▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի կողմից՝ չհանդուրժող երիտասարդներ ու հանդուրժող երեսպաշտներ, մյուս կողմից՝ ճանճեր ու բզեզներ

 

Վաղը՝ ժամը 19.00 –ին, Արամի 42/1 հասցեում գտնվող «Նավավար» ձկնալի ըմպելարանում տեղի կունենա երիտասարդ գրող, սցենարիստ Արմինե Բոյաջյանի՝ «Բարձր լարում» գրքի շնորհանդես-վաճառքը:  Asekose.am-ը զրոււցել է հեղինակի հետ գիրքը գրելու շարժառիթների, դրա բովանդակային առանձնահատկությունների, կերպարների մասին և ոչ միայն: 

Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Արմինե Բոյաջյանը սկսել է ստեղծագործել դեռ վաղ հասակից, գրել է հիմնականում չափածո գործեր:

«Հիմա երբ մի պահ հետ եմ նայում, հասկանում եմ, որ դրանք թույլ գործեր էին, ինչը շատ բնական եմ համարում, քանի որ փոքր երեխայից դրանից ավելին ակնկալելն անհեթեթ կլիներ»,-անկեղծացավ մեր զրուցակիցը՝ հավելելով, որ տարիքին զուգընթաց՝  սկսել է գրել էսսեներ, պատմվածքներ ու կարճ պիեսներ:

Անդրադառնալով «Բարձր լարում» գրքին՝ Արմինեն նշեց, որ գիրքը գրել է մի շնչով, մոտավորապես՝ 3 ամսում:

«Գաղափարը ծագել էր վաղուց, սակայն դրա իրագործման համար հարմար ազդակ հանդիսացավ Բաղրամյան փողոցի երիտասարդների անհնազանդությունը»-պատմեց Արմինեն:

Հեղինակի խոսքով՝ գիրքը հայի տեսակի, ներքին ցանկության, արտաքին խանգարող հանգամանքների մասին է:  

Asekose.am-ի այն հարցին, թե ինչու է գրել հատկապես Բաղրամյանի ցույցերի մասին, քանի որ վերջին ժամանակներում տարբեր բողոքի ակցիաներ են եղել, Արմինեն պատասխանեց. «Բարկանում եմ, երբ ասում են, որ «Բարձր լարում» գիրքը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հասարակության բողոքի մասին է: Բաղրամյանը միջոց էր` արտահայտելու այն, ինչ կուտակված էր իմ ներսում, այն հայի, այսօրվա, երեկվա, վաղվա իմ, բոլորիս երկրի, քաղաքի, տեսակի մասին է»:

Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ գիրքն ունի երկու զուգահեռ զարգացող սյուժե, մեկն անարատ հայ գյուղացու ու գյուղի մասին է, մյուսը` Բաղրամյան փողոցի երիտասարդների անհնազանդության:

«2 սյուժեները զարգանում են զուգահեռաբար, իրար կողք կողքի: Գյուղում էլ ներկայացվում է հանրահայտ մի կաթիլ մեղրի պատմությունը, որի պատճառով անմեղ մարդիկ են տուժում: Նույն բանն էլ տեղի ունեցավ Բաղրամյան պողոտայում: Առաջին հայացքից, միգուցե, սովորական ընթերցողը չկարողանա հասկանալ դրանց ներքին կապը, շատերին նույնիսկ կարող է թվալ, որ ես գրքի հիմնական թեմայից շեղվում եմ, սակայն մի քիչ ուշադիր ընթերցողը, ով նաև ականատես է եղել Բաղրամյանի դեպքերին, կհասկանա, որ այս երկու պատմությունները սերտորեն կապված են միմյանց հետ»- պատմեց գրքի հեղինակը:

Մեր այն հարցին՝ արդյո՞ք գրքում կան իրական հերոսներ, Արմինեն նշեց, որ իր հերոսները չունեն կոնկրետ անուններ, քանի որ ինչպես առհասարակ գրականության, այնպես էլ իր գրքի հերոսը սովորական մարդն է:  

«Իմ հերոսները մի կողմից՝ գյուղացիներ են, խուլ, աշխարհից կտրված իրենց անկյունում ապրող գյուղացիներ,  մյուս կողմից՝ չհանդուրժող երիտասարդներ են, հանդուրժող երեսպաշտներ: Կան նաև սիմվոլիկ հերոսներ` կենդանիներ, բզեզներ»,- պարզաբանեց Արմինե Բոյաջյանը:

Asekose.am-ի այն հարցին՝ արդյո՞ք պատրաստ է քննադատություններին, քանի որ Բաղրամյանի դեպքերի մասին իր գրածները, միգուցե, միանշանակ չընկալվեն, Արմինե Բոյաջյանը պատասխանեց. «Ես պատրաստ եմ լսել և ընդունել ցանկացած առողջ քննադատություն: Պարզապես հորդորում եմ գիրքս հասկանալ ոչ թե որպես միտինգ, այլ` որպես գրականություն: Ես լրագրող չեմ, որ փաստ է արձանագրում, ես գրող եմ, ով մտահոգված է իր հայրենիքի ներկա վիճակով, մտածում է իր հայրենակցի ապագայի մասին, ով սիրում է իր երկիրը, ով գնահատում է իր կողքին ապրողին, ով աչք չի կարող փակել կատարվածի վրա»:

Ժամանակակից գրականության և քննադատության մասին ուրույն կարծիք ունեցող Արմինեն կարևորում է հատկապես արձակագիր, սցենարիստ Ռուբեն Հովսեփյանի կարծիքը, ումից շատ բան է սովորել: «Այն, ինչ կամ, այն, ինչ դեռ կլինեմ` որպես ստեղծագործող, նրա ջանքերի համագումարն է: Ունեցել եմ և ունեմ մեծ ուսուցիչ, ում երախտապարտ եմ միշտ»:

«Հավատարիմ մնալ ինքդ քեզ ու քո սկզբունքներին». ահա այս կարգախոսով է առաջնորդվում Արմինե Բոյաջյանը թե՛ կյանքում, թե՛ գրականության մեջ:

«Այս գրքով էլ ուզում եմ մարդկանց ապացուցել, որ  պետք է հավատարիմ մնալ ինքդ քեզ, պետք չէ վախենալ հոսանքին հակառակ գնալուց, դեմ գնալ սեփական սկզբունքներին միայն նրա համար, որ գոհացնես քեզանից ուժեղին: Հուսամ ընթերցողը կմեկնի գրքիս ասելիքը»,-Asekose.am-ի հետ զրույցը եզրափակեց «Բարձր լարում» գրքի հեղինակ, երիտասարդ գրող և սցենարիստ Արմինե Բոյաջյանը:

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more