▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնվել է լուրջ երկընտրանքի առջև. հանրությունը, հասարակական ու քաղաքական ուժերը՝ Եկեղեցու կողքին

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն տևական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանն ու իր քպական խումբը պատերազմ են հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն: Անցած շաբաթ ընդհանրապես գրեթե նոն ստոպ ռեժիմով Փաշինյանը գրառումներ էր անում Եկեղեցու դեմ՝ ընդհուպ, ինչպես իրավաբաններն են նշում, կատարելով հակասահմանադրական կոչեր, այդ թվում՝ Կաթողիկոսի նոր ընտրություններ անցկացնելու, ինչպես նաև Եկեղեցու դեմ հարձակման ինչ-որ ապօրինի կառույց ստեղծելու մասով:

Ընդ որում, հետաքրքիր զուգադիպությամբ, ՔՊ-ն ու Ադրբեջանը, մասնավորաբար՝ Փաշինյանն ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Փաշազադեն հետաքրքիր «զուգադիպությամբ» շատ սինխրոն են գործում Հայ առաքելական եկեղեցու դեմ, որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի հերքել իր հայտարարած պատերազմում Ադրբեջանի ու Թուրքիայի դերը:

Հայ հանրությունը, սակայն, իր միակամությամբ ցույց տվեց, որ ազգայինի դեմ, այդ թվում՝ Եկեղեցու դեմ ցանկացած արշավ սուր դիմադրության է արժանանալու: Ավելին, հետաքրքիր էր հասարակական շարժումների, քաղաքական ուժերի միակամությունը այս հարցում, ինչը, մեր տեղեկություններով, ավելի է նյարդայնացրել ու անհանգստացրել Նիկոլ Փաշինյանին: Օրինակ՝ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը նախաձեռնեց հերթապահություն Մայր Աթոռի տարածքում՝ «պաշտպանելու Վեհարանը սրբապիղծների ոտնձգություններից»: Տպավորիչ էր Վեհափառի դիմավորումը «Զվարթնոց» օդանավակայանում ոչ միայն մեծաքանակ մասնակցությամբ, այլև այն առումով, որ այդտեղ էին տարբեր շարժումների քաղաքական ուժերի՝ «ՀայաՔվե», «Հայաստան» դաշինք, «Հայրենիք» կուսակցություն և այլն, ներկայացուցիչներ, ինչը ցույց տվեց, որ Եկեղեցին կարող է դառնալ միասնականության «մերան»:

Մեզ հետ զրույցում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը նշեց, որ «ՀայաՔվեն» նաև առաջարկում է ստեղծել Եկեղեցու պաշտպանության համազգային հանրային մարմին. «Առաջարկում ենք սկսել խորհրդակցություններ մեկ օրակարգով՝ ստեղծել Հայաստանում կրոնական ազատությունների և Հայոց եկեղեցու պաշտպանության համազգային հանրային մարմին, որի խնդիրն է լինելու արժեզրկել, ապա կասեցնել Հայաստանում խղճի ազատության ոտնահարմանը և Հայոց եկեղեցին կազմաքանդելուն ուղղված փաշինյանական գործունեությունը և կանխել հնարավոր քաղաքացիական բախումները»։

Մեր տեղեկություններով, Եկեղեցու պաշտպանության ու ՀԱԵ կողքին կանգնելու հարցում հասարակության ու հասարակական, քաղաքական ուժերի նման հաստատակամությունը և միակամությունը բավականին լուրջ երկընտրանքի առջև են կանգնեցրել Նիկոլ Փաշինյանին: Նա կա՛մ պետք է մինչև վերջ գնա՝ ավելի շատ ոտնահարելով Սահմանդրությունն ու օրենքները, կա՛մ պետք է ընդունի իր պարտությունն ու հեռանա: Ընդ որում, հնարավոր է՝ ոչ միայն պաշտոնից»։

***

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ 4 օր է՝ Նիկոլ Փաշինյանը գրառում չի արել Վեհափառի եւ եկեղեցու մասին, առավոտյան սաղմոսներ էլ չի տեղադրում էջում, սակայն եկեղեցու դեմ արշավը չի կարելի վերջացած համարել։

Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ այս լռությունը թվացյալ է, վարչակարգը շարունակում է ծածուկ աշխատել եկեղեցու դեմ․ հավաքում են փաստեր, կոմպրոմատներ, մարտավարություն են մտածում, իսկ այս պասիվությունը պայմանավորված է տարածաշրջանի անկայունությամբ, Իրան-Իսրայել պատերազմով:

Փաշինյանը գիտակցում է, որ եկեղեցու դեմ գրառումները՝ հատկապես այս օրերին, իրեն չեն ներվի, ուստի սպասում են՝ ջրերը հանդարտվեն, որ նոր շարունակեն պատերազմը։ Իսկ եկեղեցին վերցրել է իրեն նետված ձեռնոցը․ երեկ կլոր-սեղան էին կազմակերպել եւ բարձրաստիճան հոգեւորականներ, քաղաքական, հասարակական գործիչներ վերլուծում էին Փաշինյանի գրառումները, կոշտ գնահատականներ տալիս։

Հունիսի 16-22-ն էլ Մայր Աթոռը նշելու է Արարատյան շաբաթվա տոները, որոնց առիթով հավատացյալների երկրպագության համար Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներն են դուրս բերվելու: Շաբաթն ավարտվելու է հունիսի 22-ին մայր տաճարում Սուրբ պատարագով, որի ավարտին կհնչի մաղթանք «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության եւ հավետ պայծառության համար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more