▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակամարտությունների և աղետների պատճառով աշխարհում շուրջ 60 միլիոն մարդ փախուստի է դիմել

 

«Փաստինֆո»-ն գրում է. Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ամբողջ մոլորակում երբեք այսքան շատ մարդ հարկադրված չի եղել լքել իր տունը: Այն պայմաններում, երբ հակամարտության կամ աղետի պատճառով փախուստի դիմած շուրջ 60 միլիոն մարդ կա, հատկապես խոցելի են կանայք ու դեռահաս աղջիկները: 
 
Այս մասին, մասնավորապես, ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` հուլիսի 11-ին նշվող Բնակչության համաշխարհային օրվա առթիվ ուղերձում: 
 
Պան Գի Մունն ընդգծում է, որ մոլեգին ծայրահեղականները եւ զինված խմբավորումները սարսափելի բռնություններ են գործում, որոնք հանգեցնում են տրավմաների, անցանկալի հղիության, ՄԻԱՎ-ով վարակման եւ այլ հիվանդությունների: 
 
«Ամոթը եւ պատասխանատվությունն ուղղակիորեն այն հանցագործների ուսերին են, որոնք փոքրոգի ճակատամարտ են մղում անմեղ էակների մարմինների դեմ:
 
Այս կանայք սոսկ զոհեր չեն: Նրանք հույսեր ունեն, ծրագրեր եւ ներուժ՝ կարեւոր ներդրումներ կատարելու մեր ընդհանուր ապագայի կերտման հարցում: Մենք պետք է հաստատակամորեն պաշտպանենք կանանց առողջությունը, այդ թվում նրանց սեռական եւ վերարտադրողական առողջությունը, եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման գործողություններում նրանց կարիքներին լուծում տանք առաջնահերթ»,-նշում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: 
 
Ըստ նրա՝ միաժամանակ, պետք է անդադար առաջ մղել կանանց մարդու իրավունքները՝ թե անհանգիստ, թե խաղաղ ժամանակներում, որպեսզի նրանք կարողանան օգնել դադարեցնել համակամարտությունը, դիմագրավել հնարավոր հարվածին եւ նպաստել հետեւանքների վերացման աշխատանքներին, ինչի կարիքն այնքան ունեն պատերազմից բզկտված հասարակությունները:
 
«Մինչ Միավորված ազգերի կազմակերպությունն այս տարի նշում է իր 70-ամյա տարեդարձը, եկեք ուժ ստանանք մեր հիմնադիր առաքելությունից՝ հույս ու աջակցություն տալու ամենից խոցելիներին:
 
Բնակչության համաշխարհային այս օրը ես հորդորում եմ երկրներին պարտավորություն ստանձնել հասնելու ցայտուն արդյունքների, ինչը 2015 թվականը կդարձնի համաշխարհային գործողության ժամանակաշրջան՝ առաջին պլան մղելով մարդկանց, որպեսզի նրանք օգնեն կառուցել դիմակայունություն, խաղաղություն եւ կայուն բարեկեցություն ապագա սերունդների համար»,-հորդորում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
 
 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more