▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երթևեկության կանոնները խախտել է ոչ միայն դերասան Երանյանը, այլև դատավոր Պողոսյանը

Armtimes.com-ը գրում է.  Հուլիսի 18-ի երեկոյան վթարի ենթարկված հայտնի դերասանուհի Անի Երանյանը այսօր կեսօրին դուրս է գրվել «Էրեբունի» բժշկական կենտոնից: Այս մասին մեզ ասացին բժշկական կենտրոնից՝ հավելելով, որ Երանյանի առողջական վիճակը լավ է:

Իսկ նրա մեքենայի ուղեւոր Հայկ Մխիթարյանի վիճակը դեռ շարունակում է գնահատվել կայուն ծանր:  Մեզ հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը։ Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ նրան միացված արհեստական շնչառության ապարատը անջատվել է: «Այս պահին վիճակի փոփոխություն չկա»,-ասաց Մուրադյանը, չցանկանալով նշել՝ նրա կյանքին վտանգ սպառնու՞մ է, թե ոչ: Հայկ Մխիթարյանը վթարի հետեւանքով ստացել է գանգուղեղային վնասվածք, պարանոցային վեցերերոդ ողի կոտրվածք եւ կրծքավանդակի ծանր սալջարդ:

Հուլիսի 18-ի երեկոյան  դերասանուհի  Անի Երանյանի վարած «Հունդայի էլանտրա» մակնիշի ավտոմեքենան Շորժա-Ծովագյուղ ավտոճանապարհի ոչ թույլատրելի հատվածից  դուրս է եկել Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 73.6 կմ հատված եւ դեպի Իջեւան ուղղության ավտոճանապարհի երթեւեկելի ձախ գոտում բախվել Իջեւան ընթացող Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վարած «Մերսեդես բենս» մակնիշի  ավտոմեքենային:

Վթարի հետեւանքով տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել երկու ավտոմեքենաների ուղեւորները, ովքեր նախ բուժօգնության են դիմել «Սևանի հիվանդանոց», ապա՝ «Հունդայի էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Անի Երանյանը եւ նրա երկու ուղեւորները, բուժօգնություն ստանալու համար, տեղափոխվել են «էրեբունի բժշկական կենտրոն», իսկ դատարավոր Գագիկ Պողոսյանը եւ  վերջինիս կինը Մարինե Կարապետյանը բուժօգնություն ստանալուց հետո նույն օրը դուրս են գրվել :

Դեպքի առթիվ առայժմ քրեական գործ չի հարուցվել: ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն ասաց, որ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության Սեւանի քննչական բաժնում սույն դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Shamshyan.com լրատվական կայքն այսօր տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, թե ինչպես են բախվում դերասանուհի Անի Երանյանի եւ դատավոր Գագիկ Պողոսյանի վարած մեքենաները: Առայժմ հստակ չէ Գագիկ Պողոսյանը տվյալ ճանապարհահատվածում գերազանցե՞լ է թույլատրելի արագությունը, թե ոչ, բայց դիտողական զգացողությամբ դատավորի մեքենան բավականին արագ է ընթացել, իսկ Անի Երանյանն էլ նրան չի զիջել:

Մեր զրույցում փաստաբան Դավիթ Սրապիոնյանը, ով դիտել էր տեսանյութը  իր կարծիքը ներկայացրեց, թե վթարի ենթարկված մեքենաների վարորդները ինչ խախտումներ են թույլ տվել: «Ինչ վերաբերում է  Անի Երանյանին, ապա ինքը երկրորդական ճանապարհով գլխավոր ճանապարհ է մուտք գործում, այս պարագայում նա պարտավոր է զիջել: Այսինքն՝ պետք է տեսներ, եթե ոչ մի խոչընդոտ չկա, տրանպորտային միջոցներ չկան, միայն այդ դեպքում  մուտք գործեր ու  շարունակի իր երթեւեկությունը: Հրապարկաված տեսանյութից հասկացվեց, որ Երանյանը փորձել է շրջադարձ կատարել, եւ ինչքան նկատեցի նաեւ հոծ գիծել է հատել: Այդ առումով Անի Երանյանի կողմից առկա է Ճանպարհային երթեւեկության կանոնների խախտում:

Բայց մենք այստեղ ունենք  նաեւ մեդալի հակառակ կողմը: Ինչ վերաբերում է Գագիկ Պողոսյանին, ապա նա իմ կարծիքով խախտել է Ճանապարհային երթեւեկության կանոնների 55-րդ կետը, որում ասվում է.«Բնակավայրերից դուրս, ինչպես նաեւ բնակավայրերում  թույլատրվում է երթեւեկել 80 կմ/ժ ավելի արագությամբ, տրանսպորտային միջոցների վարորդները պետք է դրանք վարեն երթեւեկելի մասի աջ եզրին հնարավորինս մոտ: Այդ դեպքերում արգելվում է զբաղեցնել երթեւեկության ձախ գոտիները` ազատ աջ գոտիների դեպքում: Տվյալ դեպքում, երբ դիտում ենք տեսանյութը, Գագիկ Պողոսյանը ձախ եզրագծով ու բավականին արագ երթեւեկում է: Այս պարագայում նա պարտավոր էր աջ եզրին հնարավորինս մոտ երթեւեկել, նամանավանդ, որ աջ եզրագիծը բավական ազատ էր, այսինքն՝ Պողոսյանը հնարավորություն ուներ աջ գոտիով երթեւեկել, ինչը չի արել: Երկրորդ՝  կարծում եմ, որ Գագիկ Պողոսյանի կողմից թույլ է տրվել նաեւ Ճանապարհային երթեւեկության կանոնների 67-րդ կետի խախտում: Սույն կետն ասում է. «Երթեւեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու`ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը: Եթե այս նորմը համադրենք տեսանյութի  հետ, ապա հնարավորություն կար Անի Երանյանի մուտքը դեպի գլխավոր ճանապարհ նկատել: Գագիկ Պողոսյանը ժամանակ ունեցել է, որ դանդաղեցնի իր մեքենայի արագությունը ընդհուպ մինչեւ կանգնեցնել, սակայն տեսանյութում տեսնում ենք, որ ոչ մի  նման գործողություններ Պողոսյանի կողմից չի կատարվում»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more