▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու հեռացավ պաշտոնից ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը. բացառիկ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ կեսօրին, անակնկալ կերպով աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը։ Նրա պաշտոնանկությունը, որքան էլ մի կողմից սպասելի էր ոլորտին ներսից տեղեկացվածների համար, մյուս կողմից նույնքան անսպասելի էր լայն հանրության համար։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի են դարձել այս զարգացումների մի շարք բացառիկ մանրամասներ։ Մասնավորապես, ըստ մեր աղբյուրների, Հովհաննիսյանի հեռանալը ոստիկանապետի պաշտոնից պայմանավորված է ներքին անհամաձայնություններով, որոնք առնչվում են ներքին գործերի նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանի հետ ունեցած լարված հարաբերություններին։ Երկու պաշտոնյաների համագործակցությունը երբեք չի եղել ներդաշնակ, սակայն, ինչպես երեւում է, վերջերս այդ լարվածությունը հասել է իր գագաթնակետին։

Նախկին եւ ներկա սերունդների միջեւ վերջին լուրջ բախումը տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած այցից հետո։ Այդ օրերին մի խումբ քաղաքական եւ քաղաքացիական ակտիվիստներ փորձել էին բողոքի ակցիա անցկացնել արտաքին գործերի նախարարության շենքի առջեւ։

Ոստիկանության արձագանքը, ըստ իրավապաշտպանների եւ դիտորդների, եղել է անհամաչափ, ուղեկցված ուժի կիրառմամբ։ Նույն այդ միջադեպի վերաբերյալ ծառայողական քննարկումը վերածվել է լարված վիճաբանության Արփինե Սարգսյանի եւ Արամ Հովհաննիսյանի միջեւ, որի ընթացքում հնչել են փոխադարձ վիրավորանքներ։ Այդ դեպքը դարձել է վճռական Հովհաննիսյանի համար։

Ով է նոր ոստիկանապետը

Արամ Հովհաննիսյանին փոխարինելու է Արամ Ղազարյանը։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Ղազարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահությունը վայելող պաշտոնյա է։ Ի տարբերություն Հովհաննիսյանի՝ նա վարչապետի հետ ուղիղ կապի հնարավորություն ունի»։

***

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանապետի պաշտոնից Արամ Հովհաննիսյանի անակնկալ հեռացման մասին երեկ բազմաթիվ վարկածներ էին շրջանառվում։ Շատերի համար շոկային էր՝ ինչո՞ւ է Փաշինյանն ազատել իր նվիրյալ զինվորին, որին նախկինում Արգամիչի Արամ էին ասում, իսկ իշխանափոխությունից հետո՝ «Նիկոլի Արամ»՝ Փաշինյանին հավատարմության համար։

Չնայած ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նախարար դառնալու օրվանից ցանկություն է ունեցել ազատվել համակարգի երկարամյա պաշտոնյայից, սակայն Փաշինյանի հովանավորության շնորհիվ Հովհաննիսյանը մնացել է` չխորշելով անգամ Եռաբլուրում որդեկորույս մայրերին քարշ տալու հրահանգից։ Ըստ համակարգի աղբյուրների, նրան ազատելու հիմքեր վաղուց կային եւ շատ էին: Մեկն իր որդին էր:

Դեռ մի քանի տարի առաջ նա իր տնտեսագետ ավագ որդուն՝ Կառլենին, Մասիսի ՄՌՈՒ-ի պետ էր դարձրել` առանց մասնագիտական կրթության: Հետո մամուլը գրեց, որ նա փողով վարորդական վկայականներ է տալիս, եւ քրեական վարույթ է հարուցվել: Բայց իշխանական շրջանակներում այս պաշտոնանկությունը կապում են Փաշինյանի ծննդյան օրվա հետ:

Իբրեւ թե ոստիկանապետը հունիսի 1-ին պատշաճ չի կազմակերպել միջպետական մայրուղու Սեւանի ճանապարհը «փակելու» գործը: Հիշեցնենք, որ Փաշինյանի 50-ամյակը նշել են Սեւանի կառավարական ամառանոցում: Ասում են, թե շատ է ջանք դրել` շուտ է փակել ճանապարհը, եւ երբ Փաշինյանն անցել է կորտեժով, սպասող վարորդները տեւական ազդանշաններով «ողջունել» են նրան։

Բացի այդ, ողջ Երեւանը ողողված էր «Շնորհավոր, քեռի Նիկոլ» եւ «Չենք վստահում» մակագրությամբ պաստառներով: Մեզ պատմեցին, որ Արամ Հովհաննիսյանը, որը Փաշինյանի տարեդարձի հյուրերից է եղել, առաջիններից է հեռացել, հավանաբար, Փաշինյանը հենց այնտեղ է ասել` դիմումդ գրի։ Նրան կփոխարինի Լոռվա մարզպետ Արամ Ղազարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more