▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա է վերջին հնարավոր կանգառը, երբ դեռ կարող ենք փոխել ուղին․ Գալուստ Նանյան

Լրագրող Գալուստ Նանյանը գրում է․ ««Վերջնագնացք՝ առանց արգելակների»

Զգացե՞լ եք։ Իշխանության բառապաշարը ժամանակի հետ փոխվում է, բայց նպատակը նույնն է մնում։

Մի օր բոլոր աղետների համար մեղավոր էին «նախկինները», այսօր՝ հերթը հասել է «հոգեւորականներին»։

Թվում է՝ միակ անփոփոխ բանը հենց իշխանության մոլուցքն է՝ փախչել պատասխանատվությունից։

Երբեմն պիտակ էին սարքում, իսկ երբեմն քրեական գործով վախեցնում։

Բայց իրականում «նախկին» բառը դարձել էր հարմար մշուշ՝ թալանը, դավաճանությունը, պետականության քայքայումը քողարկելու համար։

Իսկ, երբ մշուշը փոքր ինչ մեղմացավ՝ հանրությունը սկսեց սթափվել ու հենց այդ պահին իշխանությունը գտավ նոր թիրախ։

Հիմա մեղավորը՝ հոգեւորականն են՝ լռության մեջ, աղոթքի ու խաչի ներքո փորձում են թշնամի գտնել։

Բայց եկեք ուղիղ ասենք՝ ոչ նախկինը, ոչ հոգեւորականը չի ստորագրել կապիտուլյացիա։

Չի վաճառել պետական գաղտնիքները եւ չի խեղաթյուրել նահատակված զինվորների սուրբ հիշատակը։

Սա իշխանության հերթական փորձն է՝ փոխելով դիմակը՝ պահել էությունը։

Իսկ մենք՝ հասարակությունը, դարձել ենք այս մանիպուլյատիվ գնացքի ուղեւորները։

Ամեն նոր մեղավորով բացվում է նոր վագոն։

Ու գնացքը գնում է։ Բայց… ո՞ւր։

Ուր ենք գնում մենք եւ ո՞րն է այս երկար, մաշված ռելսերի վերջին կանգառը։

Եվ ամենացավալին այն է, որ այդ վերջնական կանգառում այլեւս չի լինի վագոնից իջնելու տարբերակ։

Որովհետեւ վաղուց ոչ ոք չի որոշում՝ ուր է գնում այս գնացքը։

Մենք ուղղակի տեղափոխվում ենք մեղավորներ հորինելու մի կայարանից՝ մյուսը, մինչեւ վերջնական ոչնչացում։

Կարծում եմ հիմա է վերջին հնարավոր կանգառը, երբ դեռ կարող ենք փոխել ուղին։

Հակառակ դեպքում՝ երկիրը կվերածվի փակ, գերբեռնված կայարանի, որտեղ մեղավորները դուրս են, իսկ մենք բոլորս՝ ներսում, որպես մեղադրյալ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more