A321 ինքնաթիռում պայթյունի հավանական կազմակերպիչը Վիլայաթ Սինայ ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Ուսամա Ալ-Մասրին է: Այս մասին հաղորդում է բրիտանական The Sunday Times թերթը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրներին:
Ինչպես նշում է պարբերականը, Մեծ Բրիտանիայի իշխանությունները հաստատում են այս տեղեկատվությունը: Պաշտոնական Լոնդոնը ծրագրում է նաև օգնել Ռուսաստանին և Եգիպտոսին՝ Ալ-Մասրիին ձերբակալելու հարցում:
Պարբերականը նշում է նաև, որ եթե նման քայլ ձեռնարկվի, ապա բրիտանական SAS հատուկ նշանակության ջոկատի մարտիկները հավանաբար կմասնակցեն այդ գործողությանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության (MetroJet) Airbus-321 օդանավը Եգիպտոսից դուրս է եկել Երևանի ժամանակով ժամը 06։21-ին և թռիչքից 23 րոպե անց անհետացել ռադարների էկրաններից։ Օդանավի բոլոր ուղևորները մահացել են: