1in.am-ը գրում է. Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ ընթանում է Աշոտ Սուքիասյանի գործի դատական քննությունը:
62-ամյա Աշոտ Սուքիասյանը մեղադրվում է տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար:
Տուժողը ամբաստանյալի դստեր նախկին ամուսինն է:
Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հուլիսի 6-ին, ժամը 17-ն անց 30-ի սահմաններում Աշոտ Սուքիասյանի տուն է գնացել նրա նախկին փեսան՝ Արտակ Ա.-ն՝ երեխային տեսակցելու նպատակով:
Երեխան քնած է եղել: Աշոտ Սուքիասյանը փեսային առաջարկել է իջնել նկուղում գտնվող իր արհեստանոց: Այնտեղ նրանք սուրճ են խմել, զրուցել են:
«Ելնելով նախկին փեսայի դրսևորած վարքագծից՝ Աշոտ Սուքիասյանն արգելել է Արտակին՝ այցելել իրենց տուն ու տեսակցել երեխային»:
Արտակը, ըստ մեղադրանքի, «արտահայտել է վիրավորական խոսքեր, որը վրդովեցրել է Ա. Սուքիասյանին»: Նա Արտակին ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ վերցրել է ծծմբական թթվով լի տարան ու թթուն լցրել է նախկին փեսայի դեմքին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Դատարան էր ներկայացել տուժած երիտասարդը: Նրա դեմքը ակնհայտ կրում էր ծծմբաթթվի ավերիչ ազդեցությունը: Մի աչքը չկար… Շատ ծանր էր նայել թթվի այրվածքներից աղճատված երիտասարդ դեմքին…
Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ ծծմբաթթվից վնասվել են տուժողի դեմքը, աչքերը, պարանոցը, վերին վերջույթները՝ մարմնի 20 %-ին 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքներ է պատճառվել:
Դեպքի արդյունքում ծծմբաթթվից վնասվել է նաև թթուն լցնողը՝ Աշոտ Սուքիասյանը: Նրա առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:
Մինչև տուժողի հարցաքննության անցնելը՝ մեղադրողը հրապարակեց գործում առկա մի քանի փաստաթղթեր, այդ թվում՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները:
Մեղադրողը հայտարարության կարգով հայտնեց նաև, որ տուժողի նկատմամբ քրեական գործ կա հարուցված՝ նախկին կնոջը ծեծելու մեղադրանքով: Այս գործի վարույթը սկզբում կարճվել էր, բայց նախկին կնոջ բողոքի հիման վրա քրեական գործը նորից հարուցվել է:
Տուժող Արտակ Ա.-ն ասաց, թե ցանկանում է ցուցմունք տալ: 36-ամյա Արտակն աշխատում է բանկում:
Նա հայտնեց, թե ամբաստանյալի դստեր հետ ամուսնացել է 2012 թվականին: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում 2014 թվականին ծնվել է իրենց դուստրը:
2015 թվականի հունվարի 13-ին ինքը կնոջն ու երեխային տարել է նրա հայրական տուն՝ իրենց տանը առաջացած իրավիճակի պատճառով՝ տատը հիվանդացել էր, ելումուտն իրենց տուն շատացել էր, բացի այդ շատացել էին նաև իրենց ներընտանեկան վիճաբանությունները:
Տատիկը մահացել է: Նրա քառասունքից հետո՝ փետրվարի երկրորդ կեսին ինքն ու կինը որոշել են վերջնականապես բաժանվել:
Տուժողը հայտնեց, թե չնայած բաժանությանը, ինքը հաճախ է այցելել իր դստերը, նրան դուրս է բերել զբոսանքի: Երեխայի հետ շատ կապված է եղել:
Նախկին կնոջ ընտանիքում, ըստ տուժողի, ինքն ամենալավ հարաբերությունների մեջ եղել է հենց նախկին աներոջ հետ: Նույնիսկ բաժանությունից հետո աներն իր հետ պայմանավորվել է, որ լավ հարաբերությունները պահպանեն: Դեպքից հինգ-վեց օր առաջ Աշոտն իրեն ասել է՝ դու լավ ընկեր ես, ուղղակի սենց ստացվավ: Ինքն էլ պատասխանել է՝ ոչինչ, լավ կլինի:
Ըստ տուժողի՝ եթե անգամ նախկին կինը կամ զոքանչը խոչընդոտներ են ստեղծել իր ու երեխայի հանդիպման համար, ինքը դիմել է Աշոտին, նա հարթել է: Վիճաբանությունների ժամանակ նա միջամտել ու իրենց հանդարտեցրել է…
Տուժողն ասաց, թե ինքն ամեն ամսվա 6-ին նվերով պարտադիր այցելել է երեխային, դա նրա ծննդյան օրն է:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում