▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ մարզիկը շնորհակալ է իր կյանքը փրկած ադրբեջանցի մարզիկին, սակայն խնդրում է ոչինչ չքաղաքականացնել

Համացանցում այս օրերին քննարկվում է, որ Կիպրոսում անցկացված միջազգային մրցաշարի օրերին ադրբեջանցի թեքվոնդոիստ Հասան Հասանզադեն փրկել է Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանի կյանքը: Asekose.am-ի հետ զրույցում Դավիթ Աթանեսյանը նշեց, որ ադրբեջանցի մարզիկը դա արել է` տեղյակ լինելով իր ազգության մասին.

«Հասան Հասանզադեն ինձ շատ լավ գիտի, շատ լավ ճանաչում ենք միմյանց, տարբեր երկրներում էլ նախկինում հանդիպել ենք: Մենք մարզիկներ ենք, քաղաքական գործիչներ չենք, իրար ամեն տեղ էլ օգտակար ենք լինում, դա  ընդհանրապես կապ չունի ագզության հետ»:

Ըստ Դավիթի` սխալ է միայն ադրբեջանցի մարզիկին առանձնացնելը.

«Մրցաշարի ժամանակ  նյարդերի, զայրույթի պատճառով  սրտի  հետ կապված  խնդիր էր առաջացել. այն կանգ էր առել: Միջադեպը տեղի էր ունեցել լողավազանում, ինչից հետո էլ ինձ նկատել և օգնության էր հասել ոչ միայն ադրբեջանցի մարզիկը, այլև` Ռուսաստանի ֆեդերացիայի փոխնախագահը, ինչպես նաև հայ մարզիկը, ով իմ աշակերտն է: Նրանք էլ ինձ դուրս էին բերել լողավազանից: Այստեղ բոլորը կենտրոնացել են միայն ադրբեջանցի մարզիկի վրա, ամեն ինչ քաղաքականացնում են և իրենց հիմար վերնագրերում նշում են, որ ես շնորհակալ չեմ այդ մարդուն, այնինչ` խորապես շնորհակալ և ամբողջ կյանքով պարտական եմ ինձ օգնած մարդկանց»:

Զրույցի վերջում Դավիթ Աթանեսյանը հավելեց, որ Կիպրոսում բուժզննում է անցել, և ամեն ինչ նորմալ է.

«Ներկայումս ինձ հոյակապ եմ զգում և անցել եմ իմ գրաֆիկին»:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more