▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ ունեցվածքով ԱՄՆ կմեկնի` դեռեւս չծնված բնակելի տուն գնած Նարեկ Մկրտչյանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նարեկ Մկրտչյանը շուտով կփոխարինի Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին, ում դեսպան լինելու ժամկետը լրացել է դեռ օգոստոսի 2-ին: Թեեւ նա կարող էր մեկ անգամ եւս երկարաձգել պաշտոնավարումը, սակայն Նիկոլ Փաշինյանը Մակունցին չի թողնում շարունակել աշխատանքը։

ՔՊ-ն շտապել է նաեւ Մկրտչյանին փոխարինող գտնել նախարարի պաշտոնում. նա Նիկոլ Փաշինյանի գովքն անող, կոռուպցիոն եւ հայհոյախառն սկանդալներում հայտնված, բայց դեռ վկայի կարգավիճակ ունեցող Արսեն Թորոսյանն է։

Իսկ ի՞նչ ունեցվածքով է Նարեկ Մկրտչյանը պատրաստվում մեկնել ԱՄՆ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ում դեռ պաշտոնապես չեն ազատել նախարարի պաշտոնից, մինչեւ նախարար դառնալը՝ 2018 թվականի հեղափոխությունից սկսած, եկել էր իշխանության ու դարձել Ազգային ժողովի պատգամավոր։ Մինչ պատգամավոր դառնալը նա շարքային դասախոս էր, ով աշխատում էր «Այբ» կրթական հիմնադրամում եւ ԵՊՀ պատմության ֆակուլտետում։

Պատմական գիտությունների թեկնածու, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարագրել է մեկ անհատական բնակելի տուն Արմավիրի մարզի Փարաքար համայնքում, որը ձեռք է բերել 1956 թվականին, սակայն ինքը՝ նախարարը, ծնվել է 1989 թվականին։ Այս վրիպակը թերեւս շտկման կարիք ունի:

Նախարար Մկրտչյանը հայտարարագրել է 2019 թվականին ձեռք բերված 2012 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի տրանսպորտային միջոց։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 6,1 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն դրամ,հաշվետու տարվա եկամուտները կազմել են 29 մլն 158 հազար դրամ, որից 21 մլն 522 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է նախարարությունից, իսկ Ամերիկյան համալսարանում դասավանդելու համար Մկրտչյանը ստացել է 1 մլն 610 հազար դրամ։

Եկամուտներից 4 մլն 560 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ ՊԵԿ-ից, որը անշարժ գույքի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, իսկ 1 մլն 464 հազար դրամը վարկ է «Ակբա կրեդիտ Ագրիկոլ» բանկից։

Մկրտչյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 46 մլն 542 հազար դրամ, որը անշարժ գույքի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Թեպետ առանձնապես աչքի ընկնող հայտարարագիր չէ, սակայն Փարաքարում նրա եւ ընտանիքի անվան հետ բազմաթիվ կալվածքներ են կապվում. պետական մրցույթների կազմակերպչական գործերում եւս Նարեկ Մկրտչյանն ակտիվ է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more