▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկեղեցու դեմ արշավի տակ թաքնված նպատակ կա

«Հրապարակ»-ը գրում է. «Թվում է` Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի շրջանակներում ԱԺ ՔՊ ֆրակցիան պետք է քննարկեր «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի փոփոխության հարցը, համաձայն որի՝ ՀՀ-ն ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում»: Սա նշանակում է, որ պետությունն ընդունում է եկեղեցու ինքնուրույնությունը, ինչը ենթադրում է նաև առաջնորդի ընտրության հարցում ինքնակառավարում։
ՀԱԵ բարձրագույն մարմինն Ազգային-եկեղեցական ժողովն է, որը և ընտրում է կաթողիկոս: Ընտրությունն անցկացվում է 3 փուլով: Առաջին փուլից հետո մնում են առավելագույն ձայներ ստացած 3 թեկնածուները, երկրորդ փուլից հետո՝ երեքից երկուսը, երրորդ քվեարկությամբ որոշվում է, թե ով կլինի կաթողիկոսը: Չնայած ՔՊ-ականները վերևից հրահանգ են ստացել՝ կատաղի մարտեր մղել հոգևոր դասի դեմ, մասնավորապես՝ կուսակրոնության թեմայով, սակայն մի ստվար զանգված մտահոգ է, որ Փաշինյանն այս աղմուկի տակ այլ` վտանգավոր հարցեր է ուզում լուծել։ Հասարակությանը նման թեմաներով հիասթափեցնելուց եւ նրա դիմադրողականությունը կոտրելուց հետո Փաշինյանը հնարավոր է ստորագրի «խաղաղության պայմանագրի» ալիևյան տարբերակը՝ կից լրացումներով, որոնց շարքում նաև 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանում վերաբնակեցումն է, այլ վտանգավոր պահանջներ»:

***

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն, ինչ չհաջողվեց 2018-ին, Նիկոլ Փաշինյանը փորձում է անել հիմա. «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը տապալելուց մոտ 8 տարի անց՝ Փաշինյանի թիրախում կրկին եկեղեցին է եւ Վեհափառը:

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը քննարկել են այն հարցը, որ չեն պատրաստվում նահանջել՝ եկեղեցուն ու Վեհափառին վարկաբեկելու, Գարեգին Բ-ին եկեղեցուց «հեռացնելու» հարցերում: Իշխանամերձ մեր աղբյուրները նշում են, որ այս պահին քայլեր են իրականացվում կոնկրետ միջոցներ նախաձեռնելու ուղղությամբ: Գործի կդրվի կոմպրոմատների զինանոցը, եւ օրենսդրական նախաձեռնություններ կարվեն՝ ըմբոստացող եկեղեցուց ազատվելու համար:

Մեզ փոխանցում են նաեւ, որ իշխանությունները կոմպրոմատներ են հավաքել Վեհափառի ու նրա շրջապատի մասին, որոնք պետք է օգտագործվեն նրանց դեմ: Դրանք անձնական բնույթի տվյալներ են, որոնք իշխանությունը վաղուց ունի իր ձետքի տակ, բայց պատրաստվում է հիմա օգտագործել: Նիկոլ Փաշինյանի թիմակիցները, որոնք նրա դիրքորոշումն արտահայտողներն են, այս օրերին շարունակելու են քննադատել եկեղեցուն, եկեղեցականների անձնական կյանքի վերաբերյալ վարկաբեկող հայտարարություններ անել, որպեսզի այդ կերպ ավելի ներազդեն հոգեւորական թեւի վրա: Ու դա էր պատճառը, որ երեկ՝ առավոտ կանուխ, Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյո՞ք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն»:

Իսկ փաշինյանական կայքերը կոնկրետ անուն էին հրապարակել, եւ պահանջ են ներկայացնում, թե Խաթուն Գրիգորյանցը եւ Գարեգին 2-րդը պետք է ԴՆԹ հետազոտութան ենթարկվեն. կասկածներ կան, որ նա Վեհափառի դուստրն է:

Կարճ ասած՝ անձնականն ու գործնականը միախառնվել են»։

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «(Մեջբերում)․ «Ձեզ ինչ կուսակրոնը խախտել է կուսակրոնության ուխտը, չի խախտել։ Ձեզ ինչ։ Դա ձեզ չի վերաբերվում։ Ոչ էլ կանոնագրքի հոդվածներն են ձեզ վերաբերվում» (մեջբերման ավարտ)։
Այս հայտարարության հեղինակը Միքայել Աջապահյանն է և նա այս հայտարարությունն արել է երեկ։ Սա ակնհայտ է դարձնում, որ բարձրաստիճան հոգևոր դասի մի հատվածը չի հասկանում, որ Հայ առաքելական եկեղեցին ժողովրդի եկեղեցին է, մեզնից յուրաքանչյուրի եկեղեցին, ժողովրդի սրբությունը, մեզնից յուրաքանչյուրի սրբությունը, ժողովրդի հոգու տունը, մեզնից յուրաքանչյուրի հոգու տունը։
Որպես Հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ, ով խոնարհվում է եկեղեցու առաջ, որպես մարդ, ով հավատում ու երկրպագում է Հիսուս Քրիստոսին, ասում եմ՝ Հայ առաքելական եկեղեցին մեր հոգու տունն է։
Իսկ դուք պղծում եք այդ տունը, կուսակրոնության ուխտը խախտելով, բայց ոչ միայն դրանով։ Կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները չեն կարող շարունակել իրենց հոգևոր ծառայությունը։ Նրանք պետք է ազատեն մեր հոգու տունը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more