Աշխարհում արագանում է ապրելու ռիթմը, և դրան զուգահեռ շատանում են սթրեսները, որոնց հետևանքով էլ մեզ համար առավել կարևորում են այնպիսի մասնագիտությունները, ինչպիսիք են հոգեբանությունը, մանկավարժությունը, լոգոպեդիան: Վերջինները, տեղ-տեղ նաև փոխկապակցված, օգնում են այս օրեցօր աճող լարվածության մեջ վերականգնել մեր կյանքի լիարժեք բիոռիթմը:
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, երբ նշվում է լոգոպեդի միջազգային օրը, մենք այն առիթ կդարձնենք անդրադառնալու լոգոպեդիային, քանի որ այն քիչ է լուսաբանվում հատկապես մեր երկրում:
Ո՞վ է լոգոպեդը, ի՞նչ է լոգոպեդիան.
Բոլոր նրանց համար, ովքեր առիթ չեն ունեցել տեղեկանալ այս մասնագիտության մասին, ծանոթացնենք՝ առանց մասնագիտական տերմինների: Լոգոպեդիան մարդասիրական գիտություն է, որին տիրապետող մասնագետը՝ լոգոպեդը, օգնում է կյանքի տարբեր փուլերում խոսքային խանգարումներին բախվող մարդկանց շտկել առկա խնդիրները: Խոսքային խանգարումներից են մեզ ծանոթ այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են կակազությունը, թլվատությունը, խոսքի բացակայությունը…:
Առաջին լոգոպեդները կարողացել են վերացնել սահմանափակ թվով խանգարումներ և միայն 19-րդ դարի վերջում՝ շնորհիվ բազմաթիվ գիտափորձերի ու մեթոդիկաների նրանք կարողացան նոր փուլ թևակոխել: Այսօր այն արդեն արագ զարգացող մի գիտություն է, որը մարդկությանն օժանդակելու հարցում հասել է հզոր արդյունքների: Հենց այս պատճառով է նաև, որ հանրության շրջանում մասնագիտության ու դրա ձեռքբերումների մասին տեղեկացվածությունը մեծացնելու համար ստեղծվել է այս մասնագիտական տոնը: Իրապես, մեր երկրում ևս պիտի բարձրացնել տեղեկացվածությունը, քանի որ մեր կյանքում քիչ չեն դեպքերը, երբ օրինակ՝ ծնողները, երեխաների խոսքային խանգարումներին ուշադրություն չդարձնելով, խորացած խնդրով- ուշացած դիմում են մասնագետին (դիմելը՝ լավագույն դեպքում, լինում է նաև, որ հաշտվում են խնդրի հետ): Տեղեկանա'նք ու տեղեկացնե'նք, քանի որ ամեն խնդիր ունի իր լուծումը:
Շնորհավորում եմ գործընկերներիս ու մեր հասարակությանը, քանի որ լավ մասնագետը բոլորիս ձեռքբերումն է ու հասարակության մեջ ևս մեկ անձի լիարժեք ապրելու հնարավորություն:
Լոգոպեդ, Տիֆլոմանկավարժ Անի Դիլանյան