▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում վերջապես որոշել են կամուրջների մոտ ցանցեր կախել

Հայաստանում վերջապես որոշել են կամուրջների մոտ կախել ցանցեր, որոնք կխանգարեն ինքնասպանության փորձ անող մարդկանց հեռանալ կյանքից

Հոգեբանների հետ զրույցներում ինքնասպանության փորձ կատարած մարդկանց մի մասը նշում է, որ կամուրջից նետվելու պահին է միայն գիտակցում, որ սխալ է անում, որ այլ ճանապարհներ կան խնդիրը լուծելու, բայց արդեն ուշ է լինում: Այնպես որ կամուրջների մոտ ցանցեր կախելը շատ ճիշտ որոշում է, որն աշխարհում ընդունվել է տարիներ առաջ, իսկ Հայաստանում նոր-նոր սկսել են մտածել դրա մասին: Ինչևէ, ավելի լավ է ուշ, քան ավելի ուշ:

Բայց մերոնք մի կարևոր բան բաց են թողել. բառացիորեն երկու օր առաջ հեռուստացույցով մի ոստիկան ամբողջ հանրապետությունով հայտարարեց, որ պատրաստվում են այսինչ և այնինչ կամուրջների մոտ տեղադրել ցանցեր: Դա նույնն է, որ ինքնասպանություն գործելու մտադրություն ունեցող մարդուն եթերով, մամուլով և ինտերնետով ասեք, թե կամուրջի վրա որ ժամերին են ծառայություն իրականացնում ոստիկանները: Չե՞ք մտածել, որ բոլոր այն քաղաքներում, որտեղ այժմ կան նման ցանցեր, հանրությանը չեն տեղեկացնում, թե որտեղ են տեղադրված ցանցերը, քանի որ դրանց արդյունավետությունն ուղղակի կախված է ինքնասպանության փորձ անողների անտեղյակությունից:

Իսկ դուք հրապարակավ հայտարարում եք, թե որտեղ և երբ եք պատրաստվում ցանց կախել: Հետո չզարմանաք, որ ցանցերն իրենց չարդարացնեն:

Դա պետք է անել թաքուն, գիշերով ու առանց հայտարարելու:

Հ.Գ. Հա, մեկ էլ, ցանցերը, թաքուն ու առանց հայտարարելու, տեղադրելուց հետո, սովորության համաձայն, դրանց պաշտոնական բացում չանեք:

 

Մովսես Դեմիրճյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more