▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիշելով 90-ականները...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Մի տարեց տաքսիստ, անխտիր հայհոյելով բոլոր քաղաքական գործիչներին, հիշում էր սովետական հին ու բարի կյանքը ու վերջում ավելացրեց.

-Ես վերջին տարիներին համարյա ամեն օր գիշերները, բարձը գրկած, լաց եմ լինում այն երկրի համար:  Վերջին 30 տարվա կյանքս ինձ թվում է վատ երազ, որից չեմ կարողանում ազատվել: 

Ես էլ եմ հիշում իմ մանկությունը,...  դպրոցական վառարանի մեջ կաթացող նավթի հոտը, կարմիր ֆուջիկաների ջերմությունը, վառարանների պատերի կպած կարտոֆիլի շերտերի ախոռժաբեր բույրը, վառարանի դռնակի ճեղքից երևացող վառվող գրքերի թրթռացող բոցը: Երեխաների համար կրակի ջերմության և լույսի մեջ ինչ-որ հիպնոսացնող բան կա:

Հիշում եմ, ավտոբուսների ու տրոլեբուսների մեջ ճզմված, անտարբեր դեմքերը:  Հիշում եմ, մի անգամ, երբ գնում էի երաժշտական դպրոց, միայն մի ձեռքով կախվել էի ավտոբուսի դռից: Այդ պահին միակ երազանքս էր՝ ուժերս հերիքեն մինչև հաջորդ կանգառ:  Հերիքեցին: Դժվար չէր նկատել, թե ինչպես են բարեկեցիկ ընտանիքները հաշված ամիսների ընթացքում վերածվում չքավորների: Մարդկանց աշխարհի ընկալումը սահմանափակվում էր հովհարային անջատումների միջակայքում:  Սոցիալական բարեկեցության բարձրակետը դվիժոկի առկայություն էր:  Հեշտ է տանել զրկանքները, որբ դրանք համատարած են, հատկապես բութ մեքսիկական սերիալների զոմբիացնող ազդեցության ներքո:  Սերիալային հերոսուհիների ճակատագրի "սցենարային" դժբախտություններին համեմատ հայկական դառը իրականությունը ընկալվում էր որպես տանելի ու ժամանակավոր:   

Ավտոբուս-1990-ականներ

Հետո եկավ իրավիճակի իրատեսական գնահատելու ժամանակը: Անկախ և բարեկեցիկ Հայաստանի մասին 1990-ականների պատկերացումները և միամիտ, իդեալականացված երազանքները ջարդուփշուր եղան, երբ հանդիպեցին իրականությանը:  Շատերը չէին ուզում հավատալ, որ այլևս հետադարձի ճանապարհ չկա, այլևս անցյալի նման չեն ապրելու: Շատերը այնքան բարձր էին գոռացել ժամանակվա կարգախոսները, որը ենթագիտակցորեն իրենց մեղավոր ու հանցակից էին զգում դրանց հետևանքների և առկա իրավիճակի համար: Ճակատագրի հեգնանք էր, երբ 1990-ին գործադուլ անող մարդիկ, մի քանի տարի անց առհավետ դասվեցին գործազուրկների շարքում: Կարծում եմ, որ 1990-ականները սկիզբ դրեցին մի երևույթի, որի հետևանքները առկա են մինչև այժմ: Համատարած և մինչև ոսկորները թափանցածՎԱՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ և ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ: Հիասթափված լինելու զգացումը, բերում էր երեք վարքային մոդելի՝ փոխել իրականությունը, համակերպվել իրականությանը և փախչել իրականությունից: 

Երկու աստղ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երբ երեխադ սոված է,  մրսում է, հիվանդ է, իսկ դու չես կարող քեզ թույլ տալ գնել դեղեր, անհամեմատ դժվար է մտածել վերացական "անկախության",  "սովետական տոտալիտարիզմի" և "գալիք լավ ժամանակների" մասին, հատկապես,  երբ անցյալի նկատմամբ ատելություն ներշնողների երեխաները կուշտ են, տաքուկ շորեր են հագնում և հանգստանում են արտասահմանյան կուրորտներում:  Մի քանի տասնյակ տարիներ գործարաններում աշխատած բանվորները մի լուսավոր առավոտ բացահայտեցին, որ իրենց գործարանը մի քանի վաուչերով վաճառվել է ինչ-որ մարդկանց, որոնք առանց երկմտալու և օրենքի սահմաններում կարող են դուրս տշել բոլորին: Որպես կանոն այդպես էլ արեցին:  Մարդիկ սկսեցին գիտակցել, որ այս երկիրը իրենցը չէ:  Միգուցե սա էլ արտագաղթի կարևոր պատճառներից էր:

Զարգացած արդյունաբերություն ունեցող երկրում ամենաշահութաբեր բիզնեսը դարձավ մետաղի ջարդոնի հավաքում: Բանվորները,  ինժեներները և ամեն տեսակի և մաշտաբի գիտնականները  վերածվեցին "մութ" անցյալից ժառանգված կույր աղիքի, որոնց գոյությունը կապիտալիզմի առաջարկի և պահանջարկի պայմաններում տեղ չուներ:    

Հացի հերթ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1991 թվականի գաղափարախոսությունը իսպառ արժեզրկվել էր 1994 թվականին, բայց այլևս այլընտրանք չկար՝ դեպի հետ տանող կամուրջները այրվել էին,  առջևում հիասթափություն և անորոշություն, իսկ ներկայում առաջ քաշվող գաղափարները արհեստական, անիրատեսական և իրարամերժ էին: Մարկանց միակ ռազմավարությունը  մինչև մյուս հացի հերթը գոյատևելն էր: Ով եղել 1990-ականների հացի հերթում կարող է պատկերացում կազմել սոցիալ-դարվինիզմի և գոյության պայքարի մասին: 

Հացի հերթ2:

Հացը գլխավերևում պահած, մի քանի հարյուր մարդու շրջափակման ճեղքում մի փոքր հաղթանակ էր բոլորիս համար:    Համոզված եմ, գրածս տեքստը 20 տարեկանների IPhone-ական սերնդի համար անհասկանալի և անհեթեթ է: Երբ ես լսում եմ, որ 18-տարեկան աղջիկերը և տղաները գոռում են, որ "իրենք են այս երկրի տերը", մտածում եմ այն ազնիվ ու մի փոքր միամիտ մարդկանց մասին, որոնք 1990-ականներին նույնպես համոզված էին, որ  իրենք են իրենց երկրի տերը: Չեմ ուզում տեսնել մարդկանց, որոնց սպասվում է դառը հիասթափություն, քանի որ սկսած 1991 թվականից ՀՀ-ում գործում է  տնտեսական համակարգ, որում արտադրության միջոցները և ֆինանսները պատկանում են փոքրամասնությանը, որը պաշտպանված է օրենքով: Քանի դեռ չես գտնվում այդ փոքրաթիվ խմբում, ապահաստատ դու չես այս երկրի տերը։ Միգուցե  տաքսիստը դա գիտակցել է,... ամեն գիշեր, գրկելով բարձը,  լաց է լինում՝ հիշելով հին ու բարի ժամանակները: 

Վահե Գալստյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more