Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Իշխանությանը» հայտնի է դարձել ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանին ծեծի գործով բացառիկ մանրամասներ․ հանցագործությունը կատարելուց հետո տղամարդկանց տեղափոխում են ԱԺ նախկին պատգամավո Մհեր Սեդրակյանի գազալցակայան։
Երևան քաղաքի «Դալմա» առևտրի կենտրոնի հետնամասի ավտոկայանատեղիում Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրած անձինք են Էրեբունի վարչական շրջանի բնակիչներ Հարություն Հովհաննիսյանը, Հովիկ Համբարձումյանը, Սամվել Խաչատրյանը, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Գրիգոր Պետրոսյանը։
«Իշխանության» աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպից հետո նշված անձանցից մեկը կապ է հաստատել Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի վարորդի հետ։ Նա էլ զանգահարել է Սեդրակյանի մեկ այլ վարորդի, որն էլ Հակոբյանին ծեծի ենթարկած տղամարդկանց Սեդրակյանի դստերը պատկանող ավտոմեքենայով տեղափոխում է Թոխմախում գտնվող Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայան։
«Իշխանությունը» կապ հաստատեց Միհրան Հակոբյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք նա տեղեկացված է իր նկատմամբ բռնություն գործադրած անձանց և Մհեր Սեդրակյանի միջև հնարավոր կապի մասին։ Ի պատասխան մեր հարցադրմանը՝ Հակոբյանը նշեց․ «Նախաքննական գաղտնիք է, մեկնաբանություն անել չեմ կարող»։
Նշենք, որ Հակոբյանը տեղեկությունը փաստացի չհերքեց։
Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Մհեր Սեդրակյանի եւ նրա որդու՝ Դավիթ Սեդրակյանների հետ՝ տեղեկությունը ճշտելու նպատակով, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։
Միևնույն ժամանակ, մեր աղբյուրները տեղեկացնում են՝ Սեդրակյանների և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի միջև հնարավոր կապի մասին։
Հիշեցնենք, որ շրջանառվող միակ վարկածն այն է, որ Միհրան Հակոբյանի ծեծը Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պատվերով է: Հակոբյանը դեպքից օրեր առաջ հարցադրում պարունակող մի գրառում էր արել ԱԱԾ տնօրենի ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ինտիմ կապի մասին ու րոպեներ հետո ջնջել: Լուրեր են շրջանառվում, որ հենց այս գրառման պատճառով է հաշվեհարդարը եղել:
Միհրան Հակոբյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ կատարվածին, ակնարկել էր, որ կրիմինալ տարրեր են «զակազն» իրականացրել։ «Նիկոլը սերտաճել է իր իսկ կողմից քրեածին անվանված բիզնեսի հետ: Բայց որ Նիկոլն ուղղակիորեն կրիմինալի հետ է սերտաճել ու կրիմինալին օգտագործում է քաղաքական գործընթացում, այ դա արդեն նորություն է: Ավելին, քաղաքագիտության կանոններով՝ կրիմինալի հետ սերտաճած Նիկոլի դիկտատուրան առաջիկայում շատ ավելի այլանդակ դրսևորումներ է ստանալու»,- գրել էր նա։
Նշենք, որ դատարանի որոշմամբ Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկած անձինք ազատ են արձակվել»։
Դիտեք նաև՝


