▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանը սպառնացել է կտրել Նախիջևանի հետ ցամաքային կապը

Հոկտեմբերի 30-ին բացվեց Հայաստանը շրջանցող շուրջ 900-կիլոմետրանոց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Թուրքիայի և Ղազախստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Նուրսուլթան Նազարբաևը, ինչպես նաև Վրաստանի և Ուզբեկստանի վարչապետեր Գիորգի Կվիրիկաշվիլին և Աբդուլա Արիպովը։

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանի խոսքով՝ երկաթգծի բացումն ավելի վաղ կարող էր լինել, սակայն ձգձգվել է Թուրքիայի պատճառով, որն ունի բացատրություն. «Թուրքիան նախագծի շրջանակներում պետք է կառուցեր 76 կմ երկարությամբ երկաթուղի, որի համար պահանջվեց շուրջ 10 տարի: Հայտնի է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին զուգահեռ որոշ ժամանակ սառեցվեց երկաթգծի կառուցումը, բայց այս նույն ժամանակահատվածում Թուրքիայում ամեն տարի 135-150 կմ երկաթգիծ կառուցվեց, այսինքն՝ կրկնակի, քան անհրաժեշտ էր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի դեպքում: 1 տարում Թուրքիայում կառուցվել են 68 կմ երկարությամբ թունելներ: Այս ամենը նշանակում է, որ Թուրքիան միտումնավոր էր ձգձգում երկաթգծի կառուցումը և դրանք, իմ կարծիքով, երկու կարևոր խնդրով են պայմանավորված: Դրանցից մեկը Ադրբեջանի հետ առկա տարաձայնությունն է, որն է՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումն ու վիզային ռեժիմի վերացումը»,-Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում փորձագիտական քննարկման ժամանակ ասաց թուրքագետը՝ շարունակելով.

«Թուրքիան վերջին տարիներին ամեն կերպ ցանկանում էր Ադրբեջանի հետ ստորագրել ազատ առևտրի համաձայանգիր, բայց ադրբեջանական կողմը խուսափում էր: 2011 թվականի աշնանը, երբ թուրքական պատվիրակությունը Բաքվում բարձրացրեց այդ հարցը, Ադրբեջանի նախագահը խոստացավ ստորագրել, բայց դա տեղի չունեցավ: Թուրքական կողմը դժգոհեց՝ նշելով, որ Ռուսաստանից բերված ձիթապտղի յուղի համար հարկն ավելի քիչ է, քան իրենց երկրից արտահանածի դեպքում: Տոկոսային տարբերությունը 16 և 36 էր:

Ինչ վերաբերում է վիզային ռեժիմին, ապա Թուրքիան Վրաստանի հետ վաղուց ունի ազատ առևտրի ռեժիմ, տարիներ առաջ այն վերացրել է նաև Ադրբեջանի քաղաքացիների համար, մինչդեռ Ադրբեջանն ամեն գնով հրաժարվում է նույնն անել:

Իսկ, թե ինչո՞ւ Ադրբեջանը Թուրքիայի քաղաքացիների համար չի վերացնում վիզային ռեժիմը հարցին պատասխանել է Ադրբեջանի նախագահի հասարակական, քաղաքական բաժնի պետ Ալի Հասանովը, որի խոսքով՝ Ադրբեջանը խնդիր չունի Թուրքիայի հետ վիզային ռեժիմը վերացնելու հարցում, խնդիրն Իրանի մեջ է: Նրա փոխանցմամբ՝ Իրանը Ադրբեջանից պահանջել է վիզային ռեժիմը վերացնել նաև իր քաղաքացիների համար՝ սպառնալով, որ հակառակ դեպքում կկտրի Նախիջևանի հետ ցամաքային կապը։ Իսկ Ադրբեջանը վախենում է վիզային ռեժիմը Իրանի հետ վերացնելուց, քանի որ կարծում է, որ Իրանն իսլամիստ հոգևորականների կուղարկի Ադրբեջան և դրանով կմեծանա իսլամիստների դերը երկրում»:

Հայկ Գաբրիելյանի դիտարկմամբ՝ եթե Ադրբեջանը չհամաձայնի Թուրքիայի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը, ապա Թուրքիան դա կօգտագործի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շարունակությունը հանդիսացող Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգիծն իրագործելու համար, որի միջոցով կարող է դուրս գալ Պակիստան: Իսկ Բաքու-Թբիլիսի-Կարս երկթագիծը, ըստ թուրքագետի՝ կհանգեցնի նրան, որ Ադրբեջանում և Վրաստանում կմեծանա Թուրքիայի ազդեցությունը։

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more