ծխախոտի գլանակները, որոնց վրա իրականում նստած էր մարդը, բարձրանում են վեր՝ թողնելով մարդուն անդունդի վրա: Պետք է նշեմ նաև այն փաստը, որ մենք  մարդուն ներկայացրել ենք անդեմ հատուկ նպատակադրմամբ.փորձում ենք ցույց տալ, որ յուրաքանչյուրը, ով կսկսի ծխել, կնմանվի հիվանդագին դեղնությամբ այդ էակին»,- պատմեց Դավիթ Հարությունյանը:

Ծրագրի նախաձեռնողները նպատակ ունեն նաև ներկայացնելու հակածխախոտային պաստառներ, որոնց վրա պատկերված են լինելու հայտնի մարդիկ, ովքեր թողել են ծխելը, սակայն մեր զրուցակից  դեռևս չցանկացավ անուններ նշել:

«Հուսով եմ, որ 30 վայրկյանանոց սոցիալական այս անիմացիոն հոլովակը դիտելուց հետո մարդիկ մի պահ կմտորեն` արդյոք արժե՞ շարունակել ծխելը, կամ ընդհանրապես սկսել այն»,- Asekose.am-ի հետ զրույցը եզրափակեց «Շարունակական մասնագիտական զարգացման հայկական ասոցիացիա» ՀԿ-ի անդամ, հակածխախոտային հոլովակի համահեղինակ Դավիթ Հարությունյանը:

Հավելենք, որ հոլովակը շուտով կհայտնվի  Երևանի մարդաշատ վայրերում տեղադրված էկրաններին:

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Կարդացեք նաև՝ Ինչո՞ւ է Թուրքիայում արգելված, իսկ Հայաստանում՝ ոչ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more