Ապրիլյան պատերազմական օրերին քաշաթաղցիները համախումբ մասնակցում են հայրենիքի և՛ պաշտպանության, և՛ շենացման աշխատանքներին:
Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանի փոխանցմամբ՝ ապրիլի 2-ին ստեղծվեց օպերատիվ շտաբ՝ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ:
Հազարից ավելի կամավորներ մեկնեցին սահման, և շատերը դեռ այնտեղ են՝ նեցուկ հենակետի զինվորին: Այս օրերին Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Նոր Նորք վարչական շրջաններից, Երևանի պետական համալսարանից և այլ կազմակերպություններից, Քաշաթաղի շրջվարչակազմի կողմից մեծ քանակությամբ սնունդ ու զինվորին անհրաժեշտ այլ պարագաներ են Բերձորում դասակարգվում և շրջանի համայնքների «ՈՒԱԶ» մակնիշի մեքենաներով հասցվում զորամասեր ու մարտական հենակետեր:
Լինելով առաջնագծի տարբեր հենակետերում՝ հանդիպել եմ քաշաթաղցի շատ կամավորականների, ժամկետային զինծառայողների: Բոլորն էլ մի նպատակով են այստեղ՝ անառիկ պահել հայրենի սահմանը: Ստանալով թիկունքի օժանդակությունը՝ ոգևորվում են մեր պահապան-քաջերը: Ոգևորվում են հատկապես դպրոցականներից ստացված նամակ-ուղերձներից: Անցած օրերին Քաշաթաղի շրջվարչակազմում և այլ կազմակերպություններում աշխատող կանանց (շատերի հարազատները նույնպես առաջնագծում են) կողմից հազարից ավելի պոլիէթիլենային թիկնոցներ են կարվել, որոնք նույնպես հասցրել ենք առաջնագիծ:
Շրջվարչակազմի տղամարդ աշխատակիցների մեծ մասը դիրքերում է, մնացածն զբաղված են թիկունքային աշխատանքներով: Օպերատիվ շտաբ է գործում նաև Իշխանաձոր գյուղում: Սնունդ է հատկացվում նաև շրջանի համայնքների բազմազավակ ընտանիքներին ու մարտական հենակետերում գտնվող կամավորականների ընտանիքներին: Ապրիլի 18-20-ին մոտ 30 գյուղական համայնքում ԼՂՀ կառավարության և Քաշաթաղի շրջվարչակազմի կողմից հատկացված սննդի տոպրակները բաժանեցինք նշված ընտանիքներին. գործընթացը շարունակվում է: Այս անգամ էլ մեր բնակիչները հավաստեցին, որ այս հողի տերն են և ոչ-ոք ի զորու չէ հային դուրս քշել Արցախից:
Շատ կանայք, որոնց ամուսինները, որդիները, եղբայրները մարտադաշտում են, հրաժարվում էին իրենց հասանելիքից՝ խնդրելով դրանք հասցնել սահմանի զինվորին: Հպարտ են, որ իրենց հարազատները հենակետերում են. վստահ են՝ հայոց սահմանն անառիկ է մնալու: Իշխանաձորում շրջվարչակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանը, որը նաև շտաբի պատասխանատուներից է, տեղեկացրեց, որ այս օրերին մեծ աշխատանք է իրականացվել նաև գյուղատնտեսական ոլորտում. կատարվել է հակահրդեհային միջոցառում՝ հացահատիկի ցանքատարածքների եզրերին աճած փշաթփերը (մոտ 300հա տարածք) սրսկվել են հատուկ քիմիկատներով: Իշխանաձորում բնակիչները մի քանի հեկտար սոխի և այլ մշակաբույսերի գարնանացան են կատարել՝ հավաստելով, որ սա է իրենց տունը: Շրջանի հյուսիսային գյուղերում բնակիչները խնձորի ու տանձի այգիներ են տնկում: Հարավային Կերեն համայնքն էլեկտրաֆիկացվեց հենց այս օրերին: Բոլոր տեղերում էլ, ճիշտ է, մտահոգ են մարդիկ, որ եղան քառօրյա աննախադեպ իրադարձությունները, որ դեռ պարզ չէ հետագան, սակայն բոլորն էլ վստահ են ու հավատով, որ հաղթանակը մերն է լինելու, որ հայ զինվորն անառիկ է պահելու հայրենի սահմանը: Հավատում են նաև իրենց քաշաթաղցի կամավորականներին, որ նեցուկ են ժամկետային զինծառայողին նաև այժմ: Ապրիլի 18-ին շրջանային բուժմիավորումում ծնվեց սիրիահայ ազատամարտիկ Անդրանիկ Չաուշյանի երկրորդ զավակը՝ Ավետիս որդին: Անդրանիկն այս պահին էլ մարտական հենակետում է: Շրջվարչակազմի կողմից Անդրանիկի կնոջը՝ Քրիստինեին հատկացվեց նվեր և դրամական օժանդակություն: