Գայլը միայն վախեցողին է ուտում
(Երկար մտածեցի՝ գրել թե ոչ, որոշեցի, այնուամենայնիվ գրել այս մասին)
Մեր սկսնակ լրագրողներից մեկը մի կարճլիկ ակնարկ է գրել իր քաղաքի՝ Իջեւանի մասին: Հազիվ 300 բառ: Պատմական կարճ էքսկուրս, ու մի պարբերություն այն մասին, որ ջարդված արձաններ, անխնամ փողոցներ եւ աղբ կա քաղաքում....
-Է որտե՞ղ չկան,- կհարցնեք դուք:
Հմի էս մեր աղջկա ակնարկից հետո Իջեւանում արտակարգ դրություն է հայտարարվել: Ու ես գիտեմ, որ համանման դրություններ են հայտարարվում ու երկար ժամանակ չեն մոռացվում բոլոր մարզային քաղաքներում, որտեղ մեկը համարձակվում է զոնը նայողի (մարզպետարան, քաղաքապետարան, ոստիկանություն, ԱԱԾ եւ այլ հսկիչներ) գծած կարմիր գծից դուրս քայլ անել: Տարբեր բդեշխություններում նայողները տարբեր են: Այս ամենը նորություն չէ: Ժամանակին մի հեռուստաընկերության սեփականատիրոջն առեւանգեցին, գործընկերներով հարայ-հրոց դրեցինք, մարդը վերադարձավ եւ ասաց՝ ինձ չեն առեւանգել, հավայի խոսակցություններ են..., օրացույցով տփում ու քֆրտում են մարզային լրագրողներին, ԶԼՄ հիմնադիրներին եւ սեփականատերերին, կամ չարագույժ ժպիտով այնպես են ասում՝ «խելոք կմնաս», որ անուն-ազգանունները փոխելու մասին են սկսում սրանք մտածել, բայց ծպտուն չեն հանում: Բոլոր պատմությունները մեկ առ մեկ գիտեմ, ու մեզ ասում են տուժածները՝ ախպոր պես, մի խառնվեք, մենք մեր հարցրերը կլուծենք: Լուծումը՝ լուծն է: Դե մարդ են, փող են դրել, բիզնես են անում, տուն են պահում, մենք էլ, իրենց ու իրենց ահաբեկիչների խոր համոզմամբ խոզ ենք պահում, մերը տուն չէ, ինչպես մի առիթով ասել եմ: Մարզային լրագրողները ջահել ժամանակներում համարձաաակ, խիզաաաախ, քաաաաջ ու հուսադրոոոոող են, մեկ էլ աչքդ չես հասցնում թարթել, ռանդայով գլուխներն այնպես են տաշում, որ երկաթգծի շպալներից դժվար է լինում տարբերելը, մայրաքաղաքայիների մասին ընդհանրապես չխոսեմ: Բացառությունները խնդրում եմ աչքս չկոխել, բոլորին ի նկատի չունեմ:
Շատ ցավալի մի ապացույց եւս ստացա այն բանի, որ համակենտրոնացման ճամբարի կամ գաղութի մթնոլորտն ու հոգեբանությունը մեզանում այնպիսի խոր արմատներ ունի, որ վախենամ մոտակա 200 տարում արմատախիլ անել չկարողանանք: Վիճակը եւ քաղաքներում, եւ մարզերում, եւ գյուղերում լավ գիտեմ, տարեկան 60.000 կմ գնում-գալիս եմ, հարյուրավոր համայնքներում եմ լինում, ահել-ջահելի հետ եմ հանդիպում, ջանում եմ ջահելությանը գիտելիքներ տալ, ազատ արտահայտվելն եմ քաջալերում, ասածի կամ արածի համար պատասխանատվություն ստանձնելու պարտավորությունն եմ սովորեցնում: Կարծում եմ, շատ լավ գիտեմ ավանդույթի, միջավայրի, ընտանիքի, աշխատանքային եւ այլ հանրույթների, ԶԼՄ-ների ազդեցությունն ու գլուխլվան, մանավանդ ջահելների վրա: Ատամներս սեղմած նույն բաները, օրինակներով, մանրամասներով, բացատրում եւ ուսուցանում եմ, ինչ պետք է վախերից ազատվելու, ազատ արտահայտվելու եւ ազատ վարվելու համար: Շատ կասկածամիտ եւ հոռետես եմ, թե կարողանալու ենք էս ճենճի միջից մեր երկիրը ոտի հանել, բայց ես իմը պիտի անեմ, ես ինձ լավ գիտեմ: Եւ լավ է, թե վատ, հավատում եմ, որ թե մարդ կա ամենքից առաջ փրկելու եւ ազատագրելու, դա ջահելն է: Մարդիկ, որոնց դեռ չեն հասցրել զրկել ուղեղից, լծել հանցագործ իշխանավորի, թալանչու եւ իշխանության լծին, դեռ չեն բարձել վրեքն ու կռտել: Մտածում եմ՝ ես իմը անեմ, որ ես մեղք չունենամ փչացումի հերթական ալիքի համար, որ հերթական անարատ երեխան «սաքուլիկ» կամ «սենդվիչ տոմա» չդառնա, որ հենց մեկը չուզելով ծվծվա, թե «բոլորս ենք մեղավոր», ասեմ.«ստի լավը՞ ..., թե ես մեղավոր եմ, որ դու քո երեխային ղրկում ես ընտրակաշառք վերցնելու, որ դու զավակիդ բերանը ծեփում ես, որ քեզ գելերը չուտեն, ու քու պես ճորտ մեծանա»:
Իջեւանում արդեն երեք օր է, էս մեր աղջկա ուղղությամբ ինչ զինատեսակ ասես աշխատեցնում են, որ «խելքի բերեն», որ չշեղվի իրենց ճշմարիտ ուղուց, բացատրում են, որ լրագրությունը իր բանը չէ, դեմը լուսավոր ապագա կա, չի կարելի սեփական քաղաքի մասին այդպիսի վատ-վատ բաներ գրել, որ ինքը դեռ սկսնակ է, վատ ճանապարհ է ընտրել, ինքը միայն իրեն չէ, որ վարկաբեկում է, իր մերձավորներին էլ է վարկաբեկում, համ էլ ինչ գործ ունես էդ «Ասպարեզի» հետ, էդ ՀԿ-ն պետության դեմ է աշխատում, դրա ղեկավարը հակա է: 20 տարեկան աղջկան սկսում են բացատրել, թե ինչ է նշանակում «հակա»:
Միջների միամիտը քաղաքապետարանի լրատվության պատասխանատուն է ստացվել, տիկինը բաց տեքստով ֆեյսբուքում խրատ ու լուտանք է թափում լրագրողի վրա վերոհիշյալ մոտիվներով, ու ավելացնում, թե՝ բա լավ բանը ընչի՞ չես տեսնում:
Լավ բանը տեսնելու մարմաջն ու լավ բանը այլոց տեսնել տալու մոլուցքը մատնում է կարճատեսներին: Տիկնոջ լուտանքները կարդալուց հետո դեռ չէի նայել, թե ով է, կռահեցի, որ քաղաքապետարանցի է: Իհարկե, ես էլ բաց տեքստով բացատրեցի, որ քաղաքապետարանցու պաշտոնը լավ կամ վատ բան տեսնելու համար չէ, սեփական պարտականությունները մարդավարի կատարելու համար է, իսկ լավ կամ վատ բան տեսնելու պարտականություն քաղաքապետարանցու պաշտոնի նկարագրում կամ աշխատանքային պայմանագրում չկա գրած: ...համ էլ, գնացեք ձեզ համար պոետ վարձեք ձեր անձնական միջոցներով, թող միայն «լավ բաներ» տեսնի ձեր անձնական պոետը, նկարիչն ու քանդակիչը: Սա երեւի արդեն 25 տարի է՝ բացատրում եմ իրենց միամտի տեղ դրած պաշտոնյաներին: «Լաաավ էլի, պարոն Բարսեղյան, մեր արածի մեջ/գործում/քաղաքում/մարզում/երկրում ... ոչ մի լավ բան չեք տեսնու՞մ» տիպի կլանչը ինձ համար չէ, ներեցեք, չեմ ազդվել ու չեմ ազդվում նման բաներից: Դիմեք ձեր հանրային հեռուստաալիքներին, որ տարբեր լոգոներով բռնաբարում է հարկատուների ուղեղները, ապարդյուն համոզում, թե բոլորը դրախտում են ապրում, դրախտը աշխարհի ամենաիմաստուն չուռկեն է կառավարում, ու ով էլ համամիտ չէ, կարող է սիկտիրը քաշել երկրից, թե չէ կփտի բանտում կամ՝ գործազուրկ... : Իսկ հարգելի մարդկանց բացատրում եմ, որ երբ չես զգում սրտիդ աշխատանքը, ուրեմն այն լավ է աշխատում, կամ նորմալ է աշխատում, ինչպես կուզեք, հենց զգացիք՝ ուրեմն մի բան էն չէ, կարգի պիտի բերել: Վերջապես իմպեսների գործը վերքը մատնացույց անելն է, բուժել տալն է, թող որ երբեմն կոշտ ենք անում, երբեմն ճղճղում ենք, քրֆում էլ եմ, երբ իրենց չլսողի տեղ են դնում, սխալվում էլ եմ, սխալի համար ներողություն էլ եմ խնդրում, բայց ես իմ փողերից ռոճիկս ստացողին պիտի տիրություն անեմ, որ նամուսով անի գործը, չի անում, թող գնա տուն, հո ես իր գերին չեմ, ինչ մի բարդ բան կա սա հասկանալու, իսկապես զոռ է՞:
Աղջկա հոդվածը ոչ մի կոշտ կամ կոպիտ արտահայտություն չի պարունակում, առաջին ակնարկն է, որ մեզ է մատակարարել, ու՝ մի վայնասուն: Լրատվության պատասխանատուին մի վագոն հարց հղեցի ֆեյսբուքում իր պաշտոնից բխած պարտականությունների մասին, դրանցում թերանալու մասին: Դրանց պատասխանելու փոխարեն որոշեց ինձ կերցնել մի լուսավոր մտքով, թե (չեք պատկերացնի) սահմանամերձ տարածքից է ու զավակներ ունի...: Իբր մենք խոզ ենք պահում, ինչպես գիտեք: Առարկայական խոսակցություն չուզեց վարել: Ես հիշեցրի, որ հանրությանն ավագանու նիստերի մասին իրազեկելու պարտավորություն ունեն ու չեն անում, ավագանու որոշումները կես տարուց ավելի է՝ չկան համացանցում, ավագանու նիստերը օնլայն չեն հառարձակվում, չնայած ես ու էլի մեկ տասնյակ մարդ բավարար ջանք ենք դրել, որ տեխնիկա ունենան ու հեռարձակեն եւ այլ ... Առաջարկեցի հրաժարական տալ, բայց եւ կասկածեցի, թե ինքն ընդունակ է նման բան անել:
Ընդհանրապես շատ տարածված ախտանիշ է վերադասին կույր հավատարմությունը: Տիկնոջը թվացել էր, թե լրագրողն իր երկու տողով քաղաքապետի աթոռի տակ է փորում, որոշել էր պաշտպանել քաղաքապետին եւ իր քաղաքը, իր կարծիքով Իջեւանը միայն իրենցն է, իջեւանցի լրագրողը կամ ես կապ չունենք այդ քաղաքի հետ: Պրոֆեսիոնալ աշխատողը նման բաներով չի տարվում, իր գործն է անում: Ու ես կասկածում եմ, թե քաղաքապետն իր օգնության կարիքն ունի եւ չեմ հավատում, թե քաղաքապետն է նման ապաշնորհ պաշտպանություն հանձնարարել: Հիմա, դատելով Իջեւանում գործող եւ չհայտարարված արտակարգ դրությունից, խնդիրը մեկն է՝ լռեցնել անակնկալ հայտնված կրակակետը քաղաքում, երեւի մտածում են, որ օձ են տաքացրել ծոցերում, տառապում են այն մտքից, թե ոնց կարող էր հալալ-զուլալ իջեւանցի երեխան մեծանալ, գիտելիք ստանալ եւ, ի լուր աշխարհի եւ թշնամիների, գրել, թե Իջեւանում անխնամ փողոց կա եւ աղբ կա: Տիկինը նեղություն չի քաշել անգամ Աղստեւի ուղղությամբ հայացք գցել:
Իմ սկսնակ լրագրողը գուցե այլեւս երբեք չգրի որեւէ հոդված, գուցե ամուսնանա եւ գնա Կրասնոյարըսկ, ու այլեւս չլինի որեւէ մեկը Իջեւանում, որ համարձակվի ասել, թե քաղաքում ջարդած արձաններ կան, եւ բոլորը, բացի ինձնից, գոհ ու երջանիկ մեծանան ու գերեզման մտնեն, այդպես էլ չհասկանալով, որ դրախտում են ապրել: Ուրեմն ես պարտվել եմ, կարելի է այդպես էլ ասել: Ուրեմն կոնցլագերը կենսունակ էր եւ միամիտը ես էի:
Բա որ հանկարծ այդ աղջիկը չվախենա, պատկերացնու՞մ եք ինչ է լինելու անբարեխիղճ պաշտոնյայի հալը․ առավոտնից երեկո նստելու են ֆեյսբուքի վրա ու տառ-տառ հսկեն, տեսնեն՝ ինչ է մատնացույց անում, վազելով գնան, զիբիլը հավաքեն: Ինչ սարսափելի հեռանկար:
Ես չգիտեմ, թե ով է հաղթելու էս թաքուն գոտեմարտում, բայց եթե հաջողեցին վախեցնել եւ լռեցնել այդ աղջկան, գնալու եմ ապրեմ Իջեւանում: Բա ուրիշ ի՞նչ անեմ, կասե՞ք:
Հետգրություն.
... ու էս արանքում մեկ էլ տեսնում եմ, որ իրենց բանաստեղծներ համարող մարդիկ, մեկին, ում նույնպես բանաստեղծ են համարում, ավետարան են կարդում իրենց ճշտի աշտարակից, թե բա չի կարելի է այդպես գրել: Մի վագոն էլ դամքաշ կողքից, թե՝ հա էլի, ո՞՜նց կարելի է հայրենիքի մասին վատ բանաստեղծություն գրել («վատը» իրենց ասածի ընդհանրական բնութագիր համարեք, իմ խոսքը չէ):
Բացի մի շարք բաները, որ կուզեի ասել, մինչեւ գլուխս պատերին կտամ, կուզեմ հարցնել՝ լու՞րջ: Ճիշտը ո՞րն է, մեռնեմ ձեր ջանին, որտե՞ղ է ճիշտը սահմանված, ասեք իմանանք՝ մինչեւ հիմա ճիշտ ենք գրե՞լ, թե՞ սխալ: Լավ, գոնե ձեր ճիշտն ասեք՝ որտեղ է գրած, բացենք՝ կարդանք, կանոններին ծանոթանանք, էլ սխալ չանենք:
Չեք ամաչու՞մ, այդ ինչպե՞ս, ինչի՞ց հասկացաք, որ մարդիկ պիտի ձեր մտածածով խոսեն, գրեն, արարեն կամ ապականեն: Էն, որ իշխանության գրաքննիչն է ասում «չի կարելի», «ո՛՞նց կարելի է», գիտենք, տեսել ենք, լսել ենք, բայց որ իրենց բանաստեղծ եւ մտավորական համարող մարդիկ են այդպես արտահայտվում, հասկանում ես, որ Սերժիկի գոյության հիմնավորումը միայն Մուկուչյանի թվերում եւ Դավիթ Հարությունյանի աղոթքներում չէ:
Անշուշտ, այսինչ բանը հավանել-չհավանելը նույնպես իրավունք է, ամենքն իր ազատության չափով կարող է որոշել՝ հավանում է, թե չէ, բայց ինչ կրթություն ու դաստիարակություն պետք ունենալ, որոշելու համար, թե այսինչի մտածումը ճիշտ է կամ սխալ: Տարիներով խնդրում եմ, թե երկրի, սիրո, մարդու, բնության մասին ճշմարիտ մտածողության եւ արտահայտման բանաձեւը տվեք, հոգնել ենք, կյանքներս կերաք ձեր զոնալ վիժումներով, թե սա կարելի է, սա չի կարելի: Տվող չկա, ոչ մեկը այդ արգելիչներից մի դասագիրք չգրեց, կարդայինք՝ մենք էլ հասկանայինք իրենց հասկացածը: Ու խոսքի սահմանափակումը սկիզբն է մնացած գրեթե բոլոր ազատությունների սահմանափակման: Ամիսը 10 հոգուց լսում եմ «ազատությունները լավ բան չեն...», «սրանց պտի ընտրելու իրավունք չտաս...», «ժողովրդավարությունն ի՞նչ մեղքս է...», «ուժեղ ձեռք է պետք ... », ուզում եմ հարցնել, բա համաձայն ե՞ս սուս մնալ, անծպտուն ուտես դեմդ լցվելիք լակը, թե սիրտդ Պինոչետ ու Հիտլեր է ուզում: 30 տարի է հարցնում եմ, թե կա՞ մեկը ազատություններին դեմ խոսելով երկիրը ծաղկեցնելու տեսլական ունեցող, որ մերձավոր ազգականին պատրաստ է գնդակահարության պատի տակ կանգնեցնել, պայմանով, որ զավակները կուշտ ու երջանիկ կլինեն: Չկա: Չգտա մեկին, որ հորը կամ քրոջը կառաջարկեր որպես այդպիսի զարհուրելի մատաղացու: Հիմա Իջեւանի քաղաքապետարանի լրատվության պատասխանատուին, Հուսիկ Արային աղբանոցը ցույց տվողներին, ժամանակին Գեւորգ Էմինին, Սեւակին, Չարենցին ու էլի շատերին զրպարտանքով եւ մատնագրով հանձնածների հոգեզավակներին ուզում եմ նույնը հարցնել, պատրաստ ե՞ք անծպտուն լինել, երբ մեկի ոռնոցը ելնում է ցավից: Անգամ, եթե պատրաստ եք, պիտի հասկանաք, որ էդ մեկի ոռնոցը, մեկ է՝ ելնելու է: Դե սուսեք, գայլը սարի ետեւն է զի, եւ իմացեք, որ գայլը միայն վախեցողին է ուտում: