
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ից նշում են, որ հիշատակված հրապարակումը տարածվել է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ կողմից, և սա առաջին դեպքը չէ, երբ այդ կազմակերպության ղեկավար Ինգա Զառաֆյանը կողմնակալ, չստուգված, մտացածին, անձնական էմոցիոնալ ընկալումների վրա հիմնված տեղեկություններ է տարածում իրենց ընկերության մասին, ինչը արատավորում է ԶՊՄԿ-ի գործարար համբավը:
Պարզաբանման ամբողջական տեքստը կարող եք կարդալ այս հասցեով:
««Էկոլուր» ՀԿ ղեկավար, ինչպես պարզվեց՝ համատեղությամբ նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական - վերլուծական կենտրոնի ղեկավար Ինգա Զառաֆյանի՝ ԶՊՄԿ վրա սևեռված հետաքրքրությունը, մեր ընկալմամբ և Ի. Զառաֆյանի հետ անձնական շփումների արդյունքում ստեղծված տպավորությամբ, անառողջ և պրովոկատիվ կողմնակալ մոտեցումների տիրույթում է, ինչը լրացուցիչ մտորումների տեղիք է տալիս:
Մենք, բարձր արժեվորելով խոսքի ազատության իրավունքը, այս փուլում, այնուամենայնիվ, արդեն ստիպված ենք լինելու դիմել մեր ընկերության հեղինակության պաշտպանությանը՝ համաչափ և ողջամիտ միջոցներով, քանի որ տիկին Զառաֆյանի կողմից հատուկ մեր դեմ նախաձեռնված գործողությունները կարող են բացասաբար անդրադառնալ ԶՊՄԿ կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետության վրա»,-նշված է ԶՊՄԿ-ի նամակում, իսկ պարզաբանման վերջում ափսոսանք է հայտնվում, որ հիշատակված հայտարարության հեղինակները շեղվել են հանրային լսումների բուն էությունից և ընդամենը փորձել են վարկաբեկել իրականացված գործընթացները, ինչը ակնհայտ պատվերի տպավորություն է թողնում:
Լուսանկարը՝ ՖոտոԼուրի