▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակամարդկային, դաժան գործողություն՝ Հայաստանում

Վերջերս ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել  առողջ սննդի հարցերին նվիրված կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էր նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ 

Գիտնական,  Ռուսաստանի Դաշնության բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ սնուցման ինստիտուտի տնօրեն Վիկտոր Թուտելյանը ՀՀ ԳԱԱ նախագահությանը և հրավիրվածներին ներկայացրել է առողջ սնուցման գլոբալ մարտահրավերները, դրանց հաղթահարման աշխարհի փորձը: Նրա խոսքով՝ աշխարհն այսօր գնում է մարդուն առողջ պահելու, հիվանդությունները կանխարգելելու ուղղությամբ:

Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ, մարկետինգի, մոնիտորինգի բաժնի պետ Ռուբեն Հայթյանը նշում է՝ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս գործընթացը հիմնականում տարածված է հարավաֆրիկյան, հարավամերիկյան երկրներում, Նոր Զելանդիայում և Ավստրալիայում:

«Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այն անվտանգ չէ, ուստի դիմեցինք ԳԱԱ-ին, որպեսզի լսեն մեզ, սակայն երկու տողով պատասխանեցին, որ չունեն ցորենի ալյուրի հարստացման համապատասխան մասնագետ: Դիմեցինք ՌԴ սննդի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Թուտելյանին և ստացանք նամակ, որ այո՛, կա այդ գործընթացը: Ապա իր կարծիքն էր գրել, համաձայն որի ալյուրի հարստացումը հատկապես ՀՀ-ում ցանակալի չէ՝ հաշվի առնելով ընդերքը, բույսերը և այլն: Հետո ԳԱԱ-ում նրա հետ հանդիպում էր կազմակերպվել: Նա 180 տոկոսով փոխված ձևով խոսեց, իսկ մեզ հորդորում էին հարցեր չտալ»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյանը։

Մանկաբարձ-գինեկոլոգ Ֆեդյա Գսպոյանն էլ  սա համակարգված դավադրություն է համարում, ավելին՝ հիշում է, որ դեռևս 1990 թվականին ընտանիքի պլանավորման անվան տակ ամերիկյան հորմոններ բաժանեցին ժողովրդին:

Ինչ վերաբերում է սակավարյունությանը՝ նշում է.

«Այո՛, կան այդպիսի հղիներ, և մենք նրանց բուժում ենք համապատասխան դեղերով: Այստեղ ի՞նչ մեղք ունեն չհղիացած կանայք, որ պետք է այդ դեղն ընդունեն։ Ես դեմ եմ այն բանին, որ սա լինի համատարած: Ֆոլիաթթուն երբ որ օգտագործում ենք, կան որոշ հիվանդություններ, որոնց ժամանակ հակացուցված է, այն նաև քաղցկեղ է առաջացնում»:

Հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանն էլ նկատեց.

«Աշխարհում այսօր դրված է բազմաթիվ ուղղություններով մարդկանց ոչնչացնելու գաղափարը: Աշխարհի շատ մասնագետներ բարձրաձայնել են, որ ֆոլաթթուն քաղցկեղածին է: Այսօր անտանելի անտարբերություն կա, ինչը շատ վտանգավոր է: Սա հակամարդկային, հակաստվածային, դաժան գործողություն է»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more