Ի՞նչն է տղամարդկանց առավել դուր գալիս կանաց մեջ առաջին հանդիպման ժամանակ: Այս հարցի շուրջ կարծիքները կարող են տարբեր լինել, սակայն վստահորեն կարելի է ասել, որ թե՛ տղամարդկանց և թե՛կանանց համար չկա առավել հաճելի բան, քան դիմացինի անկեղծ ու բարի ժպիտը: Իսկ անկեղծ ու բարի ժպիտ պարգևելու համար բավական չէ միայն լինել բարի և ուրախ անձնավորություն, դրա համար պետք է ունենալ նաև առողջ ու գեղեցիկ ատամներ՝ հոլիվուդյան ժպիտ: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում. պարզաբանում է Ավանտա ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի մասնագիտացված կենտրոնների ցանցի բժիշկ-թերապևտ Հովհաննես Ռափյանը:
«Հոլիվուդյան ժպիտ» ասվածը ենթադրում է միայն գեղեցկությո՞ւն, թե՞ նաև առողջություն:
-Նախ ասեմ, որ «հոլիվուդյան ժպիտ» արտահայտությունը մեզ հասել է դեռևս անցյալ դարի մոտավորապես 30-ական թվականներից: Կարող եմ ասել, որ ինչպես հանրային ճանաչում ունեցող, այնպես էլ սովորական մարդկանց ճերմակ ատամնաշարը և բերանի թարմ հոտը մարդկանց՝ միմյանց հետ շփման ամենակարևոր նախապայմաններից են, և որոնք միայն գեղեցկություն չեն. ատամների առողջությունն ու խնամվածությունը մեծապես կախված են մարդու առողջական վիճակից: Այսօր արդեն ապացուցված է, որ ժպիտն օգտակար է առողջությանը, սակայն, ցավոք, ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ լայն ժպտալ՝ ցուցադրելով ատամնաշարը: Հոգեբանները տարբերակում են ժպիտի 19 տեսակ: Ժպիտը կարող է պատմել մեր զգացմունքների, տրամադրության, բնավորության և նույնիսկ մեր ունեցած մտադրությունների մասին: Ժամանակակից ստոմատոլոգիան տարբերակում է ժպիտի ավելի քիչ տեսակներ, սակայն դրանք հնարավություն են տալիս մեզ առավել հստակ ու բավարար տեղեկություն ստանալ ժպտացող մարդու մասին: Օրինակ՝ որոշել տարիքը, ֆիզիկական առողջությունը, առանձնացնել վատ սովորությունների գոյությունը և այլն:
Արդյոք փոխվե՞լ են ժամանակակից մարդու ժպիտի ընդունված ձևերը:
- Եթե հիմք ընդունենք պատմական տվյալները, ապա, իհարկե, այո՛, քանի որ հին գեղանկարչական կտավներն ուսումնասիրելիս կտեսնենք, որ նախկինում մարդիկ իրենց թույլ չեն տվել լիարժեք ժպտալ, այսինքն՝ չեն ցուցադրել ատամնաշարը: Նախկինում առավել տարածված է եղել կիսաժպիտը՝ լուսնաձև ժպիտը, երբ ատամները չէին երևում: Ըստ պատմական տվյալների՝ առաջինը հայտնի նկարիչ Ռեպինն է, որ պատկերել է երեխայի լիարժեք ժպիտը. նա հանգամանորեն պատկերել է երեխայի կծվածքն ու ատամնաշարը: Իսկ հիմա փոխվել են ժամանակները, և նկարահանման հրապարակում ու լուսանկարներում սպիտակ ու առողջ ատամնաշարի առկայությունը ոչ միայն պարտադիր է, այլև հաջողակ մարդ համարվելու կարևորագույն նախադրյալներից մեկն է: Այսօր մարդու լայն տարածված ժպիտը կարող է խոսել նրա դիրքի և բարձր ինքնագնահատականի մասին: Իսկ եթե ժպիտի մեջ կան տարատեսակ անոմալիաներ, որոշակի թերություններ, անհաջող գույն, ձև, կառուցվածք, ապա մարդիկ սովորաբար բարդույթավորվում են և լիարժեք չեն ժպտում՝ ցուցադրելով ատամնաշարը:
Ի՞նչ է իրենից ներկայացնում լիարժեք ժպիտը:
- Որպես կանոն այս կամ այն մարդու ժպիտի լիարժեքությունը և համադրությունը ամբողջ դեմքի հետ որոշվում են կենսաբանական սահմանված հարաչափերով: Սակայն պետք է նաև հաշվի առնել մի շատ կարևոր հանգամանք. մարդու աջ և ձախ կողմերը երբեք համաչափ չեն լինում: Շատ հազվադեպ է պատահում, երբ մարդիկ ունենում են դեմքի կատարյալ ուրվագծեր: Դա է պատճառը, որ մեր ժպիտը կարող է լինել ինչպես կիսաժպիտ, այնպես էլ լիարժեք ժպիտ: Լիարժեք ժպիտ ձևավորող հիմնական տարերն են՝ շրթունքների եզրագիծը, շրթունքների բացվածության ուրվագիծը, ատամների դասավորվածությունն ու կառուցվածքը, գույնը, լինդ ատամ հարաբերակցության համաչափությունը և, իհարկե, համաչափությունը դեմքի կենտրոնական գծի նկատմամբ: Մենք՝ ստոմատոլոգներս, որպես կանոն տարբերակում ենք ժպիտի 3 հիմնական տեսակ: Կտրող ժպիտ, երբ ժպտալու ընթացքում տեսանելի է միայն կտրող եզրագիծը. տվյալ պարագայում ատամնաշարը տեսանելի չէ: Վզիկային ժպիտ, երբ ժպտալիս մենք տեսնում ենք վերևի ատամների լնդերի վզիկային հատվածները: Այս դեպքում ամբողջովին տեսանելի է և՛ ատամների կառուցվածքը, և՛ ձևը, և՛ համաչափությունը և՛ լնդային ժպիտը, որը, ի դեպ, ամենախնդրահարույցն է, քանի որ այստեղ տեսանելի են ոչ միայն ամբողջական ատամները, այլև լնդերը:
Ինչպես նշեցիք, հնարավոր է ժպիտի միջոցով իմանալ մարդու տարիքը, հետաքրքիր է՝ ի՞նչ հետևանքներ են թողնում մեր ապրած տարիները:
-Կա մի շատ պարզ կանոն, որ միջոցով ցանկացած մարդ կարող է հայելու առջև պարզել ժպիտի լիարժեքությունը: Պարզապես անհրաժեշտ է արտաբերել ի տառը, ինչո՞ւ ի–ն, քանի որ այն արտաբերելուց մեր շրթունքները ձգվում են, և ինքնաբերաբար ժպիտ է ձևավորվում: Ինչպես, օրինակ՝ արտերկրում լուսանկարվելիս ընդունված է օգտագործել «Cheese» բառը: Տարբերակումը շատ հեշտ է, քանի որ երիտասարդ տարիքային խմբի մոտ տվյալ տառի արտաբերումը տեսանելի է դարձնում վերևի ատամները՝ մոտավորապես 3 միլիմետրով, իսկ ավելի մեծահասակ տարիքային խմբի մոտ տվյալ տառի արտաբերումը հնարավորություն չի տալիս տեսանելի դարձնել վերևի ատամները, քանի որ մեծահասակ տարիքային խմբի մոտ տեղի է ունենում մկանների տոնուսի անկում, ինչպես նաև ատամների ախտաբանական մաշվածություն, ինչը և ձևավորում է խորը կծվածք: Այդ իսկ պատճառով 35 տարեկանից հետո մենք խորհուրդ ենք տալիս ատամները ձևավորել փոքր-ինչ երկար՝ ժպիտն է՛լ ավելի լիարժեք դարձնելու համար: