▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կապան ֆեստը հայտարարում է ծրագրային փոփոխությունների մասին․ արտիստը հոսպիտալացվել է

Պարզաբանում․ Լուրն այն մասին, թե Մարթա Արգերիխն ունեցել է առողջական խնդիր կամ հոսպիտալացվել է՝ չի համապատասխանում իրականությանը և հերքվում է մեր կողմից

Կապան Ֆեստը հայտնում է, որ աշխարհահռչակ դաշնակահարուհի Մարթա Արգերիխի համերգները չեղարկվել են։ Տեղեկացնում ենք, որ լուրերն այն մասին, թե նա ունեցել է առողջական խնդիր կամ հոսպիտալացվել է, չեն համապատասխանում իրականությանը և միանշանակ հերքվում են մեր կողմից։

Կապան Ֆեստն՝ ի պատասխան հանդիսատեսի հարցադրումների, հայտնում է, որ աշխարհահռչակ դաշնակահարուհի Մարթա Արգերիխի, ինչպես նաև Թեոդոսիա Նտոկուի, Դեյվիդ Խոակին Չենի, Լիդա Չեն Արգերիխի մասնակցությամբ բոլոր համերգները չեղարկված են։

«Մարթա Արգերիխ և Ընկերներ» համերգները չեղարկվել են բացառապես այն պատճառով, որ լեգենդար դաշնակահարուհին որոշել է կարճատև և արժանի հանգիստ վերցնել։

Ուրախ ենք տեղեկացնել, որ տիկին Արգերիխը տանն է, լավ ինքնազգացողությամբ, ոչ մի օր հիվանդանոցում չի անցկացրել և պատրաստվում է իր առաջիկա համերգներին, որոնց աշխարհի բոլոր երկրներում անհամբեր սպասում է արվեստասեր հանդիսատեսը»․ շեշտում է Կապանի միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար, թավջութահակար Սևակ Ավանեսյանը՝ նաև հստակեցնելով, որ Կապան Ֆեստի ղեկավարությունն ու կազմակերպիչները, ինչպես նաև պաշտոնական էջերը Մարթա Արգերիխի համերգների չեղարկման վերաբերյալ որևէ պարզաբանում չեն ներկայացրել, հարցազրույցներում փառատոնի պատասխանատուները չեն հրապարակել նրա առողջության վերաբերյալ որևէ մանրամասնություն, իսկ տարածված ապատեղեկատվությունը թյուրիմացաբար վերագրվել է Կապան ֆեստին։

Կապան Միջազգային Երաժշտական Փառատոն

***

Հուլիսի 4-ից Սյունիքի մարզի Կապան քաղաքում ընթանում է Կապանի միջազգային երաժշտական ամենամյա փառատոնը՝ միջազգային ճանաչում ունեցող 30-ից ավելի հրավիրյալ երաժիշտների ամենօրյա բազմաժանր համերգներով, ինչպես նաև նրանց կողմից ավելի քան 50 երիտասարդ երաժիշտների համար վարպետության դասերով։

Փառատոնի կազմակերպիչները, երաժիշտները և հանդիսատեսը սպասում են նաև աշխարհահռչակ դաշնակահարուհի Մարթա Արգերիխի կատարումներին, որոնք նախատեսված էին հուլիսի 12-ին, 14-ին և 15-ին։ Սակայն վերջին օրերին հայտնի դարձավ, որ արտիստը հոսպիտալացվել է՝ երկարատև հյուրախաղերից հետո գերհոգնածության պատճառով, և բժիշկները նրա համար առաջիկայում անցանկալի են գնահատվել հեռավոր ուղևորությունները։ Այդուհանդերձ, «Մարթա Արգերիխ և ընկերներ» համերգային ծրագիրն ուժի մեջ է, քանի որ նրա ընկերներից Իդո Բար Շայը և Հոնգհայեկ Լիմը հանդես են գալու Կապան ֆեստին։

Մարթա Արգերիխն իր ընկերոջը՝ փառատոնի հիմնադիր, թավջութակահար Սևակ Ավանեսյանին, որի հրավերն ընդունելով՝ պատրաստվում էր այցելել Կապան, փոխանցել է, որ ցավում է ստեղծված իրավիճակի համար, հայցում է հանդիսատեսի ներողամտությունն ու խոստանում առաջիկայում այցելել Հայաստան՝ առաջին իսկ հնարավորության դեպքում հանդես գալ նախատեսված ելույթներով։

«Մարթա Արգերիխի այս ուղերձը նշանակում է՝ մենք պահպանում ենք ծրագիրը, և առաջիկայում անպայման կընդունենք լեգենդար դաշնակահարուհուն, իսկ նրա մասնակցությամբ համերգներն ընդամենը հետաձգված են, - ընդգծեց Սևակ Ավանեսյանը՝ շեշտելով, - Հետաձգվող երեք համերգների նոր ամսաթվերը կհայտարարվեն։ Իսկ հիմա «Կապան ֆեստ - 2025»-ը հայտարարում է աշխարհահռչակ ջութակահար Վադիմ Ռեպինի մասնակցության մասին»։

Վադիմ Ռեպինը աշխարհի ամենապահանջված երաժիշտներից մեկն է։ Նա աշխատել է այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Աշքենազին, Դյութուան, Գերգիևը, Նագանոն, Լևինը, Տեմիրկանովը, և բեմ է կիսել Մարթա Արգերիխի, Միշա Մայսկիի, Չեչիլիա Բարտոլիի, Գոթյե Կապյուսոնի, Ռիկարդո Մուտիի և այլ երաժիշտների հետ։ Վադիմ Ռեպինը, որը նվագում է Ստրդիվարիուսի 1722 թվականին կերտած «Rode» ջութակով, արժանացել է Ֆիանսիայի բարձրագույն պարգևին՝ Արվեստի և գրականության ասպետի շքանշանին։ Նա 2014 թվականից իր հիմնադրած Տրասնսսիբիրյան արտ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է։

Կապան ֆեստ - 2025-ի շրջանակներում հուլիսի 14-ին ծրագրված է Վադիմ Ռեպինի համերգը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, իսկ հուլիսի 15-ին՝ կամերային կազմով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more