Բազմաթիվ երկրների քաղաքագետներ, տնտեսագետներ եւ վերլուծաբաններ ավարտված այս օրը որակեցին որպես «սեւ երկուշաբթի»: Աշխարհի տարբեր ծայրերում՝ Շանջայից մինչեւ Նյու Յորք բորսաներում արժեթղթերի աննախադեպ անկում գրանցվեց, առաջատար միջազգային ընկերությունները հսկայական կորուստներ ունեցան...Աշխարհի առաջատար մասնագետները ենթադրություններ են անում, որ սա նոր համաշխարհային ճգնաժամի սկիզբն է եւ իրադրությունն առաջիկայում կարող է ավելի վատթար դառնալ, քան 2009 թվականին:
Եւ միայն Հայաստանի կառավարության ղեկավարներն ու անդամներն են վերջին շաբաթներին լավատեսական կանխատեսումներ անում մեր տնտեսության վերաբերյալ: Կարելի էր միայն ուրախանալ, բայց ինչ-որ ծանր հիշողություն անընդհատ պղտորում է ուրախությունը... Այն ժամանակ՝ 2009-ին էլ ինչ-որ մեկը, չեմ հիշում, թե ով, անհուն լավատեսությամբ ասում էր, թե համաշխարհային ճգնաժամը ոչ միայն կշրջանցի մեր հարազատ երկիրը, այլեւ նույնիսկ օգուտ կտա... Արդյունքում ունեցանք այնպիսի հրեշավոր տնտեսական անկում, ինչպիսին չգրանցվեց աշխարհի գրեթե ոչ մի երկրում... Երբեմն լավատեսությունը սարսափեցնում է...