Մարտի 15-ին, Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում, Լոս Անջելեսի Wilshere Ebell հայտնի համերգասրահում տեղի ունեցավ «Ես իմ անուշ Հայաստանի» խորագիրը կրող Արամ Սաթյանի և Սաթյանների երաժշտական գերդաստանի ստեղծագործական համերգը:
Այն կազմակերպել էր Հայ-ամերիկյան Թատերա-երաժշտական միությունը՝ գլխավորությամբ միության նախագահ, հարգարժան Վիկտոր Մարտիրոսյանի:
Նշենք, որ պրն. Վիկտոր Մարտիրոսյանը տարիներ շարունակ մեծ ու կարեւոր գործ է կատարել` կամուրջ ստեղծելով հայրենիքի եւ աշխարհասփյուռ հայության միջեւ՝ միավորելով մեկ լեզվի, մշակույթի, գաղափարի, հավատքի ու մտածելակերպի շուրջ:
Նա Հայաստանից, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներից Լոս Անջելես է հրավիրել տաղանդավոր հայ արվեստագետների, քանզի համոզված է, որ հայոց փառահեղ երաժշտության, թատրոնի եւ, ընդհանրապես՝ ազգային մշակույթի մեջ է թաքնված հայ լինելու, հայ մնալու, հայի տեսակը պահպանելու գենետիկ կոդը:
Տեղեկացնենք, որ համերգի ընթացքում հնչեցին Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի և Սաթյանների երաժշտական գերդաստանի հեղինակած ստեղծագործությունները՝ Հայաստանի և սփյուռքի սիրված ու գնահատված արվեստագետների կատարմամբ:
Հայաստանից հրավիրված էին Գայանե Հովհաննիսյանը, Նառա Վարդանյանը, Մհեր Մեսրոպյանը, Մարիամ Կարակիյանը, Նարեկ Մակարյանը, իսկ Լոս Անջելեսից` Անահիտ Ներսիսյանը, Ռազմիկ Մանսուրյանը, Նարինե Հարությունյանը, Սոնյա Կանը, Ռուբեն Թելունցը, Անի Քրիստին և Հովհաննես Շահբազյանը:
Երեկոյին նաև Լոնդոնից միացել էր Սաթյանների գերդաստանի ամենակրտսերը, Արամ Սաթյանի տաղանդավոր որդին՝ երիտասարդ կոմպոզիտոր Դավիթ Սաթյանը, ով, չնայած երիտասարդ տարիքին, արդեն մե հաջողություններ է արձանագրել միջազգային հարթակներում՝ արժանանալով մի շարք մրցանակների, պարգևների և մեդալների:
Գաղտնիք չէ, որ Սաթյանների կոմպոզիտորական գերդաստանի ստեղծագործությունները վաղուց իրենց արժանի տեղն են գրավել հայ երաժշտարվեստի գանձարանում, Սաթյաններից յուրաքանչյուրն իր ուրույն ուղին է ընտրել` չկրկնելով կամ չնմանակելով մեկը մյուսին, բայց հավատարիմ մնալով ազգային երաժշտության ակունքներին:
Համերգի ընթացքում արվեստագետներին նվագակցում էին Արամ Սաթյանը, նրա որդին՝ Դավիթ Սաթյանը, Արմեն Ահարոնյանը, տաղանդավոր երաժիշտ Ռոմա Քանյանը՝ իր արհեսատավարժ նվագախմբով և ջութակահար Հովհաննես Մեղրիկյանը: Ի դեպ, արվեստագետների ելույթները զուգորդված էին Լոս Անջելեսում «Karavan» և «Dynamic Duo » պարերի ստուդիայի սաների գեղեցիկ կատարումներով:
Ուշագրավն այն է, որ երեկոյի ընթացքում հանդիսատեսի աչքից չէր վրիպում բեմ բարձրացած յուրաքանչյուր երգիչ-երգչուհու նկատմամբ Արամ Սաթյանի մեղմ ժպիտը, ինչով ասել կուզեր, որ շատ հպարտ է իր ընտրած արվեստագետներով եւ գոհ է նրանց կատարողական արվեստից, ովքեր Սաթյանների հրաշալի ստեղծագործությունները բարձր մակարդակով են մատուցում: Նա նաև մերթ ընդ մերթ ջերմ հայացքով նայում էր որդուն՝ Դավիթին, չթաքցնելով հպարտության զգացումը, որ Սաթյանների երաժշտական գերդաստանի ստեղծագործական կյանքը շարունակում է որդին: Երեկոյի հանդիսավարներ Լիլի Ավագյանը և հայտնի դերասան Գարիկ Չեփչյանը, համերգի ընթացքում ներկայացրեցին դահլիճում նստած հայտնի ու սիրված կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանին, Արմեն Մանդակունյանին, բանաստեղծուհի Սոնա Վանին, Արևմտյան Թեմի հոգևոր տեր հայր Լևոն Կիզիրյանին, Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս Եղիա Մանսուրյանին, Լա Քրասենտա հովտի քաղաքային խորհրդի անդամ Հերրի Լիոնին, FBI ընկերության հասարակական կապերի ներկայացուցիչներ Դայան Գոնզալեսին, Ջոն Ռայնին և այլոց, ովքեր արժանացան բուռն ու երկարատև ծափողջյունների:
Նշենք, որ Արամ Սաթյան տաղանդավոր կոմպոզիտորի եւ նրա ստեղծագործություններին ծանոթ էին Լոս Անջելեսի հարգարժան քաղաքապետ Էրիկ Գարսեթին, Գլենդել քաղաքի սիրված քաղաքապետ Զարեհ Սինանյանը, հայերի բարեկամ, կոնգրեսական Ադամ Շիֆը և մի շարք պաշտոնատար անձինք, ովքեր իրենց շնորհակալությունը հայտնեցին հայ կոմպոզիտորական դպրոցի վառ ներկայացուցիչը համարող գերդաստանին եւ պատվոգրեր հանձնեցին:
Ասենք, որ ՀՀ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանը քաջատեղյակ լինելով Հայ-ամերիկյան Թատերա-երաժշտական միության նախագահ Վիկտոր Մարտիրոսյանի՝ Հայաստան - Սփյուռք մշակութային կապերն ամրապնդելուն միտված երկարամյա լայնածավալ աշխատանքների մասին, իր շնորհակալական խոսքն հղել եւ ՀՀ Սփյուռքի նախարարության ոսկե մեդալ է շնորհել նրան, որոնք պրն. Մարիտիրոսյանին փոխանցեց Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:
Հանդիսատեսը ջերմությամբ եւ բուռն ծափողջյուններով ընդունեց գնահատանքի իրողությունը: • Համերգն ավարտվեց ծրագրի խորագիրը կրող՝ «Ես իմ անուշ Հայաստանի» երգով, որը հիանալի կատարեց Հովհաննես Շահբազյանը:
Որպես վերջաբան կարեւոր է նկատել, որ Հայ-ամերիկյան Թատերա-երաժշտական միության նախաձեռնած բոլոր համերգները, ինչպես նաև այս համերգի կազմակերպչական աշխատանքները միշտապես կատարել ու կատարում է պրն. Մարտիրոսյանի դուստրը՝ խելացի, շատ բարի, համայնքում մեծ սեր ու հարգանք վայելող Լուիզ Ջիլը, ով անդադրում մեղվի նման կաթիլ առ կաթիլ հավաքում է աշխատանքի բարիքը եւ լցնում է այն մեղվի փեթակը, որը կոչվում է Հայ-Ամերիկյան Թատերա-Երաժշտական Միություն:
Լրագրող ՝ Գայանե Մանուկյան
Լոս Անջելես