Շանթ Հարությունյանի դատական նիստի ժամանակ դատարանի բակում ի նշան բողոքի օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակած Հայկ Կյուրեղյանի համար մեղադրող Հարություն Սարգսյանը պահանջում է 14 տարվա ազատազրկում: Ըստ դատախազի` մեղադրանքները հիմնավորվում են հետազոտված և ձեռք բերված ապացույցներով:
«Դա պարզապես սադիզմ է, 14 տարով նույնիսկ սերիական մարդասպաններին չեն դատապարտում, իսկ Հայկն ընդամենն իր քաղաքացիական դիրքորոշումն էր արտահայտել` մի փոքր անսովոր ձևով: Նրան պետք է վարչական պատասխանատվության ենթարկեն, առհասարակ, ազատազրկման մասին խոսք չի կարող գնալ»,- Asekose.am-ին ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Փաստաբանի կարծիքով` տվյալ գործը քաղաքական բնույթ է կրում.
«Հայկը միայնակ տղա է, առանց քաղաքական օժանդակության և իր օրինակով «դաս են ուզում» տալ մյուսներին` ցույց տալով, թե ինչ կարող է լինել բողոքը նման ձևով արտահայտելու դեպքում: Քանի որ գործը քաղաքական բնույթ է կրում և մեղադրողը, և դատարանն ամբողջապես ձևական են, որոշումներն այլ տեղ են կայացվում... Իմ կարծիքով` Հայկին ազատազրկելու են 11-12 տարով: Անասելի դաժան վերաբերմունք է, իրավաբանություն այնտեղ չկա, սա պարզապես վրեժխնդրություն է»,-իր խոսքը եզրափակեց Տիգրան Աթանեսյանը:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան