▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես համացանցային «պատերազմների» մեջ չեմ մտնում և թեթև եմ վերաբերում բամբասանքներին. Հայկո

barometer.am-ը գրում է. Հայկ Հակոբյանը կամ Հայկոն մեր ժամանակների շնորհաշատ ստեղծագործողներից է: Նրա հետ ԲԱՐՈՄԵՏՐԻ երկխոսությունը շոշափել է ինչպես ավանդական, այնպես էլ ոչ ստանդարտ հարցեր, որոնց Հայկը պատասխանել է իրեն բնորոշ կոռեկտությամբ և հանդարտությամբ:

Դատելով  կենսագրական տվյալներից, կարելի է ասել, որ Ձեր ծնողները շատ հետևողական են եղել Ձեր  երաժշտական կրթության հարցում: Ավարտել եք Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը, ապա Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, այնուհետև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Ժամանակաշրջանը` 90-ականները, այդքան էլ ոգեշնչող չէին, շատ արվեստագետներ լքեցին երկիրը, ոմանք կայացան և վերադարձան: Դուք մնացիք, տեսաք, և, այսպես ասած, Ձեր մաշկի վրա զգացիք այդ "ծանր էտապ"  կոչվածը: Ի՞նչ կասեք այդ մասին:

 Ընդհանարպես, բոլոր ծնողներն էլ ուզում են, որ իրենց երեխաները փայլուն ապագա ունենան: Ինչքան հիշում եմ, իմ ծնողները միշտ հետևել են, որ լավ դպրոց գնամ, լավ սովորեմ, այն ժամանակ ջութակի էի հաճախում և ինձ հետ պետք է պարապեր ամենալավ դասախոսը, նվագեի լավագույն վարպետի գործիքի վրա և այլն: Ծնողներիս հետ կապված ցանկացած հիշողություն շատ ջերմ է: Ասեմ, որ 90-ականները շատ դժվար էին, 88-ի երկրաշարժ, ղարաբաղյան շարժում. կյանքը կանգնած էր Հայաստանում: Մեզ նվիրել էինք սովորելուն, մոմի լույսի տակ էի պարապում, որ քննություններ հանձնեի: Այդ ժամանակ  էնտուզիազմը (խանդավառությունը) իմ մեջ շատ ավելին էր, քան հիմա: Դրանից մեկ-մեկ տխրում եմ: Անընդհատ փնտրտուքների մեջ էի, տարբեր ստուդիաների հետ էի փորձում համագործակցել, "բռնվել" ինչից կարող եմ, փորձում էի ոչինչ ձեռքից բաց չթողնել: Ծանր ժամանակներ էին, ոտքով  կենտրոնից բարձրանում էի Ավան և հակառակը: Դժվար պահերին մարդ միանգամից հավաքվում է, և հենց այդ դժվարություններն են մարդուն ավելի ուժեղ դարձնում: Չնայած այդ ամենին, ժպիտով եմ հիշում այդ տարիները և շնորհակալ եմ ծնողներիս, որ այդ ծանր ժամանակահատվածում լավ կրթություն ստանալու հնարավորություն ստեղծեցին ինձ համար: Ինչ վերաբերում է Հայաստանը լքելուն` կյանքի տարբեր փուլերում գայթակղիչ առաջարկներ եղել են, հրավերներ արտերկրից, բայց ես շատ եմ կապված Երևանի հետ` էստեղ են ծնողներս, հարազատներս, ընկերեներս:

 

Այսօր ինչպես երգիչների, այնպես էլ երգահանների պակաս չկա: Փոխարենը պակասում է ճաշակը: Տեղի՞ն են արդյոք այն դիտարկումները, որ ամեն ինչ մի տեսակ գրագողության է վերածվել`  երգերի բառերը միանման են, ոչինչ չասող, երաժշտությունը լսում ես տպավորություն է ստեղծվում, թե ականջիդ համար նորը չի:  Կցանկանայի լսել Ձեր կարծիքը որպես երգահան: Ինչի՞ց է այս ամենը գալիս:

Բոլոր բնագավառներում` լինի երաժշտություն, ֆիլմարտադրություն, գրականություն, նկարչություն` կան ճաշակով և անճաշակ մասնագտներ: Օրինակ, ինձ համար, Ավետ Բարսեղյանը, Վարդան Զադոյանը և մի քանի այլ էստրադային երգերի պոետներ  անկրկնելի են: Նրանց գրած խոսքերը խորն են, մի քանի անգամ լսելուց էլ չեն հոգնեցնում: Բառերն իրենց տեղը, բայց առանց լավ երաժշտության դրանք կարող են արժեզրկվել կամ` հակառակը: Կան ապրող երգեր ու շուտ մոռացվող, որոնք տգետ հեղինակների աշխատանքի արդյունք են: Իմ կարծիքով, վատի դեմ պայքարի ամենալավ միջոցը լավը մատուցելն է: Մենք հիմա գտնվում ենք անցումային ժամանակաշրջանում, պայմանական, անվանենք "ռեյտինգի դարաշրջան": Նույն հեռուստատեսության բնագավառում, հաղորդումներ պատրաստող ստեղծագործական թիմի առջև խնդիր է դրվում, ամեն գնով վարկանիշ ապահովել, լսարան գրավել, քանի որ ամեն ինչ պայմանավորված է "նորին գերազանցություն"` ֆինանսով: Այդպես է ամբողջ աշխարհում: Օրինակ, Օսկարի արժանացած "Շինդլերի ցուցակը" ֆիլմի հեղինակ, աշխարհահռչակ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը նկարում է ավելի պահանջարկ ապահովող ֆիլմեր, օրինակ, "Ջուրասիկ պարկը": Մարդիկ գումար են վաստակում ապրելու համար:

Տենդենցներն անընդհատ փոխվում են: Առաջարկ-պահանջարկի հետևից ընկնելով շատ երգիչներ, այսպես ասած, կորցրեցին իրենց "երեսը": Մի պահ գումար էր բերում 6/8 երաժշտությունը, գրեթե բոլորը սկսեցին ռաբիս երգել, հիմա վերջիններն ակումբային երգեր են կատարում, որովհետև դա է գումար բերում:  Բայց այս ամենի մեջ, Դուք հավատարիմ մնացիք Ձեր ընտրած` փոփ  ժանրին: Ինչո՞ւ:

Նախևառաջ, որովհետև ես սիրում եմ փոփ ժանրը: Այդ ժանրում որպես երաժիշտ-երգիչ միշտ հետևել եմ համաշխարհային գիգանտներից` Խուլիո Իգլեսիասի, Ֆրենկ Սինատրայի, Լուիս Միգելի աշխատանքներին: Փոփ ժանրը ինձ շատ հոգեհարազատ է: Որպես գործիքավորող աշխատել եմ նաև ռաբիս երգիչների համար: Կան մարդիկ, որոնց իսկապես հենց այդ ժանրն է սազում, իրենց ավելի հարմարավետ են զգում այդ ոճում և ինչու ոչ` այդպիսով գումար են վաստակում: Իրենք իրենց լսարանը միշտ ունեն, ընդ որում` այն փոքր չէ, մինչդեռ ջազի սիրահարները շատ ավելի քիչ են: Միջավայրից է գալիս, սովորույթներից: Գաղտնիք չէ, որ շատ հայեր, հիմնականում, սիրում են ճոխ մեքենաներ, նույնը տեսահոլովակներում` թանկ  վարձատրվող մոդելներ, շքեղ հագուստ,  ամեն ինչ փայլուն և շքեղ… Ինձ համար չափանիշ է, օրինակ, Շառլ Ազնավուրը, նրա վերջին տեսահոլավակը ընդամենը մեկ դուբլով նկարած, պարզ ու գեղեցիկ գործ է: Պատահական չէ ասված` "все гениальное- просто", պարզ, բայց ոչ հասարակ:  Ես այս ոճի սիրահար եմ: Տեսահոլավակի հաջողությունը ոչ միշտ է կախված շատ գումարից: "Այֆոնով" նկարած տեսահոլովակը կարող է ավելի շատ ռեյտինգ հավաքել ու հաջողության հասնել:  Կարևորը կրեատիվ միտք լինի:

Հայկական արտադրանքը արտերկրում մրցունա՞կ է:

Առաջ մենք ձայնագրում էինք կասետներ. Ալ Ջերոյի ձայնասկավառակը քաղաքում մեկ հոգի ուներ, վերցնում էինք, լսում: Հիմա ինտերնետը, տեղեկատվական հոսքերը մեզ լայն հնարավրություն են տալիս մրցակցելու: Ազատ դաշտ է բացվել: Օրինակ, նախորդ տարիների պես, երբ ձայնասկավառակը վաճառում էինք խանութներում, հիմա կարող ենք վաճառել  (iTunes)-ում, որից ամբողջ աշխարհը հնարավորություն ունի օգտվելու: Երգիչներ կան, ստուդիայում  նստած երգում են, իրենք իրենց հեռախոսով նկարում և այդ գործը մի քանի միլիոն դիտում է հավաքում Յութուբում: Այս առումով ստեղծագործող մարդկանց համար մեծ դաշտ է բացվել, եթե իրենք ինքնատիպ են, հաջողության կհասնեն: Աշխարհի ցանկացած անկյունում մարդը, որը Յութուբով լսում է ամերիկյան կամ իսպանական երգ,  կարող է լսել նաև հայկական երգ, որը պակաս մրցունակ չէ: Երգիչների գործը հիմա շատ է բարդացել, իրենք մրցակցության մեջ են համաշխարհային երգիչների հետ:

Հայտնի լինելը, մեղմ ասած, այդքան էլ "դյուրին բան չէ": Ճանաչված մարդիկ մշտապես հարվածի տակ են: Անհիմն քննադատությունների, բամբասանքների հակաթույնը կարծես ունեք: Մշտապես հավասարակշռված ու հանգիստ եք: Դա միայն տպավորությո՞ւն է, թե՞…

Նախ` թեթև եմ վերաբերվում բամբասանքներին, զազրախոսություններին և համացանցային «պատերազմների» մեջ չեմ մտնում: Ես շատ զգուշավոր եմ, համարում եմ, որ մարդը ձեռք բերելով ճանաչվածություն, ավելի շատ պարտավորություններ է ստանձնում, նրա ցանկացած քայլը քննարկվում է: Մի պահ արված անզգույշ քայլը կամ խոսքը կարող է զրոյացնել այն լավ գործերը, որը մինչ այդ արել ես, ցավոք, դա այդպես է: Ինչ վերաբերվում է հակաթույնին` ես պարզապես ապրում եմ իմ կյանքով: Առհասարակ, շատ սուր քննդատություն իմ հասցեին չեմ հանդիպել: Համաշխարհային շոու բիզնեսը շարժվում է հետևյալ կարգախոսով` կարևոր չէ, թե ինչ կգրեն քո մասին, կարևորը` գրեն: Հիշում եմ` Եվրատեսիլ գնալուց առաջ Հրաչ Քեշիշյանն ինձ խորհուրդ տվեց այդ ժանանակահատվածում մեկնաբանություններ չկարդալ` դա աշխատեց: Ի վերջո մարդ ես և բառերը վատ առումով կարող են ազդել:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more