«Հայաստանում արձանագրվել է գնանկում: Ամենաբարձր գնանկումն արձանագրվել է բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքային խմբում՝ 10.7 տոկոսով, միրգ ապրանքախմբում շուրջ 7 տոկոս, ամենացածր գնանկումը 1.1 տոկոս է՝ մսամթերք ապրանքախմբում»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՎԾ գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը՝ խոսելով 2015 թ.-ի հոկտեմբեր ամսվա գնային փոփոխությունների մասին:
Նրա խոսքով՝ 2015 թվականի հոկտեմբերին 2014 թվականի հոկտեմբերի համեմատ սպառողական գները Հանրապետությունում աճել են 1.9 տոկոսով: Պարենային ապրանքների գները նվազել են 0.9 տոկոսով, հիմնական գնաճը ոչ պարենային ապրանքների դեպքում է ՝ 5.9:
«Առանձնացնեմ բնակչության համար կարևոր գյուղմթերքները՝ կարտոֆիլն ու կաղամբը: Եթե սեպտեմբերի 1-ի դրությամբ կարտոֆիլի միջին հանրապետական գինը նախորդ տարվա գնից բարձր է եղել շուրջ 88 դրամով, ապա նոյեմբերի 1-ի դրությամբ այն արդեն նվազել է 69 դրամով: Անցած տարի ձևավորված միջին գինը 1 կիլոգրամի համար 265 դրամ էր կազմում, այս տարի 196 դրամ է: Նույնը կարելի է ասել կաղամբի դեպքում: Նվազման միտում է արձանագրվում, սակայն պատկերը մի փոքր այլ է: Եթե նախորդ տարվա սեպտեմբերի 1-ին 1կգ կաղամբը 106 դրամ էր, այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 153 դրամ: Նոյեմբերի 1-ի դրությամբ 106-ի փոխարեն 127 դրամ է»,-նշեց Գուրգեն Մարտիրոսյանը:
ԱՎԾ գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետի հաղորդմամբ՝ նախորդ տարվա համեմատ վերջին մեկ ամսում էժանացել են միրգն ու բանջարեղենը.
«2015 թվականի հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ մրգի գները նվազել են 10.3 տոկոսով, իսկ բանջարեղեն ապրանքախմբինը՝ 12.8 տոկոսով: 28 տոկոսով ցածր է խնձորի գինը, տանձինը՝ 31, խաղողինը՝ 32, տոկոսով:
Ցածր են ծաղկակաղամբի (35 տոկոս), լոլիկի (20 տոկոս), վարունգի (13 տոկոս), գլուխ սոխի (18 տոկոս), ճակնդեղի (21 տոկոս), կանաչ լոբու (34 տոկոս) գները:
Գնանկում է արձանագրվել նաև մսամթերքի բաժնում՝ 0.2 տոկոս, ձկնամթերքի գները նվազել են 4.6 տոկոսով, ձվի գները՝ 20 տոկոսով: Կենդանական և բուսական յուղի գինը 4.6 տոկոսով է նվազել , շաքարավազի գինը՝ 2 տոկոսով: Հացամթերքի գներն աճել են 5.2 տոկոսով՝ 2014 թվականի հոկտեմբերի համեմատ:
Դրան հակառակ բարձր է դեղձի, արքայանարնջի, բանանի գինը:
Երևանում վերջին մեկ ամսում հացամթերքի 0.1 տոկոս գնաճ է արձանագրվել:
Ամենաբարձր գնաճն արձանագրվել է Գյումրիում.այն կազմել է 0.3 տոկոս: Արտաշատում նվազել է 1.2 տոկոսով, չնայած 2014 թվականի դեկտեմբերի համեմատ հացամթերիքի գծով արձանագրվել է առավել բարձր գնաճ՝ 8.5 տոկոսով: 12.4 տոկոսով բարձր են գները սուրճ-թեյ-կակաո ապրանքային խմբում: 14 տոկոսով բարձր է հրուշակեղենի գինը: Կաթնամթերքի գներն աճել են 2.9 տոկոսով»,-ասաց Գուրգեն Մարտիրոսյանը:
ԱՎԾ գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետը համեմատության համար ներկայացրեց նաև ԱՊՀ երկրների սեպտեմբեր ամսվա ցուցանիշները.
«Եթե համեմատենք ԱՊՀ երկրների հետ, ապա Հայաստանն այս տարի բացառություն է: 9 ամսվա կտրվածքով ասեմ, որ ՀՀ-ում արձանագրված 2 տոկոս գնանկման պարագայում ԱՊՀ բոլոր երկրներում գնաճ է արձանագրվել: Ամենաբարձր գնաճը Ուկրաինայում է՝ 41.4, Ռուսաստանում՝ 10.4, իսկ Ղազախստանում հոկտեմբերից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում բարձր է գնաճ է արձանագրվել՝ 5.2 տոկոս, ուստի 10-ամսյա գնաճը կազմել է 8.2 տոկոս: ԵՄ երկրներում 9 ամսվա կտրվածքով գնաճը կազմել է 0.2 տոկոս»,-նկատեց Գուրգեն Մարտիրոսյանը:
Անի Կարապետյան