▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարեգին Նժդեհի մասին քննարկումից հասկացանք՝ ո՞վ է ադրբեջանամետ

Տեղեկություն էր հրապարակվել, որ նախորդ շաբաթ Ռուսաստանի Պետդումայում կայացած «Ֆաշիզմի հերոսացման և նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի, օրենսդրական ասպեկտներ» թեմայով կլոր սեղան-քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցել են Պետդումայի պատգամավորներ, Դաշնության խորհրդի եւ հանրային պալատի անդամներ, ՌԴ նախագահի թեկնածուներ, քաղաքագետներ, փորձագետներ ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Նրանցից ոմանք հայտարարել են, որ Հայաստանը այն երկրների թվում է, որտեղ այսօր կան ֆաշիզմի հանցակիցների արձաններ: Քննարկման ժամանակ ելույթ է ունեցել քաղաքագետ Սերգեյ Մարկովը,  ով հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ, մեղադրել է Հայաստանին` ֆաշիզմին օժանդակելու մեջ: Ավելին՝ հայտնել է, թե Երևանում Նժդեհի արձանը քանդելու հանրագիրը Change.org կայքում ստորագրել է ավելի քան 200 հազար մարդ։

ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը հորդորում է՝ նման քննարկումներին լուրջ չվերաբերել, քանի որ ադրբեջանցիների նպատակը այս պայքարը էթնիկ դաշտ տեղափոխելն է:

«Իրականությանը չհամապատասխանող նյութերը, մեղադրանքները ոչ ճիշտ պատմական հիմքի վրա են կառուցված: Նժդեհի մեղադրանքում մեկ բառ չի եղել նացիզմի հետ համագործակցելու մասով: Ավելին՝ նա չի եղել ԽՍՀՄ քաղաքացի, քանի որ ձերբակալության փաստաթղթում ֆիքսված է, որ Բուլղարիայի քաղաքացի է: Ռուսական հանրությանը փորձ է կատարվում ներկայացնել դավաճան հայի կերպար, որը որ ռուսին հարվածել է թիկունքից ու այս քողի ներքո ուզում են ասել, որ ՀՀ-ն Ռուսաստանի դաշնակիցն է, բայց հակառակն է տեղի ունեցել և այլն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Մհեր Հովհաննիսյանը՝ հավելելով.

«Հակառուսական գործիչ» հորջորջվող Նժդեհը Ռուսաստանի կողմից առնվազն չորս շքանշան է ստացել, որոնցից երկուսը՝ «Գեորգիևյան խաչ»-ի շքանշաններ են, իսկ դրանք հակառուսի չեն տալիս: Նժդեհը երբեք չի պայքարել ռուս ազգի դեմ, ատելություն չի սերմանել: Նրա պայքարն ուղղված է եղել ցանկացած ուժի դեմ, ով պայքարում է իր ազգի դեմ: Նրա վերաբերյալ քննարկմանը մասնակցողների մեծ մասը մասանգետ չէ, բայց լավ է՝ տեսնում ենք, թե ո՞վ է ադրբեջանական լոբբինգը  առաջ քաշում»:

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more