Էդգար Ղազարյանին մեղադրանք են առաջադրել հրապարակային քննադատական խոսքի համար։ Քրեական հետապնդումը Էդգար Ղազարյանին լռեցնելու նպատակով է։ Այդ մասին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, Ղազարյանի նկատմամբ վարչական վերահսկողություն սահմանելու միջնորդություն է ներկայացվելու դատարան։
Մեղադրանքն հիմքում, ինչպես նշեց փաստաբանը, Էդգար Ղազարյանի քննադատություններն են, օրինակ՝ լայվերի՝ ուղիղ եթերների ընթացքում նրա կողմից հնչեցված արտահայտությունները, որ Սահմանադրական դատարանը չեզոքացրել է Անկախության հռչակագիրը, որի իրավունքը չուներ, իսկ այդ որոշումը կայացնող դատավորները կամ տգետ են կամ դավաճան։ Կամ՝ այն ատահայտությունը, որ Վահե Գրիգրյանը ապօրինի է դարձել ՍԴ դատավոր։
«Այսպիսի արտահայտություններ են՝ քննադատություն, որտեղ ոչ հայոհոյանք կա, ոչ վիրավորանք։ Քրեական հետապնդումը Էդգար Ղազարյանին լռեցնելու նպատակով է։ Ռեժիմը ձգտում է Էդգար Ղազարյանին զրկել հանրային խոսքի իրավունքից»,- ընդգծեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին հրավիրել են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին՝ հարցաքննության։
Հոդվածը, որով Ղազարյանին մեղադրանք են ներկայացրել, 2-5 տարի ազատազրկում է ենթադրում։