Հրաշք, հոգեվարք եւ… հարություն։
Մեր ինքնագույն, խորիմաստ ու ամենասեր փարոս-քաղաքը դարերով իր մարմնի վրա եւ հոգու մեջ ապրել է կյանքի մատուցած յուրաքանչյուր եղանակը։ Տանջանք ու բերկրանք, բռնազավթում ու հատուցում, մահ ու կյանք։
Եթե այս աշխարհում կա հավերժություն, այդպես էլ հավատում ենք՝ հենց Շուշին է, առաջին հերթին, որ հավերժ է։
Ինչպես մեր սերնդի օրերին եւ հերոսների արյամբ՝ նա ազատության կարճատեւ շունչն առավ, այդպես էլ շարունակում է խորհրդանշել ամենատարրական, ամենադաժան կենսադասը։
Պատասխանատվությունն ստանձնելու համար է՝ երբեք չչարաշահելու, ուրիշների վրա չբարդելու եւ, կարեւորը, ամեն րոպե, զօրուգիշեր փայփայելու, պահել-պահպանելու համար։
Չկարողացանք։
Հիմա, սակայն, աննահանջ աշխատելու, արարելու, մեր հայրենիքի հավերժությանն արժանանալու հանգրվանն է։
Հարությանը կարելի է միայն այս ճանապարհով հասնել՝ մենք եւ մեր սերունդները։
Ցավի, կսկիծի, նվաստացման ու մատնության դավադիր բառապաշարից այն կողմ՝ այսօր պիտի կոչենք՝ հազար փա՛ռք երկիր պահողներին եւ… հառա՛ջ, «հառա՛ջ, նահատակ ցեղի անմահներ»։
Միաշունչ եւ միակամ՝ կեցցե՛ն Շուշին, Արցախը, Հայաստանը համայն։
8 մայիսի 2025
Երեւան