Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ որպես ՄԵԿ, ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ, ՈՒՂՂԱՓԱՌ, ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ, ունի իր Նվիրապետական սուրբ կարգն ու սարքը:
Արդ, որևէ մեկը, եթե սուրբ մկրտությամբ և իր հոգևոր գիտելիքով ու կյանքով անդամ է Հայոց Եկեղեցու, սուրբ պարտք ունի նախանձախնդրությամբ մնալու եկեղեցական կարգավորության մեջ՝ անվերապահ հավատարմությամբ պահելով Հայոց Եկեղեցու ուղղափառ վարդապետությունը:
Այսօրվա հանրային մեր իրավիճակում, սակայն, արձանագրում ենք, որ կարծիք արտահայտողները, լինեն պարզ քաղաքացի կամ հանգամանք ունեցող անձ, ամբողջապես համակված են բողոքական անկարգ ուսմունքներով ու գաղափարներով, որոնք Հայոց Եկեղեցու սուրբ ավանդության, հրամանակագ ուղղափառ վարդապետության և կարգավորյալ աստվածապաշտության ու հոգևոր կյանքի հետ որևէ աղերս և ընդհանրություն չունեն: Հետևաբար, բոլոր անպատկառ և անպարկեշտ, անհեթեթ խոսքերը, մտքերն ու հարցերը, որոնք հնչում են՝ պայմանավորված են այդ մերժելի ուսմունքներով ու գաղափարներով, որոնք մեկ նպատակ են հետապնդում՝ Հայոց Եկեղեցու սասանում, Հայոց ուղղափառ և սուրբ վարդապետության վերացում: Եվ այդպես՝ ԱԶԳԻ ոչնչացում իր պատմությամբ, ավանդով ու արժեհամակարգով:
Արդարև, Հայոց Եկեղեցու և հայ հոգևորականի դեմ այս սլաքները նոր չեն, և դարերի հոլովույթում որքա՜ն նման սլաքներ են ջարդվել Հայոց Եկեղեցու և հայ հոգևորականության կողմից:
Այս տողերը գրում եմ Ձեզ համար, իմ սիրելի ընկերներ, որպեսզի քաջ մնաք և հավատարիմ Ձեր Սուրբ Եկեղեցուն և Ձեր հոգևոր ինքնությանը, ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅԱՆԸ, որն աշխարհի և ժողովուրդների բանալին է»:
|