ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27. ԳՆԴԱԿԱՀԱՐՎԱԾ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Թեպետ այսպես կոչված 3-րդ հանրապետությունը ստեղծվել է որպես ԽՍՀՄ-ի կազմում գտնված Հայկական ԽՍՀ գաղութի իրավահաջորդ և իր կարգավիճակով համակարգորեն երաշխավորված ռուսական կիսագաղութ, հայաստանյան պաշտոնական քաղաքական դասի մեջ մշտապես եղել է այդ կարգավիճակի հետ չհաշտվող և ինքնիշխանության համար պայքարողների շերտ։
Մինչ 1999 թ. հոկտեմբերի 27-ը Մոսկվան հետևել է այդ պայքարողներին և անհրաժեշտության դեպքում քայլեր է կատարել նրանց ազդեցությունը վերահսկելի դարձնելու ուղղությամբ։
1999 թ. խորհրդարանական ընտրությունների շնորհիվ այդ տեսակը հայտնվեց պետության ղեկին և դարձավ անվերահսկելի։
Հոկտեմբերի 27-ը նպատակ ուներ հիմնովին լուծել այդ պրոբլեմը և
երաշխավորված ձևով վերջ տալ Կրեմլի համար գլխացավանք դարձած ինքնիշխանության ձգտումներին։
Պետք է ընդունել, որ Հոկտեմբերի 27-ն իսկապես բավականին երկար ժամանակով՝ երկու տասնամյակով, Մոսկվայի համար լուծեց այդ պրոբլեմը։
Ոչ միայն պետության ղեկին հայտնվեցին ազգային դավաճաններ, այլև ամբողջ քաղաքական դասից գրեթե արմատախիլ արվեցին ինքնիշխանական մղումներ ունեցող գործիչները և Հայաստանը դրվեց դեպի դասական գաղութացման փակուղի վերադարձի ռելսերի վրա։
2016 թ. Ապրիլյան քառօրյայի, Սասնա Ծռերի ապստամբության և նրանց վառած կրակով բռնկված 2018 թ. համաժողովրդական քաղաքացիական Սարդարապատի շնորհիվ ազգային դավաճանների դասը հեռացվեց պետության ղեկից։
Պետության ղեկը կրկին հայտնվեց համակարգի ներսում գործող չափավոր ինքնիշխանականների ձեռքին։
Հիմա, երբ վերականգնվել է մինչ Հոկտեմբեր 27-ի վիճակը, կարիք ունենք ազգովին լրջանալու, մտածելու, համախմբվելու և, ամենակարևորը՝ գործելու, որպեսզի ոչ միայն կարճաժամկետ հեռանկարում բացառենք Հոկտեմբերի 27-ի կրկնությունը, այլև դուրս գանք գաղութային համակարգում կիսատ-պռատ ինքնիշխանության հասնելու անպտուղ դեգերումների փակուղուց և բռնենք իրական ինքնիշխանության հասնելու ուղին։
Չխաբե՛նք մեզ։
Քանի դեռ չկա նվազագույն իրական ինքնիշխանություն, Հոկտեմբերի 27-ը չի բացահայտվելու և ստվերի նման հետապնդելու է մեզ ու մնալու է որպես մեր պետականության գլխին դամոկլյան սրի պես կախված վերահաս վտանգ։
Վարուժան Ավետիսյան