«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն առաջին անգամ կին լրագրողի է մահապատժի ենթարկել: Վերջինս աշխատում էր Սիրիայում: Independent-ը, հղում անելով տեղի լրատվամիջոցներին, ներկայացրել է սպանված լրագրող Ռուկիա Հասանի վերջին խոսքերը:
«Ես գտնվում եմ Ռաքքա քաղաքում, ԻՊ-ը սպառնում է իմ կյանքին: Նրանք սպանելու են ինձ, սակայն ավելի լավ է գլուխս կտրեն, քան ապրեմ ստորացումներով»:
Սպանված կինը «Ռաքքան սպանում են լուռ» կազմակերպության անդամ էր, որը ներկայացնում էր, թե ինչպես են մարդկանց իրավունքները ոտնահարվում Սիրիայում:
30-ամյա Ռուկիա Հասանի մահապատժի հստակ ամսաթիվը հայտնի չէ, սակայն նա դադարել է նորություններ հրապարակել սոցցանցում 2015 թվականի հուլիսին: Մինչ այդ նա պարբերաբար ֆեյսբուքում Նիսան Իբրահիմ կեղծանվան տակ հրապարակում էր իր նյութերը:
Independent-ը հաղորդում է, որ Ռուկիա Հասանը թվով 5-րդ լրագրողն է, ով նախորդ տարվա հոկտեմբեր ամսից մահապատժի է ենթարկվել ԻՊ-ի ահաբեկիչների կողմից: