ՀՀ մշակույթի նախարարության հրամանագրով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով՝ ՀՀ պետական խորհրդանիշների հատկապես գերբի վրա որոշակի փոփոխություններ, շտկումներ անելու նպատակով:
Հանձնաժողովի անդամներ՝ ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ու մշակութաբան Գագիկ Մանասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով կատարվող աշխատանքներից՝ նշել էին, որ գերբի վրա կան մի շարք թերություններ.թուրը չպետք է լինի ջարդված, առյուծի բերանը բաց պետք է լինի, լեզուն, ժանիքները պետք է երևան:
Բանախոսները նկատում են՝ գերբը յուրաքանչյուր պետության անձնագիրն է: Ինչպես նայում ես մարդու անձնագրին ու կարծիք ես կազմում նրա մասին, այնպես էլ տվյալ պետության գերբին նայելով կարծիք ես կազմում այդ պետության քաղաքականության, քաղաքական գործերի, անցյալի, ներկայի և ապագայի մասին:
Պատկերների գաղտնագրության, սիմվոլների նշանակության մասին զրուցեցինք նաև էզոթերիկ, պարահոգեբան, նկարիչ Գուրգեն Հովհաննիսյանի հետ: Վերջինի խոսքով՝ սիմվոլները միշտ կապ ունեն էզոթերիկ արտահայտման հետ, իսկ ինչ վերաբերում է գերբին՝ կարևորը գրագետ, ճիշտ ներկայանալն է:
«Յուրաքանչյուր սիմվոլ իր պատմությունն ունի: Մեծ Բրիտանիայի պարագայում, օրինակ, գերբի սիմվոլները արտահայտում են թագավորական իշխանությունը և Բրիտանիայի միասնությունը: Գերբի վրա գրված է՝ Dieu et mon droit, որն արտահայտում է հետևյալ իմաստը՝ Աստված և իմ իրավունքը: ԱՄՆ-ի պարագայում, օրինակ, գերիշխում է 13 թիվը՝ որպես անցումային և նոր փուլի սկիզբ ազդարարող խորհուրդ. ԱՄՆ գերբի վրա գրված է՝ E pluribus unum, այսինքն՝ Շատերից դեպի ընդհանուրը կամ բազմակիից դեպի ամբողջականը: Մեծ Բրիտանիայի մասով ավելացնեմ, որ գերբի հիմքում միաեղջյուրի և առյուծի պատկերներն են, ինչը շատ խորը ու սակրալ հիմքեր ունի: Իսկ ԱՄՆ-ի պարագայում՝ արծիվը այնպես է ընտրված և պատկերված, որն արտահայտում է լեգենդար Փյունիկին՝ վերածնունդն ու հավերժ թարմացող էներգիան:
Ինչ վերաբերում է ՀՀ գերբին՝ էականը առյուծի բերանի բաց կամ փակ լինելը չէ, այլ այն, թե որքան գրագետ և ճիշտ է ներկայացվում»,-ասաց Գուրգեն Հովհաննիսյանը:
Հարցին, թե լինելով նկարիչ, ում նկարներում գերակշռում են սիմվոլները, որոնք կավելացներ գերբի վրա ու դրանք ի՞նչ կխորհրդանշեին, Գուրգեն Հովհաննիսյանը պատասխանեց.
«Ամեն մի սիմվոլ պետք է արտահայտի տվյալ ազգի պատմությունը և հոգեկերտվածքը, պետք է ունենա խորը արխետիպային կապ իր սակրալ պատմության հետ: Հետևաբար ես, որպես նկարիչ և էզոթերիկ, կցանկանայի ավելի վառ արտահայտել Արարատյան թագավորության հարուստ ժամանակը: Կիլիկյան Հայաստանից սիմվոլներ արդեն ունենք ներկայիս զինանշանում, որը շատ տեղին եմ համարում: Եթե կոնկրետացնենք սիմվոլի բնույթը, ապա մենք ունենք ունիկալ սիմվոլներ Արարատյան կամ Վանի թագավորությունից , որոնք ներդաշնակ կերպով կլրացնեն մեր զինանշանը»:
Անի Կարապետյան