«Ֆաշիզմի և նացիզմի հերոսացման և վերածննդի հետ կապված գործընթացը Ռուսաստանի քարոզչական դաշտում սկսվել է 2016 թվականից: Այդ ժամանակ հարցը բարձրացնողները հասարակական դաշտից էին: 2017 թվականի վերջից այս հարցը քաղաքական էլեմենտներ սկսեց կրել: Եվ նրանց, ովքեր ֆաշիզմի հերոսացումը կանխարգելու ջատագովն են, ուզում եմ հորդորել, որ ամեն ինչ սկսեն իրենց տնից: Այսպես՝ գեներալ Ատաման Կրասնովը գաղափարական առումով բոլշևիկյան ու խորհրդային իշխանությունների թշնամիներից մեկն էր: Ծառայել է գերմանացիների մոտ: ԽՍՀՄ տարածքների մի մասի օկուպացման ընթացքում անուրալի ծառայություն է մատուցել Գերմանիային ու այդ անձի արձանը տեղադրված է Ռոստովի մարզում, նրա վերաբերյալ ցուցատախտակներ կան տարբեր վայրերում: Ամեն կերպ նրան փորձում են արդարացնել ու ոչ հանցագործ ներկայացնել: Հարավային Կովկասում էլ նրա կենսագրությունն ունեցող կա, դա Մամեդ Էմին Ռասուլզադեն է: Նա 1918-20թթ. Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության հիմանդիրներից է, հայտնի իր հակախորհրդային գործունեությամբ: Նա 1930-ական թթ. սկզբում ծառայության է անցնում Լեհաստանում, ապա ծառայություններն առաջարկում գերմանացիներին: Եղել է կովկասցի ռազմագերիների լեգեոնների պատրաստողն ու պատասխանատուն: Ինչպե՞ս են ադրբեջանցիները վերաբերում նրան ու ինչո՞ւ այս մասին չեն խոսում այս խնդրով մտահոգ Մարկովն ու իր կոլեգաները: Անիրազե՞կ են: Այս մարդու 130-ամյակը մեծ շուքով տոնել են, ավելին՝ նկարը պետական խորհրդանիշների վրա է: Ադրբեջանական 1000 մանաթի վրա նրա նկարն է, կան փողոցներ, գրքեր»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը:
Նրա խոսքով՝ պարզապես փորձում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում:
Քաղաքագետ Արթուր Ղազարյանը ցավով է նշում՝ այս հարցն արդեն քաղաքականացվում է:
«Երբ որ Նժդեհը Բալկանյան պատերազմում պայքարում էր թուրքերի դեմ, ուղղակի, թե անուղղակի ռուսական շահը կար: Նույնը նաև Առաջին աշխարհամարտի ժամանակ: Գարեգին Նժդեհի միակ շահը հայությունն ու հայկական պետականությունն էր: Ի դեպ, տարիներ առաջ Կապանում ոչ միայն հուշարձան, այլև մի ամբողջ հուշահամալիր կառուցվեց, այդ ժամանակ ինչո՞ւ աղմուկ չբարձրացավ: Նշանակում է, որ այս ժամանակահատվածում էր պետք: Որոշ չափով կապ ունի նաև ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայանգրի կնքումը»,-նշեց Արթուր Ղազարյանը:
Քաղաքագետն այստեղ նաև թուրքական գործոնն է տեսնում՝ կապված հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման հետ:
«Հայաստանին տարածաշրջանում գաղափարական, ռազմավարական առումներով փորձում են մեկուսացնել, կեղծ, արհեստական թեմաներով հարվածել: Այստեղ թաքնված վտանգներ կան»,-ընդգծեց Արթուր Ղազարյանը:
Հիշեցնենք՝ տեղեկություն էր հրապարակվել, որ նախորդ շաբաթ Ռուսաստանի Պետդումայում կայացած «Ֆաշիզմի հերոսացման և նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի, օրենսդրական ասպեկտներ» թեմայով կլոր սեղան-քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցել են Պետդումայի պատգամավորներ, Դաշնության խորհրդի եւ հանրային պալատի անդամներ, ՌԴ նախագահի թեկնածուներ, քաղաքագետներ, փորձագետներ ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Նրանցից ոմանք հայտարարել են, որ Հայաստանը այն երկրների թվում է, որտեղ այսօր կան ֆաշիզմի հանցակիցների արձաններ: Քննարկման ժամանակ ելույթ է ունեցել քաղաքագետ Սերգեյ Մարկովը, ով հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ, մեղադրել է Հայաստանին` ֆաշիզմին օժանդակելու մեջ: Ավելին՝ հայտնել է, թե Երևանում Նժդեհի արձանը քանդելու հանրագիրը Change.org կայքում ստորագրել է ավելի քան 200 հազար մարդ։
Անի Կարապետյան