Եվրոմիությունը Հայաստանից պահանջում է կրճատել ռուսական բիզնեսի ներկայությունը ռազմավարական ոլորտներում, խզել Ռուսաստանի հետ հումանիտար կապերը և ճնշել այդ քաղաքականությանը դեմ հանդես եկող ներքին ընդդիմախոսներին, հայտնել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի ծառայությունը։
ԱՀԾ-ում նշել են, որ Բրյուսելում գիտակցում են Հայաստանում տնտեսական ճգնաժամի անխուսափելիությունը, եթե Երևանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից։ Եվրոպայի շատ երկրներ արդեն ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար՝ ի վնաս սեփական արտադրողների։
«Միևնույն ժամանակ բրյուսելյան բյուրոկրատները կշարունակեն համոզել Երևանին իրենց անվերապահ աջակցության մեջ։ ԵՄ ներկայացուցիչները կոնկրետ օգնության տրամադրման ձգձգումները մտադիր են բացատրել նրանով, թե Եվրոմիությանը միանալու գործընթացն ամբողջությամբ կախված է Երևանից և եվրոինտեգրման ճանապարհին նրա «ձեռքբերումներից»։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի կառավարությունից արդեն իսկ պահանջում են կրճատել ռուսական բիզնեսի ներկայությունը ռազմավարական ոլորտներում, խզել Ռուսաստանի հետ հումանիտար կապերը և ճնշել այդ քաղաքականությանը դեմ հանդես եկող ներքին ընդդիմախոսներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։


